«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2007-02-01 | #19, 2007-02-02 | #20, 2007-02-03


ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ

«Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի երեք էջանոց նախագիծը (հեղ.ՙ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյան) Բաց հասարակության ինստիտուտի տրամադրած միջոցների շնորհիվ երեկ քննարկման եւ տարբեր կարծիքների արտահայտման առիթ դարձավ «Անի» հյուրանոցի սրահներից մեկում: Ըստ Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանի, որը նաեւ քննարկման կազմակերպիչն էր, օրենքի նախագիծը «խնդիրներ է առաջացնում հենց առաջին իսկ տողերից»: Մասնավորապես, բանախոսին բավականին անհանգստացրել էր, որ ՀՀ-ն ճանաչում է Հայ եկեղեցու «բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: «Եթե սա գրվեր անցյալ ժամանակով, ինչ-որ տեղ կարելի էր ընդունել, բայց երբ ներկայի եւ ապագայի համար է ընդունված, որոշակի խտրականություն է մյուս եկեղեցիների նկատմամբ», ասաց բանախոսը: Նրա խոսքերով, «կիսապետական» կարգավիճակի ապահովության ձգտող եկեղեցին պետք է իր ինքնավարությունից որոշակի զիջում անի պետությանը:

Բանախոսին զայրացրել էր նաեւ այն դրույթը, թե երեխաները պետք է դպրոցում Հայ եկեղեցու պատմություն ուսումնասիրենՙ կասկածելով դրանում նաեւ դավանանքի պարտադրում, որ ըստ էության անհիմն է, քանի որ վերոհիշյալ դասընթացի դասագրքերը պատմություն եւ բարոյական նորմերի մասին են բարբառում եւ ոչ թե դավանաբանական տարբերությունների քարոզ են: Ի դեպ, վերջինս, բազմաթիվ ծնողների եւ ուսուցիչների կարծիքով, խիստ տեղին կլիներ երեխաներին աղանդավորական որոգայթներից պաշտպանելու համար: Չգիտես ինչու, բանախոսը, որ այդքան մտահոգ էր երեխաների կրոնական դաստիարակության բազմազանությամբ, չհիշատակեց այն ուսուցիչներին, որոնց հոգեորսության պատճառով բազմաթիվ երեխաներ ինքնասպանության փորձեր են արել, վերջին դեպքն էլ 3 օր առաջ է տեղի ունեցել Լոռու մարզի Ջրաշեն գյուղում:

Փոխարենը «Հայ առաքելական եկեղեցին իրավունք ունի» արտահայտությունը որակվեց որպես պարտադրանք ի վնաս մյուս կրոնական կազմակերպությունների, որոնց մասին ի դեպ քննարկվող նախագծում որեւէ տող կամ տառ չենք տեսնում:

Քննարկման բնույթը բացի անհանդուրժողականությունից եկեղեցու իրավունքների եւ գործունեության կարգավորման դաշտերից, նաեւ ընտրովի այլ երկրների փորձի առատ հիշատակումներ էր պարունակում, «մոռանալով» եվրոպական շատ երկրների օրենսդրությունն ու փորձը:

Կազմակերպիչներն ավելորդ չհամարեցին հեռակա կարգով հիշեցնել Տ. Թորոսյանին, որ նա Եվրոինտեգրման հանձնաժողովի անդամ է եւ պետք է իմանա Եվրոպայի հանդեպ մեր ունեցած պարտավորությունները եւ ինչպես ամեն մի օրենքի նախագիծ եվրոպական օրենքի դաշտում, Վենետիկի հանձնաժողովի քննությամբ եւ համաձայնությամբ ընդունվի այս օրենքը: «Եթե այս օրենքը նույնիսկ ընդունվեր, միեւնույն է, գնալու էր բողոքարկվելու եվրոպական ինստանցիաներով», նշեց Բաց հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Մուշեղ Եկմալյանը: Ի դեպ, նա նշեց նաեւ, որ եվրոպական երկրներում արժեքների եվրոպական չափանիշների պարտադիր կիրարկումն ավելի թույլ է, քան դա պարտադրվում է այնտեղ նոր մուտք գործող երկրներին: Անշուշտ, արժեքավոր դիտողություն, որ ողջ քննարկման նպատակը հասկանալու ենթատեքստ կարող է լինել:

«Եկեղեցին ոչ միայն իրավաբանական անձ է, ինչպիսին հիմա դիտարկում եք, այլեւ երեւույթ, որի «ազգային» բնութագրիչը կասկածի տակ չի կարելի առնել», մասնավորապես նշեց Վարդան Ասծատրյանը: Նա նշեց, որ օրենքի նախագծում կան տեխնիկական թերություններ եւ կրկնողություններ: «Ցավոք սրտի, նախագիծը պետք է մեր հայ մտավոր ուժի արգասիք լիներ, բայց այդպիսին չէ: Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի միակ պահպանված ինստիտուտն է, սրան պետք է շատ լուրջ վերաբերվել», նշեց Վ. Ասծատրյանը, որի հետ համաձայն էին հատկապես կրթության նախարարության աշխատակիցները:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ.- Ցավալի է, որ նման պատվիրված քննարկումները չեն հակադարձվում թե՛ հոգեւորական մտավորականության (իսկ այդպիսին հաստատ կա), թե՛ պարզ հավատացյալների գործնական քայլերով: Բազմաթիվ ներքին ու արտաքին, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների շարքում սա էլ իր հերթին է ավերում հայի հոգեւոր հենարանը, հետեւաբար նաեւ` տունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4