«1975 եւ 1984 թվականներին, երբ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության համանման բանաձեւերին եւ երբ նախագահ Ռեյգանը 1981 թ. ուղերձում օգտագործեց Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը, Թուրքիան խելացիորեն ընտրեց հակաամերիկյան սպառնալիքներով հանդես չգալու ճանապարհը», «Լոս Անջելես թայմսի» խմբագրին ուղղված նամակում նշում է «Կալիֆոռնիա կուրիերի» խմբագիր Հարութ Սասունյանը:
Ըստ նրա, այն ժամանակ Անկարան գիտակցում էր, որ Թուրքիան ավելի շատ ունի ԱՄՆ կարիքը, քան հակառակը: «Եթե թուրք առաջնորդները չշարունակեին Հայոց ցեղասպանությունը ժխտելը, կարիք չէր լինի տարեցտարի նման բանաձեւեր անցկացնել: Թուրքիայի ղեկավարները հիմարաբար փորձում են կոծկել արդեն գոյություն չունեցող Օսմանյան կայսրության գործած ոճրագործությունները: Նրանք պետք է դատապարտեն Հայոց ցեղասպանությունը գործածներին, ինչպես գերմանացի առաջնորդները դատապարտում են նացիստների իրագործած Հոլոքոսթը»:
Նամակին ի պատասխան «Լոս Անջելես թայմսի» խմբագիր Քրիս Քրիսմանը նշում է, որ մոտ մեկ դար է անցել Հայոց ցեղասպանության իրագործումից, որի վկան են եղել ամերիկացի դիվանագետներ եւ նավաստիներ, սակայն մեր կառավարությունը չի կարողանում հասնել «ցեղասպանություն» բառի օգտագործմանը: «Մենք երդվում ենք «այլեւս երբեք», բայց դրանք լոկ բառեր են Սուդանում, կհամարձակվեի ասել նաեւ Իրաքում, ցեղասպանությունների ներկա զոհերի համար»:
Ա. Հ.