«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2007-02-01 | #19, 2007-02-02 | #20, 2007-02-03


ԹՄՄ «ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸՙ 10-ՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Թեքեյան մշակութային միության «Մհեր Մկրտչյան» թատերախումբը (Նյու Յորք) ստեղծվեց 10 տարի առաջ, առաջին ներկայացումը « ...Եվ դարձյալ Պարոնյանը» բեմադրությունն էրՙ Սեդըլ Բրուքի բարեգործական կենտրոնի սրահում, որի բարերարներ տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանները այդ օրն ասացին. «Մեղք եղավ այս սրահն. հարգը չգիտցան: Բռավո՛, թեքեյանցիներ, բացիք ու վայելցուցիք»:

Թատերախումբը հայ բեմի մեծ վարպետիՙ Մհեր Մկրտչյանի անունը արդեն 10 տարի շարունակում է բարձրության վրա պահել: Թատերախմբի անդամները տաղանդավոր երիտասարդներ ենՙ հիմնականում Միջին Արեւելքի հայ գաղթօջախների բեմական փորձառությամբ, որ ավելի ուշ ամերիկահայ երիտասարդ սերնդի մեջ հետաքրքրություն առաջացրեցին եւ կապեցին նրանց թատերախմբին: Այս տարիներին բեմականացվել է 10 ներկայացում. վերջինըՙ Մորիս Հեննըքենի «Կանայք բնավ սուտ չեն խոսում» բեմադրությունն էրՙ 2006 թ. դեկտեմբերի 8-ին եւ 9-ինՙ Դուայթ Էնքլվուդի լեփ-լեցուն դահլիճում: Այս առիթով տպագրված հայտագիր-գրքույկը բովանդակում էր թատերախմբի հանձնախմբի ատենապետ Հակոբ Վարդիվառյանի «10-րդ տարվան սեմին մեր 10-րդ ներկայացումը» գրությունը:

Ներկայացման բեմադրիչը հիմնադիր անդամներից Հարութ Չաթմաճյանն է, որի նախորդ գործըՙ Ռոբեր Թոմայի «Ծուղակը», ներկայացվել էր Նյու Ջերսիում, Բոստոնում, Մոնրեալում, Ֆիլադելֆիայում եւ ունեցել հաջողություն:

Վերջին բեմականացման հետաքրքրական սյուժեն եւ գլխավոր դերակատարիՙ Ջիմի Սքոթ-Հարութ Չաթմաճյանի դինամիկ խաղը հանդիսականին կարողացել է պահել անընդհատ լարվածության մեջ:

Մնացած դերակատարումները եւս մեծ բավարարություն են պատճառել հանդիսատեսինՙ Հարութ Թավգորյանը, Դալար Զաքյանը, Ռիտա Գայվեճյանը, Թալին Ժամկոչյանը, էպիզոտիկ դերակատարումներովՙ Վահիկ Շնորհոքյանը, Վիգեն Տեմիրճյանը, Սարո Թովմասյանը, ավելի երիտասարդներ Նանոր Հարությունյանն ու Էլիսա Ադամյանը:

Խմբի հաջողությունները պայմանավորված են նաեւ բեմադրիչի օգնական Դալար Շեշեթյան-Սարաֆյանի, բեմահարդար Թալին Ժամկոչյանի, լուսաձայնային տեխնիկայի պատասխանատուՙ Լարա Մկրտչյանի, ինչպես նաեւ Մարի Զոքյանի, Շնորհիկ Մինասյանի, Մարո Հաճաքյանի նվիրված աշխատանքով:

Հանձնաժողովի ատենապետ Հակոբ Վարդիվառյանը հույս է հայտնել, որ Թեքեյան մշակութային միության 60-ամյակի առիթով թատերախումբը հանդես կգա Հայաստանում, Մայր թատրոնի բեմահարթակում:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4