«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2007-01-30 | #17, 2007-01-31 | #18, 2007-02-01


ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Microsoft-Ի ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Ստորագրեցին Բիլ Գեյթսն ու Կարեն Ճշմարիտյանը

Ինչպես տեղեկացանք առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունից, հունվարի 30-ի ուշ երեկոյան Էդինբուրգում առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ Microsoft («Մայքրոսոֆտ») կորպորացիայի նախագահ, աշխարհի ամենահարուստ մարդ ճանաչված Բիլ Գեյթսը ստորագրել են Հայաստանի կառավարության եւ Microsoft կորպորացիայի «Համագործակցության համաձայնագիր»: Համաձայնագրով կորպորացիան Հայաստանում կիրականացնի մի շարք ներդրումային, կրթական եւ ինովացիոն ծրագրեր: Մասնավորապես նախատեսվում է Հայաստանում ստեղծել «Մայքրոսոֆտ» նորարարական տեխնոլոգիաների կենտրոն (Microsoft Innovation Center):

Հայաստանի կառավարությունն իր հերթին պարտավորվել է օրենսդրության շրջանակներում ջանքեր գործադրել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի հեղինակային իրավունքի պաշտպանության ուղղությամբ եւ միջոցներ ձեռնարկել պետական կառավարման համակարգում Microsoft-ի օրինական ծրագրային փաթեթների կիրառման համար:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեռեւս 2006 թ. սեպտեմբերին Երեւանում տեղի ունեցած «Տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակի» շրջանակներում Հայաստանի վարչապետի եւ Microsoft ընկերության Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահի հանդիպման ժամանակ ռազմավարական համագործակցություն սկսելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Դրան հաջորդած բանակցությունների արդյունքում մշակվել է համաձայնագիրը եւ պայմանավորվածություն ձեռք բերվել այն ստորագրել Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում Microsoft կորպորացիայի կողմից կազմակերպվող «Եվրոպայի պետական առաջնորդների համաժողովի» ընթացքում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4