«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2007-01-31 | #18, 2007-02-01 | #19, 2007-02-02


ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ

Ջիբրալթարի շախմատի մրցաշարում պարզապես հրաշալի է խաղում երեւանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում նա մրցում էր առաջատարի` Իվան Սոկոլովի հետ: Հակոբյանը մրցակցից հետ էր մնում կես միավորով եւ հաղթանակի դեպքում կարող էր շրջանցել նրան ու գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ի պատիվ իրեն, Հակոբյանը վերելքով անցկացրեց նաեւ այդ պարտիան եւ սպիտակներով անչափ կարեւոր հաղթանակ տարավ: Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերը վաստակել է 6,5 միավոր եւ Յուրի Կուզուբովի հետ գլխավորում է աղյուսակը: Հետաքրքրական է, որ վերջին տուրում նրանք հանդիպելու են միմյանց հետ եւ հենց այդ մրցախաղի ելքն էլ կարող է որոշել մրցաշարի հաղթողին: Վճռորոշ այդ պարտիայում Հակոբյանը խաղալու է սպիտակ խաղաքարերով:

12 շախմատիստ վաստակել է 6 միավոր եւ կրնկակոխ հետապնդում է առաջատարներին: Նրանց թվում է մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունեցող Մայքլ Ադամսը (2735), որը սեւերով ոչ-ոքի խաղաց Միխայել Գուրեւիչի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ 6-ական միավոր վաստակած Եֆիմենկոն ու Նակամուրան, Արեշնիչենկոն ու Սուտովսկին: Կուզուբովը հաղթեց Միլովին, Գեորգիեւը պարտության մատնեց Ռամեշին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4