Տիգրան Սարգսյանը խոսեց ոչ միայն դրամավարկային քաղաքականության ծրագրի մասին
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
2007 թ.-ի դրամավարկային քաղաքականության ծրագիրը երեկ ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա համառոտ անդրադարձավ այդ փաստաթղթի առանձնահատկություններին, առաջինը ներկայացնելով գնաճի ցուցանիշը, որն անցյալ տարի կազմել էր 5,2 տոկոս: Նշվեց, որ այսուհետեւ գնաճը ծրագրվելու է ոչ թե մեկ, այլ երեք տարվա կտրվածքով: 2007 թ.-ի համար նախատեսվում է 4 տոկոս, իսկ 2008 թ.-ին 3 տոկոս: Նախատեսվում է նաեւ ծրագրվածից 1,5 տոկոսի միջանցքՙ բարձր կամ ցածր լինելու հնարավորությամբ:
ԿԲ նախագահն ընդգծեց, որ գնաճը շատ չի մեղմվի, նկատի ունենալով բարձր տնտեսական աճը շինարարության եւ սպասարկման ոլորտներում, քանի որ դա բերում է դրամի առավել արագ արժեւորման, որը բացասական ազդեցություն է թողնում արտադրության վրա: Միաժամանակ ավելի բարձր գնաճի ցուցանիշներ էլ չեն սահմանվում, որովհետեւ հասարակությունը գտնում է, որ այն բարձր է:
2007 թ.-ի հիմնական առանձնահատկությունը լինելու է գնաճի նպատակադրման ռազմավարությունը: Ինչպես նշեց Տիգրան Սարգսյանը, դա նշանակում է, որ ԿԲ-ն գնաճը կարգավորելու է ոչ թե դրամական զանգվածի եւ դրամական բազայի միջոցով, այլ ռեպո տոկոսադրույքների:
Բանկային համակարգի մասին խոսելով, ԿԲ նախագահը մատնանշեց այստեղ սպառողների վստահության բարձրացման անհրաժեշտությունը: Այսինքն, այն տոկոսադրույքները, որ բանկերը ներկայացնում են հասարակությանը, պետք է լինեն իրական: Առաջարկվել է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի բանկերի բոլոր ծառայությունների տեսակները եւ սակագները պետք է հրապարակվեն մեկ փաթեթով եւ հասանելի լինեն ամբողջ Հայաստանի տարածքում: Պետք է հրապարակվեն նաեւ այն պատժամիջոցները, որոնք կիրառվելու են բանկերի նկատմամբ: Դա միաժամանակ կբարձրացնի հասարակության վերահսկողությունը ԿԲ նկատմամբ եւ կնպաստի բանկերի գործունեությունը ավելի թափանցիկ դարձնելուն:
Ապահովագրական դաշտում ներդրվելու են եվրոպական ստանդարտներն ու չափանիշները: Այդ նպատակով կառավարությունն արդեն հաստատել եւ Ազգային ժողով է ուղարկել «Ապահովագրության մասին» նոր օրենքի նախագիծը:
Այս տարի ներկայացվելու է նոր օրենսդրական փաթեթ արժեթղթերի շուկայի կարգավորման վերաբերյալ: Համաձայն դրա, ինքնակարգավորվող բորսայի եւ դեպոզիտարիայի փոխարեն ունենալու ենք եվրոպական մոդելիՙ մասնավոր բորսա: Այդ նպատակով բանակցություններ են վարվում «Օէմէքս» ընկերության հետ, որին պատկանում է Ստոկհոլմի բորսան: Այն անցումային երկրներում աշխատելու փորձ ունի: Առաջին փուլում նախատեսվում է հայաստանյան 35 ընկերությունների, որոնք ցանկություն են հայտնել գործելու թափանցիկ, բաժնետոմսերը տեղաբաշխել բորսայում եւ ձեռք բերել էժան ֆինանսական միջոցներ:
«Բորսայում բաժնետոմսերի ազատ տեղաբաշխման վերաբերյալ ձեռնարկությունների սեփականատերերը մտավախություն էին հայտնում, որ դրանք ձեռք կբերեն եւ իրենց ձեռնարկություններին կտիրանան ստվերում գործող խոշոր ներկրողները: Այդ մտավախություններն արդարացվա՞ծ են»: «Ազգի» այս հարցին պատասխանելով, Տիգրան Սարգսյանն այն համոզմունքը հայտնեց, որ այդ մտավախություններն արդարացված չեն, քանի որ նախատեսվում է, որ այդ 35 ձեռնարկությունները կթողարկեն իրենց բաժնետոմսերի 25 տոկոսի չափով նոր բաժնետոմսեր: Հետագայում, եթե կարիք լինի, դա կհասցվի մինչեւ 49 տոկոսի, բայց ոչ 51 տոկոսի: Միաժամանակ բորսայում գնանշումը կբարձրացնի այդ ձեռնարկությունների շուկայական արժեքներըՙ մինչեւ 20 անգամ:
Մեր մյուս հարցն առնչվում է կենսաթոշակային բարեփոխումներին, որոնց իրականացումը նախապես հայտարարված 2008 թ.-ի հունվարի 1-ից, հետաձգվեց մեկ տարով: Ո՞րն էր դրա պատճառը: ԿԲ նախագահն այս ոլորտի բարեփոխումները համարեց ամենաբարդը, քանի որ դա առնչվում է հասարակության բոլոր խավերին: Դրա համար պետք է տեղի ունենան հրապարակային քննարկումներ: Նախատեսվում էր, որ նոր համակարգը պետք է սկսեր գործել 2008 թ.-ից, բայց 2007 թ.- վերջին ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների պարագայում, 2008 թ.-ին այն կյանքի կոչելը «կարող էր ռիսկային լինել»:
Բանկային համակարգում, ըստ ԿԲ նախագահի, 2006 թ.-ին ամենամեծ փոփոխությունը «Կրեդիտ ագրիկոլի» մուտքն էր Հայաստան: Դա ստիպեց մյուս բանկերին եւս մրցակցությանը դիմանալու համար փոխել իրենց ռազմավարությունը եւ ներգրավել ինստիտուցիոնալ ներդրողների: «Ինեկո» բանկում դա IFC-ն էր, «Հայէկոնոմբանկում»ՙ Եվրոբանկը: Վերջինիս հետ բանակցություններ են վարում եւս երկու հայկական բանկեր: Երկու գերմանական բանկեր նույնպես բանակցություններ են վարում Հայաստանի բանկային համակարգում մասնակցության համար: Այս երեւույթին, ըստ Տիգրան Սարգսյանի, նպաստել է HSBC-ի ագրեսիվ վարկային քաղաքականությունը:
Գերիշխող դիրքի չարաշահումներ եւ հակամրցակցային համաձայնություններ թույլ չտալու համար հարկ է համապատասխան հանձնաժողովին տալ անհրաժեշտ գործիքները: Սակայն Կենտրոնական բանկի նախագահի կարծիքով, այստեղ հարցը պետք է ինստիտուցիոնալ լուծում գտնի, քանի որ խնդրի հիմնական պատճառը ստվերային տնտեսության բարձր տեսակարար կշիռն է: Այդ խնդրի հաղթահարման նպատակով կառավարության հետ համատեղ մշակվել են համալիր միջոցառումների ցանկ, որոնք կնպաստեն անկանխիկ գործունեության ավելացմանը եւ դոլարիզացիայի նվազմանը: Մասնավորապես խոշոր խանութներին պարտադրվելու է անկանխիկ առեւտուր իրականացնել, խանութներին են մատակարարվելու նոր տերմինալներ, ներդրվելու են բանկոմատներ, որոնք կիրառելու են ավտոմատ փոխանցումներ: Ձեռնարկություններին նույնպես արգելվելու է որոշակի գումարից ավելի կանխիկ գործառնություններ իրականացնել: «Տոնավաճառներին, որոնք գրեթե ամբողջությամբ ստվերում են, այդ միջոցառումները նույնպե՞ս առնչվելու են» մեր հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, որ ինքը կողմնակից է դրան, բայց նշեց, որ դա ցավոտ խնդիրներից է եւ կառավարությունը պետք է լուծի այն:
Մասնավոր փոխանցումներն, ըստ Տիգրան Սարգսյանի, այս տարի կավելանան 15-20 տոկոսով: Դրանք հիմնականում գալիս են Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, բայց ոչ կանոնավոր ձեւով անցյալ տարի եկել են նաեւ Իրանից եւ Լիբանանից: Մասնավոր հոսքերի ավելացմամբ պայմանավորված, արժեւորման կտրուկ տեմպերը կանխելու համար ԿԲ-ն թողարկելու է լրացուցիչ պարտատոմսեր: Նշվեց նաեւ, որ այս տարի բյուջեի հաշվարկային փոխարժեք չի ընդունվելու: Ամրագրվելու է բյուջեի ընդունումից մեկ ամիս առաջ եղած փոխարժեքը, եւ ԿԲ-ն կառավարության ծախսերն ու եկամուտներն ապահովելու է այդ փոխարժեքով: ԿԲ նախագահի կարծիքով, նույնը բանկերը պետք է կատարեն իրենց հաճախորդների համար:
Արտաքին առեւտրի հաշվեկշռին անդրադառնալով, Տիգրան Սարգսյանը կարեւորեց դրա կառուցվածքը: Նրա կարծիքով արտահանման մեջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում: Նվազել է այն ապրանքների արտահանումը, որոնք մրցակցում են չինական եւ հնդկական ապրանքների հետ: Աճել է նրանց արտահանումը, որտեղ ունենք համեմատական առավելություններՙ քիմիա, հանքարդյունաբերություն եւ որոշ չափով մեքենասարքավորումներ: Ներմուծման մեջ ավելացել են նոր տեխնոլոգիաները, ինչը նշանակում է, որ քիմիայում եւ հանքարդյունաբերության մեջ առաջիկա տարիներին կունենանք մեծ աճ: ԿԲ նախագահն այս առումով կարեւորեց «Նաիրիտի» եւ Վանաձորի «Քիմպրոմի» վերագործարկումը, որի հաջող իրականացման դեպքում այդ ձեռնարկություններից յուրաքանչյուրն իր հետ կաշխատեցնի եւս 100 ձեռնարկություններ: Թվարկված ոլորտներն, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներն ու գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը այն ճյուղերն են, որոնք հեռանկարային են մեզ համար եւ մրցունակ արտաքին շուկայում: