Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում միջերկրածովյան Սեն Ռաֆայել քաղաքում բացվել է Հայաստանը ներկայացնող պատմական քարտեզների ցուցադրություն, որը կավարտվի փետրվարի 24-ին: «Նուվել դ՛ Արմենի» հանդեսն ընդգծում է, որ Արեւմուտքում թերեւս առաջին անգամ է անցկացվում Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն:
Հին կտակարանի Ծննդոց գրքում հիշատակվող Արարատ լեռան շուրջը տարածված Հայաստանը հազարամյակների պատմություն ունի: Հարավային Կովկասում հայերի ու Հայաստանի գոյությունը վկայում են դեռ Բաբելոնի ժամանակներում կազմված քարտեզները: Սեն Ռաֆայելում ներկայացված են նաեւ 16-20-րդ դդ. մեծ աշխարհագրագետների ու քարտեզագիրների վկայությունները: Մասնավորապես անվիճելի է Մյունսթերի, Մերկատորի, Օրտելլիուսի, Սանսոնի, Դելիսլի, Դանվիլի, դը Վոգոնդիի եւ մի շարք այլ աշխարհագրագետների հեղինակությունը:
Պ. Ք.