ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Կառավարության կազմավորման եւ հրաժարականի մասին» օրենքի նախագիծը, որը կառավարությունն Ազգային ժողով էր ներկայացրել բոլորովին այլ անունով` «Կառավարությունը կազմված համարելու չափանիշի մասին»` 50 կողմով երեկ չընդունվեց` այդպիսով խորհրդարանականները իրենց գործունեության վերջին ակորդներին կառավարությանը հասկացրին, որ եթե պետք լինի, կարող են եւ խելոք լսողի դերում հանդես չգալ: Ընդդիմադիր պատգամավորները պահանջեցին նոր քննարկում, քանի որ ըստ նրանց` փոխվել էր օրենքի ոչ միայն վերնագիրը, այլ նաեւ բովանդակությունը: Ու թեեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պնդեց, թե նախագիծն այդպիսի տեսք է ստացել հենց պատգամավորների առաջարկների հիման վրա, եւ ինքը համաձայն է այդ փոփոխությունների հետ, եւ չանսալով օրինագիծը նորից քննարկման դնելու առաջարկներին` առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց այն, նրա ջանքերը չվարձատրված մնացին: Առայժմ մնացինք առանց կառավարություն կազմավորելու չափանիշի... մինչեւ կա՛մ արտահերթ նիստ, կա՛մ` տեսնենք:
Բայց որ մեր պատգամավորները հաճախ տեղը չեն բերում, թե ինչի համար են քվեարկում` կրկին հայտնի դարձավ երեկ, երբ տեմպի տակ ընկնելով` նաեւ չընդունեցին «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որով հաշմանդամներն ազատվելու էին մեքենաների համար վճարվող հարկից: Այդպիսով` մեր խորհրդարանականները կորցրեցին որոշակի ընտրազանգվածի դուր գալու մի շատ ռեալ հնարավորություն:
Իսկ «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները, եւ հատկապես «Երկքաղաքացիություն» հոդվածը, որ թվում էր, թե այս պահին հայ խորհրդարանականները պիտի որ ընդունեին խանդավառված, քանի որ այստեղ ողջ հայությանը շոյող բան կար, մեր խորհրդարանական ուժերի մեծ մասին այդքան էլ չոգեւորեց:
Ողջ օրը տեւած ու ավարտված քննարկումների արդյունքում ստացվեց այսպիսի պատկեր. օրինագծի այս տեսքին (բայց ոչ օրենքի բուն գաղափարին) դեմ արտահայտված երկու խմբակցությունՙ ՄԱԿ-ն ու ՕԵԿ-ը, մեկ կողմ` ՀՅԴ-ն, մեկ անորոշ տեսակետի իշխանական խմբակցություն ՀՀԿ-ն, քանի որ պաշտոնապես նրա տեսակետը չներկայացվեց, այլ միայն որպես անհատ պատգամավոր ելույթ ունեցավ Սամվել Նիկոյանը: Նույն կերպ վարվեցին նաեւ ընդդիմադիր համարվող խմբակցությունները` միայն անհատ-պատգամավորների տեսակետներով ներկայանալով: Ու թեեւ նախորդ օրը վարչապետը համոզված էր, որ օրենքը պետք է ընդունել, իրենց արտահերթ ելույթներում «ազգը միավորող» այս օրինագծի օգտին արտահայտվեցին ԱԺ նախագահ Տ. Թորոսյանն ու ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, բայց երեկ օրվա վերջում այն տպավորությունը կար, թե կառավարությունը մենակ մնաց այս օրենքի հետ` ՀՅԴ անտարակուսելի սատարումով միայն, այսինքն` օրինագծի ընդունման տեսակետից դեռեւս անհայտ ճակատագրով:
Եվ այստեղ ոչինչ չեն կարող անել ոչ հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանի մի փոքր կոշտ ուղերձները դեմ արտահայտված բանախոսների որոշ հակափաստարկներին, ոչ հարակից զեկուցող Գեղամ Մանուկյանի խոհափիլիսոփայական եւ պատմական էքսկուրսները:
Ի՞նչն էր հատկապես մտահոգում օրինագծի (ճիշտ կլինի ասել` օրենսդրական փաթեթի, քանի որ «Զինապարտության մասին» օրենքում եւ Ընտրական օրենսգրքում էլ համապատասխան փոփոխություններ են առաջարկվում) ընդդիմախոսներին:
Սամվել Նիկոյանն, օրինակ, երկքաղաքացիության մասին ամբողջական օրենքի կողմնակից էր, ինչը նրա կարծիքով ազգային ներուժի միատեղման կբերի, սակայն օրինագծում նրա համար երկքաղաքացիների իրավունքների եւ պարտականությունների չլուծված 2 խնդիր կա. երբ երկքաղաքացիների հանդեպ ԱԺ պատգամավոր ընտրվելու եւ նախագահի թեկնածու առաջադրվելու սահմանափակում ենք դնում` սա կարող է հակասության մեջ մտնել սահմանադրության հետ, բացի այդ, երբ երկքաղաքացիության դիմաց ինչ-որ վճարի մասին խոսք չկա, ապա ակնհայտ է, որ մեր երկրի բյուջեն կարող է հյուպատոսական վճարների նվազումից (երկքաղաքացիությամբ ազատ ելումուտ կլինի) 1-2 մլն դոլարի վնաս կրել: Իսկ ցուրտումութ տարիներին Հայաստանում դիմացածների եւ Հայաստանից մեկնածների իրավունքների` այս օրինագծով հավասարեցումը բարոյական հարված է մեզ, Հայաստանի տարածքում բնակվողներիս համար, այս տեսակետին էին ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանն ու Հերմինե Նաղդալյանը, այնպես որ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության տրամադրություններն այս հարցում այնքան էլ միանշանակ չեն: ՄԱԿ-ի Գուրգեն Արսենյանը հիշեցրեց, որ այս նախագիծը խորհրդարան է բերվել փոխզիջումների արդյունքում, որ ընտրվելու սահմանափակումներին նաեւ պիտի գումարված լիներ կառավարության կազմում երկքաղաքացիների չհայտնվելու սահմանափակումը, քանի որ ՀՀ քաղաքացիների իրավունքներն է առաջնային համարում` դեմ չլինելով ընդհանուր սկզբունքին: Նույն կերպ եւ ՕԵԿ-ն է փաստարկում` Հովհաննես Մարգարյանն ասում է, թե բացթողումներն անընդունելի են: Գրիգոր Հարությունյանն ու էլի շատերն անընդհատ նշեցին ընտրական գործընթացների վրա ազդելու վտանգը. «Իշխանությունը պետք է ձեւավորեն նրանք, ովքեր բնակվում են այստեղ: Չի բացառվում, որ որեւէ երկքաղաքացի դիմի սահմանադրական դատարան, եւ նրա չընտրվելու դրույթը հակասահմանադրական համարվի»: Վիկտոր Դալլաքյանը եւս խնդրի դիտարկման երկու համատեքստերից մեկն առաջիկա ընտրությունները համարեց: Արշակ Սադոյանն առաջ անցավ նրանցից` նկատելով, թե դիտմամբ փչացնում են գաղափարը, որ մի կոնկրետ ուժ լրացուցիչ ձայներ ստանա. քարն ակնհայտորեն նետված էր ՀՅԴ-ի բոստանը: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն իր ելույթում այս օրինագիծն անվանել էր հայ ժողովրդի համար կարեւոր հարց շտկելու եւ պատմական արդարությունը վերականգնելու հնարավորություն: Ընդդիմախոսներին զեկուցողներից բացի` պատասխանեց Տ. Թորոսյանն ասելով, թե ազնիվ չէ գունավորում տալը ո՛չ ՀՅԴ-ին, ո՛չ սահմանադրությանը, ո՛չ մեր ժողովրդին, պետք չէ միասնություն ասել եւ բաժանել ժողովրդին իրարից, իսկ ընտրությունների վրա ազդելու մասին հայտարարությունները շահարկում են: Վ. Հովհաննիսյանն էլ համարեց, որ եթե հայ ընտրողն այնքան անտարբեր է, որ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են գալ եւ ազդել ընտրությունների արդյունքների վրա` ուրեմն թող գան: Բայց նաեւ դա ռեալ չհամարեց` գալու ծախսերը մի քանի անգամ ավելի են այստեղ ընտրությունների վրա ծախսվողից, որի արդյունքում կարելի է էլի ընտրական գործընթացների վրա ազդել: