«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2007-02-03 | #21, 2007-02-06 | #22, 2007-02-07


Microsoft-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐՈՒՄ

Ասաց ընկերության ներկայացուցիչը Հայաստանում

Բիլ Գեյթսի եւ Կարեն Ճշմարիտյանի ստորագրած համաձայնագրով, Microsoft-ը Հայաստանում իրականացնելու է երեք խումբ ծրագրեր: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց այդ ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: Առաջին ուղղությունը կրթական ոլորտի աջակցությունն է: Microsoft-ը Հայաստանին կտրամադրի հայերեն թարգմանված բոլոր այն ծրագրային փաթեթները, որոնք անհրաժեշտ են կրթական նպատակներով օգտագործելու համար: Դրանք մատչելի գներով կտրամադրվեն դպրոցներին եւ համալսարաններին, իսկ բոլոր ուսանողներն ու դասախոսները հնարավորություն կունենան անվճար օգտվելու Microsoft-ի ծրագրերից տանը: Ընկերությունը Հայաստանում կստեղծի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան:

Աշխարհահռչակ ընկերության Հայաստանում իրականացնելիք երկրորդ խումբ ծրագրերը էլեկտրոնային կառավարման ոլորտից են: Երրորդը աջակցությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղին: Microsoft-ն իր փորձն ու գիտելիքները կհաղորդի տեղական ընկերություններին, ինչպես նաեւ մարկետինգային աջակցություն կցուցաբերի նրանց: Նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում կծանոթացնեն ընկերության ծրագրերին:

Ներկայումս Microsoft-ի աջակցությամբ Windows XP ծրագիրն է թարգմանվում հայերեն, մինչեւ այս տարվա ամառ հայերեն կթարգմանվեն Windows Vista-ն, իսկ մինչեւ տարեվերջՙ նաեւ office2007 ծրագրերը:

Հայաստանի կառավարության հիմնական պարտավորությունը պետք է լինի պաշտպանել հեղինակային իրավունքը եւ գնել միայն լիցենզավորված համակարգեր:

Հնարավո՞ր է արդյունավետ պայքար «պիրատության» դեմ: Այս հարցին պատասխանելով, Գրիգոր Բարսեղյանը հայտնեց, որ դրա դեմ պայքարելու համար էլ ընկերությունն աջակցում է կրթական համակարգին, մասնավորապես հնարավորություն տալիս ընկերության ծրագրերից անվճար օգտվել ուսանողներին եւ դասախոսներին: Նա տեղեկացրեց, որ Microsoft-ն իր ներկայացուցչություններն ունի ԱՊՀ 4 երկրներում: Առաջինը բացվել է Ռուսաստանում, որտեղ պիրատությունը շուկայում 90 տոկոս էր կազմում: Այժմ այդ ծավալը նվազել է եւ կազմում է մոտ 70 տոկոսը: Գրիգոր Բարսեղյանը հայտնեց նաեւ, որ ընկերության ծրագրերով համակարգիչները կլինեն Հայաստանում դիլեր ընկերությունների կողմից վաճառվող բոլոր համակարգիչներում եւ այդ նպատակով խորհուրդ տվեց գնել նոր համակարգիչներ:

«Ազգի» հարցն ուղղված Գրիգոր Բարսեղյանին հետեւյալն էր. «Microsoft-ը չի՞ պատրաստվում բիզնեսՙ ենթադրենք համակարգիչների արտադրություն սկսել Հայաստանում»: Ընկերության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ սկզբնական շրջանում Microsoft-ը ծրագրում է աջակցել տեղական ընկերություններին, բայց բիզնեսի հեռանկարը Հայաստանում ընկերությունը տեսել է, դրա համար էլ որոշել է մուտք գործել մեր երկիր:

Իսկ մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ ծրագրեր է իրականացնում Microsoft-ն Ադրբեջանում, Գրիգոր Բարսեղյանը պատասխանեց, որ Հայաստանում եւ Ադրբեջանում ընկերությունը գրասենյակներ բացեց գրեթե միաժամանակ եւ երկու երկրներում էլ գործընթացը գնում է զուգահեռաբար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4