«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2007-02-08 | #24, 2007-02-09 | #25, 2007-02-10


ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՏԱՔ ԹԵՄԱՆԵՐԸ

Ազգային ժողովի վերջին նստաշրջանի հավանաբար վերջին ճեպազրույցները երեկ տեղի ունեցան: Վերջին, որովհետեւ իրենք, խորհրդարանականներն էին երեկ հրաժեշտի տրամադրություններով տոգորված` արտահերթ նիստերը հաշիվ չեն: Իսկ այդ ճեպազրույցներն առանձնապես չտարբերվեցին խորհրդարանական քաղաքական ուժերի այս գումարման արդեն գծած հունից` ով ինչ ասում էր տարիներ, երեկ էլ ասաց: Ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ պարզվեց, որ առնվազն խորհրդարանական ընդդիմությունն այդպես էլ չի գալիս միասնական կարծիքի` անջատ -անջատ գնա՞ ընտրությունների` ինչպես որ շատ ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտարարել են, թե, այնուամենայնիվ, միասնական ձեւաչափերով: Համենայն դեպս ՀԺԿ-ն երկու ձեւով գնալն էլ հնարավոր է համարում, «Ազգային միաբանությունն» ու ՕԵԿ-ը մեն-մենակ են գնալու, իսկ Վազգեն Մանուկյանն էլ նպատակահարմար է համարում ընդդիմության համախմբումը 2-3 խմբերի մեջ: Այո, սովորաբար ճեպազրույցների չեկող ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը եկավ-խոսեց «Արդարությանը» հատկացված ժամանակի մեջ, եւ սա էր նորությունը: Նա եկել էր պատասխանելու իր վերջին ասուլիսին պաշտպանության նախարարի արձագանքին. «Ինձ համար հասկանալի չէ այն հիստերիան, որը բարձրացավ հետո` Սերժ Սարգսյանը հատուկ հարցազրույց տվեց միայն ինձ վիրավորելու համար: Ինչու, նա չի՞ իմանում, որ կեղծիքներ եղել են եւ լինելու են, ինքը կազմակերպիչը չէ՞ այդ կեղծիքների», ասաց` ավելացնելով, որ առաջ իշխանությունները քաղաքական էին եւ կողքից օգտվողներ կային, հիմա օգտվողների իշխանություն է` քաղաքական դեմքերն անհետանում են, հրապարակի վրա են բոլոր ժամանակների օգտվողները` օգտվողների ինտերնացիոնալը: Սերժ Սարգսյանի` Վ. Մանուկյանի չռեալիզացված լինելու վերաբերյալ որակմանը վերջինս այսպես արձագանքեց. «Իրենց թվում է, բոլորը երազում են ընկնել իրենց` օգտվողների շարքերը... Հեռակա սովորողներով իշխանություն վերցնելը Հայաստանը դարձրել է հեռակա երկիր աշխարհի համար»: Միաժամանակ Վ. Մանուկյանը չէր ուզենա շարունակել փոխադարձ վիրավորանքների շարքը` նախընտրական այս շրջանում չշեղելու համար մարդկանց ուշադրությունը բուն գործընթացներից:

Ճեպազրույցների տաք թեմաները վերաբերում էին հեռուստաքարոզարշավի 1 րոպեի բավական թանկ սակագներին եւ նախորդ օրը քննարկված երկքաղաքացիության հոդվածին` համապատասխան փաթեթում: Հանրային հեռուստաընկերության կողմից 1 օր առաջ հրապարակված 1 գովազդային րոպեն 80 հազար դրամ սակագնի արձագանքն այսպիսին էր. Արտաշես Գեղամյանն ինչպես միշտ ինքնատիպ էր. այն է` այդ սակագինը հոգեվարքի մեջ հայտնված վարչակազմի հերթական դրսեւորումն է եւ նրա մեծ նվերն ընդդիմությանը, քանի որ համատարած աղքատ ընտրողը ձայն չի տա րոպեն 80 հազար դրամով գնած եւ այդ 1 րոպեում իրենց սովի մասին խոսողին: «Ազգային միաբանությունը» չի օգտվելու վճարովի եթերաժամերից: Ավելի ինքնօրինակ էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը գտնում էր, թե քաղաքական կապիտալի հետ ֆինանսական կապիտալ էլ պետք է ունենալ` քաղաքական պայքարի մեջ մտնելու ու իշխանության գալու համար: Եթե երկուսն էլ չունես, ավելի լավ է նստես եւ գիրք գրես` իշխանության չեն գալիս միայն սպառելու համար: Սակագնից դժգոհողներին էլ ուղարկեց ոտքով գյուղեգյուղ: Երբ հարցրին, թե նա՞ էլ է այդպես վարվելու` նա հաստատեց. «Օգտվելու եմ իմ ոտքերից, ուղեղից ու գլխից, մեծ ծախս չի»: Հեռուստաքարոզչության սակագնի ստեղծած մրցակցային անհավասար պայմանների հարցը ՄԱԿ-ից Գրիգոր Ղոնջեյանն այլ կերպ դրեց. «Անհավասարությունը ռեսուրսների մեջ է, որ կողմերն են տնօրինում»: Իսկ գնի բարձր լինելու առթիվ էլ նկատեց, թե դրամի արժեվորման-դոլարի արժեզրկման արդյունքում կարող է պարզվել, որ գինը նախորդ քարոզարշավի համեմատ երկու անգամ բարձրացել է: Մհեր Շահգելդյանը դա ՕԵԿ-ի համար խնդիր չի համարում` 100 հազար անդամը կարող են ապահովել նրա քարոզչությունը, բայց բարձր գնի ընդհանուր մոտեցումը ճիշտ չի համարում: ՀՅԴ-ից Հրայր Կարապետյանն էլ հարցը բոլորովին այլ կողմից դիտեց` ժողովրդականություն ունեցող կուսակցությունները կկարողանան նվիրատվություններ ստանալ, բայց լավ կլիներ, որ հավասար պայմաններ ստեղծվեին բոլոր կուսակցությունների համար` ՀՅԴ-ն վճարովի եթերից կօգտվի այնքան, որքան հնարավորությունները ներեն: Որքան էլ տարօրինակ է` գործարարներից կազմված «Ժողպատգամավորից» Մկրտիչ Մինասյանն էլ այդ սակագինը թանկ համարեց` նախընտրական հիմնադրամի 5 մլն դրամը ծախսելու դեպքում` միայն 62 րոպե կարելի է գնել: Իսկ ՀԺԿ-ից Գրիգոր Հարությունյանն առավել ուղիղ արտահայտվեց` այդպիսի թանկ եթերին կարելի է հասնել միայն կեղտոտ ճանապարհով վաստակած գումարներով:

Երկքաղաքացիության հարցի առթիվ քաղաքական ուժերի դիրքորոշումներին մանրամասն չենք անդրադառնում` երեկ այդ մասին պատմել ենք: Ներկայացնենք միայն նրանց տեսակետը, ով օրինագծի քննարկման ժամանակ չի արտահայտվել: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի` այս օրինագծում պետք է դեռ փոփոխություններ արվեն, երկքաղաքացին հարկեր եւ տուրքեր պետք է վճարի, իսկ պետական պաշտոններում պետք է աշխատեն այս հող ու ջրում մկրտված մարդիկ: Գեղամյանը, հակառակը, գտնում է, որ վաստակ ունեցող մեր արտերկրյա հայրենակիցները երկքաղաքացիություն ստանալուց հետո կառավարությունում ընգրկվելու հնարավորություն պետք է ունենան: Մկրտիչ Մինասյանը հավասարակշռված օրենքի կողմնակից է` այն դեռ այդպիսին չէ: Իսկ Հրայր Կարապետյանն էլ մի նոր միտք հայտնեց` պետք չէ երկքաղաքացիության ամրագրումը դիտել մյուս քաղաքական ուժերի կողմից որպես զիջում դաշնակցությանը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4