Ռուսաստանի նախկին վարչապետ ակադեմիկոս Եվգենի Պրիմակովը իր վերջին հեռուստատեսային ելույթներից մեկում նշեց, որ նախագահի շատ հանձնարարություններ ենթակաները չեն կատարում: Որպես կոմունիստական քաղբյուրոյի նախկին անդամ նա վերհիշեց, որ անկարելի էր պատկերացնել, որ անտեսվեր գլխավոր քարտուղարի խոսքը. կատարողական մակարդակը այն տարիներին շատ բարձր էր:
Ահա եւ Ռուսաստանում շատերն էին սպասում հունվարի 15-ին: Այդ օրն ուժի մեջ էր մտնում «Մանրածախ շուկաների եւ Աշխատանքային օրենսգրքի մեջ փոփոխություններ մտցնելու մասին» օրենքը, որ ընդունվել էր նախագահ Պուտինի նախաձեռնությամբ: Ավելի պարզ ասած, խոսքը վերաբերում է երկրի շուկաներում օտարերկրացիների քանակը սոսկ 40 տոկոսի հասցնելու եւ արդեն ապրիլի 1-ին նրանց այդ ասպարեզից լրիվ վտարելու մասին: Եվ քանի որ սեւամազների ու նեղաչքանիների դեմ «խաչակրաց արշավանք» ծավալելու օգտին հանդես է գալիս Ռուսաստանի բնակչության 75 տոկոսը (ըստ սոցիոլոգիական հարցումների արդյունքների), ապա շատերի համար նույնիսկ հետաքրքիր է` գոնե այս «կենսական» հարցում կկատարվի՞ Պուտինի վճիռը:
Բնականաբար, նոր օրենքը խիստ հիվանդագին ընդունեցին ադրբեջանցիները, ընդսմին ոչ միայն Ռուսաստանում, այլեւ նրանց «մայր հայրենիքում»: Այն դիտվեց որպես խտրականություն:
Շուկաների «ազգայնացման» հետ կապված մտավախություն էր հայտնվում, որ դրանք «կնոսրանան» եւ կբարձրանան գյուղատնտեսական ապրանքների գները: Հատկապես իրավիճակի կտրուկ վատթարացում էր ակնկալվում Մոսկվայում եւ Պետերբուրգում, որտեղ ադրբեջանցիների գերիշխանությունը միանշանակ է:
Սակայն աղետալի ոչինչ տեղի չունեցավ: Շուկաներում իրոք ազատ տեղեր նկատվեցին, սակայն սկզբունքորեն ապրանքների գները չփոխվեցին: Կարելի է մտածել, թե օրենքն սկսեց գործել, մանավանդ որ խախտումների համար տուգանքները հսկայական են` 9 հազար դոլարից մինչեւ 29 հազար: Սակայն հրեշավոր կոռուպցիայի մեջ խրված Ռուսաստանի համար օրենքի ու կաշառքի հարաբերակցությունը «որպես օրենք» վերջինիս կողմն է: Համենայն դեպս կատարված բազմաթիվ ստուգումներից հետո չի արձանագրվել խոշոր տուգանքի որեւէ փաստ:
Ի՞նչ կարելի է սպասել այս նորամուծությունից: Անշուշտ Հեռավոր Արեւելքում եւ Սիբիրում իրոք կնվազի չինացիների ու վիետնամցիների քանակը. սրանք «իսկական» արտասահմանցիներ են եւ հազիվ թե կարողանան մինչեւ ապրիլի մեկը դառնալ Ռուսաստանի քաղաքացի: Ուրիշ է նախկին խորհրդայինների հարցը, որոնք ինչ-որ տեղ «սեփական» արտասահմանցիներ են: Իհարկե սրանց մի մասն էլ ստիպված կլինի լքել Ռուսաստանը, սակայն դժվար է հավատալ, որ, օրինակ, ադրբեջանցիները դյուրությամբ հրաժարվեն տարիների ընթացքում կազմակերպած իրենց բիզնեսից: Հայերի վիճակը կծանրանա շինարարական շուկաներում, որտեղ նրանք շատ ակտիվ են:
Ներգաղթողների գործը ինչ-որ տեղ հեշտանում է այն բանով, որ Ռուսաստանի հատկապես խոշոր քաղաքներում տեղացիները չեն սիրում աշխատել շուկաներում` հարգի գործ չէ եւ վարձատրվում է ցածր: Բացի այդ, կեսօրից հետո վերջիններիս մեծ մասն արդեն «զվարթ» տեսք է ունենում: Ուստի չի բացառվում, որ օգտվելով օրինական հաշվառման ներկայիս բավական լիբերալ հնարավորություններից (չթերագնահատելով, իհարկե, կաշառքի ուժը), շատ ներգաղթողներ առաջիկայում հայտնվեն ոչ թե վաճառասեղանի հետեւը, այլ... կողքը, իր տեղը «զիջելով» տեղացուն:
Դժվար է ասել, թե այս քայլը կնվազեցնի՞ այլատյացության եւ մասնավորապես կովկասատյացության մակարդակը Ռուսաստանում: Համենայն դեպս նորերս Նիժնի Նովգորոդի մարզում հայաստանցու սպանության գործով սկինհեդներին դատապարտելուց հետո նրանց տասնյակ «գործընկերները», վրդովված ու վիրավորված այդ «անարդարացի» դատաստանից, վրեժխնդիր էին եղել եւ ծեծել-կիսամեռ դարձրել... երեք ադրբեջանցու:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա