«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2007-02-02 | #20, 2007-02-03 | #21, 2007-02-06


ԳՐԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆՆ ՈՒՆԵՑԱՎ 500 ՆՎԻՐԱՏՈՒ

Հանգանակվեց մոտ 140 հազար դոլար

Համահայկական գրական հիմնադրամի կիրակնօրյա հեռուստամարաթոնում հանգանակվեց մոտ 140 հազար դոլար: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի ասելով, ամենախոշոր գումարը ՙ 50 հազար դոլար, հիմնադրամը ստացել է Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանից, եւս 18 հազար դոլար նա հատկացրել է միության մրցանակային ֆոնդին:

«Ազգի» հետ հեռախոսազրույցում Անանյանն ասաց, որ հեռուստամարաթոնին մասնակցել է մոտ 500 նվիրատու. «Աննախադեպ ակտիվություն էր թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքիցՙ հատկապես Իրանից, Բեյրութից, Կանադայից, Մ. Նահանգներից: Մարաթոնը շատ լավ անցավ, մեծ թվով մասնակիցներ ունեցավ գրեթե բոլոր խավերից, ընդլայնվեց նաեւ աշխարհագրությունը: Դա նշանակում է, որ գրականության կշիռն ու ներկայությունը մեծանում է մեր ժողովրդի հավաքական գիտակցության մեջ եւ կամաց-կամաց կարողանում ենք մեր նպաստը բերել սերնդի գրագիտության ռազմավարական խնդրի լուծմանը»:

Հանգանակված գումարը կօգտագործվի մեր գրականության լավագույն նմուշները օտար լեզուներով թարգմանելու, գրական մամուլին օգնելու, գրողների սոցիալական վիճակը բարելավելու, միության մրցանակային ֆոնդը համալրելու եւ այլ միջոցառումներ իրականացնելու համար: Գրողների միությունն ունի շուրջ 10 գրական պարբերական, Անանյանի ասելով, բոլորն էլ օգնություն կստանան, որպեսզի «պետպատվերի հետ կարողանան իրենց պահել ու պարբերաբար հրատարակվել»: Մեր կողմից նշենք, որ «Արտասահմանյան գրականություն» ամսագիրն անցած տարի բավականին վատ վիճակում էր. 2004 թվականից տարեկան 4 անգամ լույս տեսնող այս ամսագիրը, որտեղ տպագրվում են օտար եւ հայ գրողների հրաշալի գործեր բարձրորակ թարգմանությամբ, անցած տարի հրատարակվեց միայն մեկ անգամՙ1-2 միացյալ համարով:

Մի քանի օրից գրողների միությունը կշնորհի իր ամենամյա մրցանակներըՙ 7 անվանակարգերով: Հունիսին կանցկացնի ռուս գրականության, իսկ տարեվերջինՙ վրաց գրականության օրերը Հայաստանում:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4