«Բամբիռ» ռոք խմբի տղաներն ամեն ուրբաթ երգում են «Ուրբաթ» ակումբում: Արդեն երկար ժամանակ նրանց անունը չի հնչում հեռուստաեթերից, տեսահոլովակները չեն ցուցադրվում, ինչպես իրենք են ասումՙ «ընդհատակ են անցել», որովհետեւ չեն ուզում լինել հայկական շոուբիզնեսում, որը լցված է երգի պետական թատրոնի նույն դեմքերով ու նույնատիպ երգերով: Իրենք շարունակում են իրենց հայրերի երաժշտական ոճը, որը մասնագետներն անվանում են ֆոլկլորայինՙ դասականի եւ ժողովրդականի զուգորդմամբ: Նրանց խիստ յուրատիպ ոճը ընդգծված տարբերվում է հայաստանյան մյուս խմբերից: Դրա համար 2004 թվականի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում նրանք ճանաչվեցին տարվա լավագույն ռոք խումբը:
Հիմա իրենք հիմնականում նվագում են ակումբներում, ինչպես արդեն նշեցինք, «Ուրբաթ» ակումբում, որտեղ երեկ ասուլիս էին հրավիրելՙ խոսելու իրենց համար այսօր անչափ կարեւոր հարցիՙ Արեւմուտքում եւ Հայաստանում ռոք մշակույթի ընկալման տարբերության մասին: «Մեզ մոտ ռոքն անլուրջ, սատանիստական բան են համարում նույնիսկ ռոք լսողները: Դա անհեթեթություն է: Եվրոպայում բոլորովին այլ մոտեցում է, օրինակ, Մեծ Բրիտանիայում հասարակությունը «Բիթլզ» է լսում, որովհետեւ մարդկանց դա է մատուցվել: Իսկ Հայաստանը դարձավ անկախ պետություն, որտեղ պետք է ստեղծվեին իսկական արժեքներ, սակայն փոխարենը ասպարեզ եկան ինչ-որ անհեթեթություններ ու ձեւավորվեց մշակութային դիկտատուրա: Կարծում ենք, դա պետք է վերացվի: Մենք այստեղ ճանաչվելու խնդիր չունենք, մեր հիմնական նպատակը լավ երաժշտություն մատուցելով հասարակության պահանջները բարձրացնելն է», ասաց Նարեկ Բարսեղյանը:
Անցած տարի իրենք համերգների են մեկնել Մ. Նահանգներ, որտեղ «System of a down» հայտնի ռոք խմբի երաժիշտները նրանց ծանոթացրել են մի շարք պրոդյուսերների, մենեջերների հետ: «Մենք նվագում էինք ոչ միայն հայերի մոտ, այլեւ ամերիկյան ակումբներում: Օտարներն ասում էին, որ մեր ռոքը շատ յուրահատուկ է, հեթանոսական, անսովոր ու նոր իրենց ականջին: Բայց մենք չուզեցինք այնտեղ մնալ, որոշեցինք Հայաստան գալ ու ինչ-որ բան անել: Մեր օրերի մասին գրված հայերեն շատ երգեր ունենք, որ ուզում ենք այստեղ երգել եւ ինչ-որ բան փոխել: Խնդիրն այն չէ, որ մեզ այստեղ քիչ են լսում, այլ այն, թե ինչո՞ւ են մեր երկրում երաժշտական արժեքները սխալ ընկալվում: Մեր երգերն այստեղ սիրում են, բայց մեզ համար խնդիրը մեզ սիրել-չսիրելը չէ, այլ երաժշտական բարձր արժեքներ տարածելը»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ