ՌԴ-ում քսենոֆոբիան անհրաժեշտ է արմատախիլ անել համատեղ ջանքերով
Հայաստանի հետ Ռուսաստանն ունի լավ հարաբերություններ ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ տնտեսական ոլորտում: Երեկ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանը փոխգործակցում է տնտեսական բազմաթիվ նախագծերում: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը ժամանակի հետ միայն կամրապնդվի:
Ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական են, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը բոլորի հետ է կառուցում գործընկերության հարաբերություններ, եւ որոշ երկրների հետ դրանք ավելի սերտ են: Մասնավորապես խոսքն ԱՊՀ երկրների մասին է, որոնցից, սակայն, Վրաստանի հետ, Պուտինի խոսքերով, Ռուսաստանը ոչ մի կերպ վերջին շրջանում չի կարողանում կարգավորել հարաբերությունները:
Վրացական խնդրի գազային ենթատեքստի առնչությամբ Պուտինը շեշտել է Հայաստանի օրինակը, որի պարագայում եւս կիրառվել են շուկայական գներ, սակայն դա խնդիրներ չի առաջացրել ռազմավարական գործընկերների միջեւ:
Ադրբեջանցի լրագրողիՙ Հայաստանի եւ Ադրբեջանի հակասությունների լուծմանը Ռուսաստանի հնարավոր աջակցության, նաեւ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների առկայության մասին հարցին Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ Հայաստանում ռազմաբազաները մնացել են դեռեւս Խորհրդային Միության ժամանակներից, եւ դրանք կան ոչ միայն Հայաստանում, այլեւ Տաջիկստանում, ընդ որումՙ այդ բազաների ռազմական ներուժն ուղղված չէ այդ տարածաշրջանի երկրների դեմ:
«Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի հակասություններին, ապա Ռուսաստանը փորձում է այդ երկրներին օգնելՙ գտնելու օպտիմալ որոշում, բայց այդ որոշումը պետք է ընդունեք դուք ինքներդ... Նաեւ, թեմայից շեղվելով, կուզենայի կամ հայերին, կամ ադրբեջանցիներին ցանկանալ վերականգնել Աղդամը: Այդտեղի պորտվեյնը միշտ մեծ ճանաչում ուներ նախկին ԽՍՀՄ-ում», պատասխանն այսպես եզրափակել է Վլադիմիր Պուտինը: Աղդամի պատկանելության առումով Պուտինի «անփույթ» մոտեցումն ադրբեջանական լրատվամիջոցներին ստիպել է հիստերիկությամբ հերթական անգամ խոսել սեփական քարոզչության դիրքերից:
Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, ժամեր տեւած ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինը պատասխանել է նաեւ Ռուսաստանում ազգայնամոլության, ֆաշիզմի ու այլատյացության դրսեւորումների մասին հարցերին: Պուտինը մասնավորապես նշել է, որ այդ խնդիրը մտահոգում է բոլորին, սակայն իշխանական համապատասխան մարմինները ոչ միշտ են համարժեք արձագանքում այդ դրսեւորումներին:
Այս երեւույթի պատճառները շատ են, եւ, ըստ Պուտինի, դրանց թվում են Խորհրդային Միության փլուզումից հետո որոշ սոցիալական խմբերի մեջ ձեւավորված վիրավորվածության զգացումը, գաղափարախոսական վակուումը, չկարգավորվածությունը: Ըստ Վլադիմիր Պուտինի, ամեն դեպքում այդ երեւույթներն անհրաժեշտ է արմատախիլ անել իշխանության եւ հանրության համատեղ ջանքերով:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ