«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2007-02-08 | #24, 2007-02-09 | #25, 2007-02-10


ՄԵՐԶԼՅԱԿՈՎՆ ՈՒ ԲՐԱՅԶԱՆ ՄՐՑՈՒՄ ԵՆ ՇԱՏԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Մամեդյարովի բառապաշարում միայն սփյուռքն էր պակաս

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, «Թրենդ» գործակալության վկայությամբ, համաձայն չէ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այն կարծիքին, թե ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական տարրերն արդեն համաձայնեցված են եւ մնացել են միայն տեխնիկական տարրեր: Մերզլյակովը կարծիք է հայտնել, որ դեռ չհամաձայնեցված խնդիրները տեխնիկական չեն: Մերզլյակովը հիշեցրել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, թե էականներից մնացել է մեկ-երկու հարց:

Ռուսաստանցի համանախագահը տեղեկացրել է, որ համանախագահներն աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման ուղղությամբ, սակայն դեռեւս վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ինչ վերաբերում է նախագահների մակարդակով հնարավոր հանդիպմանն, ապա Մերզլյակովի կարծիքով, մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նման հանդիպում թերեւս չլինի: Եվ մինչ ռուսաստանցի համանախագահն առանձնակի կանխատեսումներ չի անում ղարաբաղյան հարցի կարգավորման ժամկետների առնչությամբ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը կարծիք է հայտնում, թե 2007 թ. վերջակետ կդնի ղարաբաղյան հակամարտության հարցին:

Ադրբեջանական լրատվամիջոցների մեջբերմամբ, Լենմարկերը նշել է, թե կգտնեն այնպիսի լուծում, որ ձեռնտու կլինի երկու երկրներին: Ընդգծելով սեփական լավատեսությունը, Լենմարկերը հիշեցրել է, որ կրակագծում երկու կողմից էլ զոհեր են լինում:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացվելիք ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ զեկույցի վերջնական տարբերակի հրապարակմանը, ապա Լենմարկերը հույս է հայտնել, որ խնդիրն ավելի շուտ կկարգավորվի եւ կարիք չի լինի պատրաստել այդ զեկույցը: Միեւնույն ժամանակ Լենմարկերն ընդգծել է, որ այդ զեկույցում ընդգրկվելիք դրույթների հետ համաձայնել է Էլմար Մամեդյարովը:

Մամեդյարովը Լենմարկերի հետ հանդիպմանը հայտարարել է, թե հայկական սփյուռքի ներկայացուցիչները տարբեր երկրներում իրենց գործունեությամբ բացասաբար են ազդում Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական ուղղվածության վրա եւ լուրջ վտանգ են պարունակում տարածաշրջանի կայունության եւ ապահովման առումով:

Հետաքրքրական է, թե ադրբեջանական «ճարտասանությունն» այսուհետեւ ինչը կդարձնի սեփական քարոզչության բաղկացուցիչ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4