«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2007-02-03 | #21, 2007-02-06 | #22, 2007-02-07


ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱԶՆԻՎ ԼԻՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Միեւնույն ժամանակ ԱՄՆ վարչակարգը փորձում է տարհամոզե՞լ Կոնգրեսին

Փետրվարի 4-ից ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հրավերով Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը գտնվում է Վաշինգտոնում` մինչեւ փետրվարի 8-ը: Ինչպես արդեն նշել է «Ազգը», Թուրքիայի արտգործնախարարի այցելությունն ու հանդիպումները Միացյալ Նահանգների ղեկավարության հետ լարված բնույթ են կրում: Ուստիեւ սպասելի էր, որ այցելության առնչությամբ թուրքական տարբեր թեմաների մեկնաբանություններ ու դրանց առնչությամբ հայտարարություն կարվեն:

Գյուլի այցելության նախօրեին, Մեդիամաքս գործակալության հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե քաղաքական կամ դիվանագիտական հայտարարությունները 1915 թվականի ահավոր իրադարձությունների մեկնաբանման հարցը լուծելու հարմար միջոց չեն:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի համոզվածությամբ, 1915 թվականին տեղի ունեցածն ահավոր ողբերգություն էր: Միեւնույն ժամանակ, ըստ Մեթյու Բրայզայի, հարցն ունի այնքան շատ կողմեր ու տեսակետներ, որ քաղաքական գործիչները չեն կարող ապահովել արդարությունը` պարզապես որակում տալով: «Մենք կցանկանայինք, որ կրթված մարդիկ, պրոֆեսորները, փիլիսոփաները, պատմաբանները հնարավորություն ստանային շարունակական եւ անկողմնակալ բանավեճ վարել տեղի ունեցածի արմատների մասին, ինչը թույլ կտար Թուրքիայի եւ Հայաստանի հասարակություններին հաշտվել իրենց անցյալի եւ միմյանց հետ»: Քաղաքական որոշումների տարբերակով, ամերիկացի դիվանագետի մոտեցմամբ, հարցին լուծում տալ հնարավոր չէ:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր դերակատարումներին` Բրայզան նշել է, որ անգամ այդ կտրվածքով ցանկալի է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավման քայլեր ձեռնարկվեն: Դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է բոլորի համար շահավետությամբ` եւ թուրք գործարարների, եւ տարածաշրջանային կայունության եւ խաղաղության առումով: Որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավոր քայլեր` Բրայզան նշել է Թուրքիայի եւ Հայաստանի կառավարությունների` պատմական հանձնաժողովներ, դիվանագիտական բանավեճեր ունենալու խոսակցությունների մասին: «Հրանտ Դինքի ողբերգական սպանությունից հետո Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի շուրջը բանավեճն էլ ավելի ինտենսիվ բնույթ ստացավ: Մենք հասկանում ենք, որ թուրքական կառավարության համար բարդ է պարզապես չեղյալ հայտարարել այդ հոդվածը` ելնելով քաղաքական իրողություններից: Սակայն հիանալի կլիներ, եթե 301-րդ հոդվածի հարցը հանվեր օրակարգից, քանի որ այն առիթ է Թուրքիային քննադատելու համար», նշել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը:

«Մենք Թուրքիայի բարեկամն ենք: Հույս ունենք, որ Թուրքիան համարում է մեզ աշխարհում իր ամենամերձավոր բարեկամներից մեկը: Այս ոգով մենք ցանկանում ենք անել ամեն հնարավորը Թուրքիայում հանդուրժողականության ավանդույթներին եւ բոլոր էթնիկ ու կրոնական համայնքների համագոյակցությանն աջակցելու համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհը եւ հատկապես Եվրոպան հասկանան, թե ինչպիսի՞ ուժեղ ավանդույթներ ունի Թուրքիան: 301-րդ հոդվածը դեռեւս դժվարացնում է այդ հարցը: Այն մագնիսական ազդեցություն ունի Եվրոպայի մտածելակերպի վրա եւ ստիպում է բոլորին կենտրոնանալ այդ հարցի, եւ ոչ թե Թուրքիայի ողջ պատմության վրա», հայտարարել է Մեթյու Բրայզան:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան, ըստ թուրքական հանրային հեռուստատեսության, «Ասոշիեյթեդ պրեսին» նաեւ հայտարարել է, թե Վաշինգտոնի վարչակարգը ցեղասպանության բանաձեւը խոչընդոտելու նպատակով լուրջ աշխատանքներ է կատարում Կոնգրեսի անդամների հետ: Ըստ թուրքական աղբյուրի, ենթադրվում է, որ պաշտոնական Վաշինգտոնը այս կապակցությամբ երաշխիքներ կտա ԱՄՆ-ում պաշտոնական այցելությամբ գտնվող Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին:

Աբդուլլահ Գյուլ-Կոնդոլիզա Ռայս հանդիպման նախօրյակին թուրքական «Միլիեթ» թերթին տված հարցազրույցում Բրայզայի խոսքերին նոր հայտարարություններ է հավելել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Դենիել Ֆրիդը` ասելով, որ թուրքերը 301-րդ հոդվածի կարիքը չունեն: Ֆրիդն անդրադարձել է «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք» կարգախոսին եւ նշել, որ դա թուրքերին չի նսեմացնում:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը պահանջել է Թուրքիայից ձեռք մեկնել Հայաստանին, ապա նաեւ արծարծել ԱՄՆ Կոնգրեսում քննարկման դրված Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցը: Հարցի առնչությամբ Ֆրիդը նշել է. «Մենք Կոնգրեսին ամեն կերպ բացատրելու ենք, որ այս բանաձեւը չի նպաստի Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացին: Հայաստանն ու Թուրքիան պետք է վերանայեն իրենց ընդհանուր պատմությունը: Թուրքիան ուշադիր պետք է լինի սեփական պատմության նկատմամբ: Դրա համար անհրաժեշտ է խրախուսել Թուրքիային: Ի՞նչ կարող է անել Թուրքիան: Ըստ իս, Թուրքիան իր բարօրության համար սեփական պատմության նկատմամբ ազնիվ պետք է լինի, այլ ոչ թե նրա համար, որ դա պահանջում է Կոնգրեսը»:

Խոսելով Հրանտ Դինքի սպանության եւ դրա հետեւանքների մասին` Դանիել Ֆրիդը կարծիք է հայտնել. «Ես կարծում եմ, Թուրքիան Հայաստանին ձեռք մեկնելու համար հանուն Դինքի հիշատակի արտակարգ քայլեր պետք է կատարի»: «Դինքը Թուրքիայի հպարտ քաղաքացին էր եւ հայ ժողովրդի ներկայացուցիչ», նշել է Ֆրիդը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4