Երեկ ԼՂՀ արդարադատության նախարար Ռոբերտ Հայրապետյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, սակայն նախորդ տարվա ցուցանիշները ներկայացնելու փոխարեն նա նախընտրեց միանգամից պատասխանել լրագրողների տված հարցերին:
Այն հարցին, թե ինչ առանձնահատկություններ ունի ԼՂՀ արդարադատության համակարգը, նախարարը պատասխանեց, որ ֆունկցիոնալ առումով համապատասխանում է Եվրոմիության, այդ թվում նաեւ հայաստանյան արդարադատության կառուցվածքին, եւ որեւէ կոնկրետ մոդել գոյություն չունի: Հիմնական տարբերությունը թերեւս այն է, որ ԼՂՀ-ում քրեակատարողական հիմնարկները դեռեւս գտնվում են ոստիկանության ենթակայության տակ, ինչը նրա գնահատմամբ տվյալ փուլում ամենաճիշտ ձեւն է: Պատճառներից մեկը, ըստ Ռ. Հայրապետյանի, համապատասխան օրենքի բացակայությունն է: Այս ուղղությամբ, նախարարի խոսքով, որոշակի քայլեր արվում են. արդեն մշակվել է մի օրինագիծ, որը շուտով կներկայացվի կառավարության քննարկմանը: Համաձայն օրինագծի, օրինակ, քրեակատարողական հիմնարկները կկարողանան դատապարտվածներից պահանջել դատարանի վճռով նախատեսված տուգանքները: Եթե վերջիններս հրաժարվեն կամ ի վիճակի չլինեն վճարել, ապա ՔԿ մարմինը դատարանի որոշմամբ կարող է տուգանքը փոխարինել նրանց հանրային աշխատանքի ներգրավմամբ, իսկ հանրային աշխատանքից հրաժարվելու դեպքումՙ տուգանքի չմարած մասը փոխարինել ազատազրկմամբ:
Լրագրողների խնդրանքով Ռ. Հայրապետյանը պարզաբանումներ տվեց, թե սահմանադրության ընդունմամբ դատական համակարգում ինչ փոփոխություններ կլինեն: Մասնավորապես ներկայումս գործող բազմագործառույթ գերագույն դատարանի փոխարեն կստեղծվեն երկու առանձինՙ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ, ընդ որումՙ սահմանադրական դատարանի գործառույթները նույնպես կվերապահվեն վճռաբեկ ատյանին: Սահմանադրությունը նախատեսում է նաեւ ստեղծել մի քանի առաջին ատյանի դատարաններ: Նրա համոզմամբՙ Ղարաբաղում պետք է լինի առաջին ատյանի 4 առանձին դատարան, ինչը սահմանադրական պահանջ է:
Արդյոք նախարարը գո՞հ է դատարանների աշխատանքից: Պատասխանելով այս հարցին, Ռ. Հայրապետյանը նշեց, որ իրենք դատարանների աշխատանքին հարաբերվում են արդարադատության նախարարությանը վերապահված գործառույթների շրջանակումՙ հարգելով դատարանների անկախությունը: Իսկ իբրեւ գնահատման ցուցանիշ, նա վկայակոչեց այն փաստը, որ բոլոր դատավորներն էլ դատական մագիստրատուրայից, որը փոխարինում է Արդարադատության խորհրդին, անխտիր ստացել են կարգապահական տույժեր:
«Ազգի» հարցը վերաբերում էր նոտարական մասնավոր գործունեություն ծավալելու հնարավորությանը այն հիմամբ, որ առանձնապես Ստեփանակերտ քաղաքում նոտարական ծառայությունը խիստ ծանրաբեռնված է: Համաձայն լինելով դրան, Ռ. Հայրապետյանը նշեց, որ իրոք Ստեփանակերտում եւս մի նոտարական գրասենյակ բացելու անհրաժեշտությունն զգացվում է, սակայն մասնավոր նոտարական գործունեություն իրականացնելու համար խանգարող հանգամանքներ կանՙ ամենից առաջ կապված արխիվների բացակայության ու նոտարական ծառայությունների կամայական գների հետ: Նման պրակտիկա ԼՂՀ-ում կիրառվել է տարիներ առաջ, սակայն իրեն չի արդարացրել, ընդգծեց նախարարը:
«Ազգի» մեկ այլ հարց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վերաբերյալ էր, ի մասնավորիՙ ալիմենտների վճարման դժվարությունների առնչությամբ: Նախարարը հաստատեց, որ իրոք ալիմենտ վճարողների շուրջ 15 տոկոսը տարբեր պատճառաբանումներով հրաժարվում է վճարումից: Ալիմենտից չարամտորեն խուսափողների վերաբերյալ հավաքված նյութերն ուղարկվում են դատախազությունՙ քրեական գործեր հարուցելու համար, սակայն ամենացավալին սեփական զավակների նկատմամբ մարդկային անտարբերությունն է:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ