ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ Ազգային ժողովի դատարկ դահլիճում քննարկվեց ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը, որով նաեւ նախատեսված է հոդված «Երկքաղաքացիություն» վերնագրով: Սա փաստորեն երկար սպասված երկքաղաքացիության մասին նորմն է, որի շուրջը շատ դեմ եւ կողմ տեսակետներ են հայտնվել տարբեր դահլիճներում, սակայն այն ընդունելու պահը հիմա է, քանի որ փոփոխված սահմանադրությունն է պահանջում դա: Ըստ դրաՙ այլ երկրի քաղաքացին կարող է դառնալ ՀՀ քաղաքացի` ունենալով ՀՀ քաղաքացու համար սահմանված բոլոր իրավունքներն ու պարտականությունները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այս հոդվածը տարածվում է 1995 թվականի հունվարի մեկից հետո առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս եկածների կամ հրաժարվածների վրա: Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվելու պարտադիր զինծառայությունից, իսկ ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինծառայությունից, եթե մինչեւ ՀՀ քաղաքացիություն ընդունելը 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ 18 ամսվա այլընտրանքային զինծառայություն է անցել: Կսահմանվի նաեւ այն պետությունների ցանկը, որտեղ անցած զինծառայությունը մեզ համար ընդունելի չէ: Օրինագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց պատգամավորների հարցերի ձեւով հնչած մտահոգություններին: Դրանք ավելի շատ վերաբերում էին մոտեցող ընտրություններին եւ այնտեղ այս նոր ռեսուրսի օգտագործվելուն այս կամ այն ուժի կողմից: Բայց հիմնական զեկուցողը կանխեց` ՀՀ տարածքից դուրս երկքաղաքացիների ընտրական իրավունքը չի տարածվում, իսկ նոր ընտրական օրենսգրքում կան մեխանիզմներ, որոնք կանոնակարգում են երկքաղաքացիների` ընտրություններին մասնակցելու կերպը: Հոդվածին ներկայացվող օրախնդիր հարցերից մեկն էլ ձեւակերպեց ԱԺ նախագահը` ո՞վ է կազմելու այդ մարդկանց ընտրացուցակները, ի՞նչ սկզբունքով, որքա՞ն մարդ կվերադառնա: Այս հարցերի պատասխանները երեկ արդարադատության նախարարը թեեւ տվեց, բայց հարցի քննարկման շարունակությունն այսօր է, եւ պատասխաններին, գուցե ամբողջական, քննարկումից հետո մենք էլ ավելի մանրամասն կանդրադառնանք` նկատի առնելով հարցի հետաքրքրությունն արտերկրի մեր հայրենակիցների շրջանում:
Վարչապետի պատասխանները խորհրդարանական լրագրողների հարցերին
Վերջին շրջանում Ռուսաստանում շատացած հայերի սպանությունների վերաբերյալ հարցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պատասխանն այս էր. «Եթե ՀՀ քաղաքացիներ են նրանք, ապա դեսպանությունը, մեր արտգործնախարարությունը կամ մեր ներկայացուցիչները հետաքրքրվում են այդ դեպքերով, քրեական գործերով. եթե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ապա մենք մեր վերաբերմունքն ենք արտահայտում` առաջարկելով, որպեսզի իրենք ավելի ուշադիր լինեն եւ ազգամիջյան այդպիսի բախումներ կամ միջադեպեր չլինեն: Իմ հանդիպումների ժամանակ Ռուսաստանի ղեկավարության հետ այդ հարցը բազմիցս քննարկվել է, եւ նրանց կողմից եղել են հավաստիացումներ, որ այդ երեւույթի դեմը կառնեն»:
Կոտայքում ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավարը իր որդուն է դարձնում համայնքապետ, Էրեբունիում հանրապետական Մհեր Սեդրակյանը հայտարարում է, որ կլինի պատգամավոր նա, ում որ ինքը կորոշի, ով որ իր հետ կաշխատի: Գուցե Հայաստանում պետք է փոխել ընտրությունները, եւ որոշակի իշխանական շրջանակներ որոշեն, թե որտեղից ո՞վ է դառնալու պատգամավոր:
Այս հարցի շեշտադրումը վարչապետը փոխեց. կարող են լինել անհատ մարդիկ, որ կուզեն` իրենց հարազատը լինի որեւիցե մի ընտրովի պաշտոնում, բայց դա նշանակովի չէ, այլ ընտրովի է, եւ անկախ նրանից, թե ով` ի՞նչ կցանկանա, ժողովուրդը պետք է ընտրի եւ ժողովրդի կամքը պետք է արտահայտվի:
Բուշի վարչակարգը մտադրությանը` Հայաստանին ավելի քիչ ռազմական օգնություն տալ, քան Ադրբեջանին, վարչապետը վատ է վերաբերվում:
Ճի՞շտ է որ Դավիթ Հարությունյանն ընդգրկվելու է ՀՀԿ ցուցակում: «Իսկ մնացածի մասին տեղյա՞կ եք: Կհրապարակենք մեր ցուցակը` կիմանաք»:
Որ գործարարների թիվը նվազելու է այդ ցուցակում, արդյոք նրանք վրդովմունք չե՞ն արտահայտում, եւ եթե գործարարներ այդքան էլ չեն ընդգրկվում, ինչ ֆինանսավորման վրա է Հանրապետականը ընտրարշավի գնում. «Ինչո՞ւ եք մտածում, որ գործարարները պետք է ֆինանսավորեն, այդպիսի խնդիր Հանրապետական կուսակցությունում չկա: Երբ ցուցակը կլինի` այն ժամանակ էլ վրդովվածներին եւ ուրախացածներին կտեսնեք»:
«Անակնկալները շա՞տ են լինելու»- «Համբերություն չունե՞ք». այս ոգով շարունակվեց հետագա հարցուպատասխանը ՀՀԿ համամասնական ցուցակների վերաբերյալ:
«Ազգի» հարցերից մեկը վերաբերում էր երեկվանից խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվող «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում», ի թիվս այլ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների` «Երկքաղաքացիություն» հոդվածին, որի մասին արդեն ընդդիմախոսները տեսակետ էին հայտնում, թե այն արագ են ընդունում, որ ընտրական շիլաշփոթ ստեղծեն հատկապես ընտրացուցակների մասով. «Բայց գիտեք ինչ, ընտրացուցակները ավելի շուտ են լինելու, քան երկքաղաքացիությունը: Մինչեւ մայիսի 12-ը դժվար թե այդքան` ասենք տասնյակ-հազարավոր, երկքաղաքացիներ լինեն, որ կարողանան ազդել ընտրությունների արդյունքների վրա: Եվ եթե օրենքի ընդունումից, նախագահի վավերացումից հետո կհասցնեն մի քանի տասնյակ լինել` նրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ: Նախագահական ընտրություններին եւս հազիվ թե այդքան թիվ լինի: Սահմանադրություն ենք ընդունել` սահմանադրությունում շատ հստակ գրված է, որ այդ խնդիրը լուծվում է օրենքով, եթե մենք այսօր այդպիսի օրենք չունենայինք, պետք է ասեին, որ սահմանադրական նորմերը խախտում ենք: Այսինքն` մեկ այլ մեղադրանք է հնչելու. լավը անում ենք` մեղադրում են, չենք անում` էլի մեղադրում են: Ես համամիտ եմ, որ օրենքն ընդունենք, օրենքի տառով շարժվենք` թեկուզ մեղադրանքներ լինեն»:
ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ լրագրողների ենթադրյալ պայքարի մասին ասաց. «Ինչո՞ւ միայն «Բարգավաճ Հայաստանի», մենք բոլոր կուսակցությունների հետ մրցակցելու ենք, ոչ մեկից չենք վախենում»: Ընդդիմության այն պնդումներին, թե ազատ եւ արդար ընտրություններ չեն լինի` հակադրվեց. «Ես էլ եմ ընդդիմություն եղել, ես էլ եմ այդպես պնդել... Քաղաքական ուժերին կոչ ենք անում պահպանել խաղի կանոնները: Դրանք ավելի շատ բարոյականության քաղաքական իրադարձությունների դաշտում պետք է լինեն, ոչ թե վարչական լծակներով փորձես ուրիշ կուսակցությունների ստիպել` պահպանելու խաղի կանոնները: Ցանկացած ընտրությունից հետո մի կողմը դժգոհում է եւ սկսում է իր անհաջողությունները բացատրել դիմացինի չարաշահումներով»:
Մեկ օր առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհրդարանական ամբիոնից խոսել էր այն մասին, որ ընտրությունների մոտենալու հետ հայհոյանքը շատանում է, ավելանում են բռունցքները, եւ ՀՀԿ-ն մի քիչ սպասելու է, հետո պատասխան տա դրանց. «Փոխաբերական իմաստով է ասել, բանասեր է, չէ՞, հարցազրույցներով են անում` մենք էլ հարցազրույցներով ենք պատասխանելու», մեկնաբանեց վարչապետը: