Ռուսաստանի ակադեմիական համակարգում տեղի ունեցող փոփոխություններն անմիջական արձագանք են գտնում մեզանում հասկանալի պատճառովՙ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան անխուսափելիորեն կենթարկվի նույն փոփոխություններին: Ռուսական թերթերը, մասնավորապես «Գազետան» եւ «Կոմերսանտը», օրերս անդրադարձան այն հարցին, որ պետական բոլոր ակադեմիաները, վարչապետ Ֆրադկովի տարեսկզբի կարգադրությամբ, այս պահին զբաղված են կանոնադրություններ մշակելով, ինչը խառնաշփոթ է առաջացրել ակադեմիաների ղեկավարների շրջանում: Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարությունը ակադեմիաներին է ուղարկել իր մշակած կանոնադրության «ձկնիկ» մոդելները, որոնց հիմնական գաղափարն ու բովանդակությունը բոլոր ակադեմիաներին իր հսկողության տակ առնելն է: Իբրեւ օրինակ նշվում է Ռուսաստանի կրթության ակադեմիայում առաջացած դժգոհությունը, որտեղ ղեկավարները դժգոհում են կառավարությունից, իսկ ակադեմիկոսների մի մասըՙ ղեկավարների մշակած նախագծից ու «հավերժ նախագահից»:
Հիշեցնենք, որ նոր կանոնադրություն մշակելու անհրաժեշտությունը թելադրված էր 2006 թվականի վերջին «Գիտության մասին օրենքում» կատարված լրացումներովՙ հաստատված նախագահ Պուտինի կողմից: Վարչապետ Ֆրադկովը կրթության ակադեմիային հատուկ զգուշացրել է, որ բյուջեից ոչ մի կոպեկ չի հատկացնի վերջինիս, ինչպես նաեւ պետական մյուս ակադեմիաներին, եթե մինչեւ 2007 թվականի հուլիսի 1-ը նոր կանոնադրություն չընդունեն: Այդ նպատակով բոլոր ակադեմիաներում որպես կառավարող մարմիններ ստեղծվել են 9 հոգանոց դիտորդական խորհուրդներՙ երեքական հոգի ակադեմիայից, կառավարությունից, մեկականՙ պետդումայից, նախագահի աշխատակազմից, դաշնության խորհրդից: Նրանց առաջին գործը կլինի ակադեմիաների գույքը հսկողության տակ վերցնելը, կադրային ու ֆինանսական հարցերը կարգավորելը, նույնիսկ տվյալ ակադեմիայի ղեկավարներին իրենց պաշտոնում հաստատելը: Սա նշանակում է, որ ռուս ակադեմիկոսները պետք է զբաղվեն միայն գիտական գործունեությամբ, եւ ինչպես նշվում է կանոնադրության մեջ, իրենց գիտական արդյունքների մասին ամեն տարի հաշվետվություն տան կառավարությանն ու երկրի նախագահին: Կանոնադրության մեջ անպայմանորեն նշվում է նաեւ տարիքային սահմանափակումՙ ակադեմիայի նախագահն ու մյուս անդամները պետք է լինեն 65-70 տարեկան: Հենց այստեղից էլ, ենթադրում է թերթը, սկսվել են ներակադեմիական խժդժությունները: Մասնավորապես կրթության ակադեմիայում մշակված կանոնադրությունը չի նախատեսում ոչ մի դիտորդական խորհրդի ներկայություն իր ներսում, չի ընդունում տարիքային սահմանափակումները, մանավանդ որ ներկայիս նախագահը 70-ն անց է: «Գիտությունը սպորտ չէ, ոչ էլ պետական ծառայություն», ասել է նա: Իրենց կանոնադրությամբ, ակադեմիան ղեկավարվելու է ոչ թե վերեւից, այլ նախագահի ու նախագահության կողմից: Այս ամենը հարվածի տակ են դրել ակադեմիայի գոյությունը, մանավանդ որ կառավարությունը մտադրություն ունի այն դարձնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բաժիններից մեկը:
Մեր լրատվամիջոցները նշյալ ակադեմիայում տեղի ունեցածը վերագրեցին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայինՙ նույն բախտը նախանշելով մեր ակադեմիայի համար: Մասնավորապես «Լրագիր» էլեկտրոնային թերթը, երեքշաբթի հղում անելով «Կոմերսանտին», «Ակադեմիական համակարգը փոփոխության շեմին» հրապարակման մեջ գրել էր, որ «ՌԴ կառավարությունը մշակել է այդ երկրի գիտությունների ակադեմիայի նոր կանոնադրությունը, որը ակադեմիան վերածում է «գիտնականների ակումբի»: Մինչդեռ «Գիտության մասին» օրենքում կատարված փոփոխություններով, Ռուսաստանի գիտությունների ակադեմիան դարձել է «պետական ակադեմիա», այլ ոչ թե ակումբ: Հարցն այն է, որ նվազեցվել է նրա ինքնակառավարումը, ավելի ճիշտ դա պահպանվել է զուտ ձեւականորենՙ պարզապես կառավարման բարձրագույն մարմինը մնում է ակադեմիայի ընդհանուր ժողովը, իսկ ակադեմիայի գործունեությունը, ինչպես արդեն նշեցինք, ամբողջապես կախված կլինի կառավարությունից: «Ռոսիյսկայա գազետա» թերթին ակադեմիկոս Սերգեյ Կոլեսնիկովն ասել էր, որ «պետական ակադեմիա» անվան տակ կարելի է հասկանալ իշխանությունների խիստ հսկողություն»: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անկախ կարգավիճակի դեմ ոտնձգությունները սկսվել էին դեռեւս 2004 թվականից, երբ կրթության եւ գիտության նախարարությունն առաջարկել էր ակադեմիայի գործունեությունը վերահսկելի դարձնել իշխանությունների միջոցով: Այդ ժամանակվանից նախարարությունը ակադեմիկոսներին թելադրում էր ամենախիստ պայմաններըՙ ընդհուպ ակադեմիան «գիտնականների ակումբ» դարձնելը, որի դեպքում ակադեմիայի սեփականությունն ու ֆինանսական միջոցները կանցնեին կրթության եւ գիտության նախարարության վերահսկողության տակ, որը եւ կիրականացներ գիտության բոլոր գործառույթները: Սա հենց այն է, ինչին այսօր ձգտում է Հայաստանի կառավարությունըՙ ի դեմս գիտության եւ կրթության նախարարության: Ռուսաստանում դա տեղի չունեցավ, եւ ինչպես գրում է «Գազետան», Դումայի հետ երկարատեւ բանակցություններից հետո ընտրվեց փոխզիջման տարբերակըՙ «Գիտության մասին օրենքում» փոփոխությունները, սակայն դրանով նույնպես սահմանափակվում են ակադեմիայի իրավունքները: Օրինակ, ֆինանսավորումը կորոշվի 5 տարին մեկ իրականացվող պետական ծրագրերով: Չնայած դրանք պետք է մշակվեն ակադեմիայում, սակայն ԿԳ նախարարությունը մտադիր է ինքնուրույն որոշել, հաստատել կամ լրամշակման ուղարկել դրանք: Դա նշանակում է, նախարարությունն իր վրա է վերցնում գիտահետազոտական ինստիտուտների նախահաշիվը, ծախսերի ավելացումն ու նվազեցումըՙ ելնելով տվյալ հիմնարկի գործունեության արդյունավետությունից: «Կոմերսանտին» հղում անելով «Գազետան» գրում է, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան ակամա հայտնվել է նախաձեռնողի դերումՙ ինքն իրեն զրկելով իրավասություններից: «Ցանկացանք խուսափել կրթության ու գիտության նախարարության վերահսկողությունից եւ ֆինանսների նախարարությանն առաջարկեցինք գիտական ծրագրերի համար երկարաժամկետ ֆինանսական հատկացումներ անել, սակայն ԿԳ-ն հանեց «հատկացումներ» բառըՙ իրեն վերապահելով ակադեմիայի ծախսերը վերահսկելու իրավունքը», ասել են գիտությունների ակադեմիայից:
Ըստ նշյալ փոփոխությունների, ակադեմիայի նախագահությունը հաշվետու է երկրի նախագահի ու կառավարության առջեւ, գիտական բոլոր հիմնարկները տարեվերջին պարտավոր են ներկայացնել իրենց գիտական արդյունքները, ֆինանսական գործունեությունը, ինչպես նաեւ հանդես գալ հիմնարար ու կիրառական գիտությունների գերակա ուղղությունների զարգացման վերաբերյալ առաջարկներով:
Ռուս հեղինակավոր ակադեմիկոսները այս ամենը համարել են անարդարացի: Ակադեմիկոս Սերգեյ Կապիցայի դժգոհությունն առնչվել է գիտական արդյունքների հիման վրա ֆինանսավորելուն: «Ինչքան նշանակալից է գիտական բացահայտումը, այնքան երկարաժամկետ է ծախսերի վերադարձը», ասել է նա: Իսկ ակադեմիկոս Վիտալի Գինզբուրգն այս ամենի մեջ տեսել է շահադիտական նկրտումներ, ասելով. «Հիմա կսկսվեն փողային քաշքշուկները»:
Ինչպես սկզբում նշեցինք, Ռուսաստանի ակադեմիական համակարգի փոփոխությունները սովորաբար պատճենահանվում են Հայաստանում: Գիտության եւ կրթության փոխնախարար Արա Ավետիսյանն «Ազգի» հետ հեռախոսազրույցում նշեց, որ կան սկզբունքային նմանություններ, սակայն ամեն ինչ պարզ կդառնա կառավարության որոշումից հետո: «Քանի որ նախագծի մակարդակից ավելի բարձր փաստաթուղթ հիմա չկա, այդ հարցին պատասխանելը կոռեկտ չի լինի: Կառավարության հերթական նիստում քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի մշակած հայեցակարգային դրույթներն ու միջոցառումների ժամանակացույցը: Դրանք հավանության են արժանացել եւ հանձնարարական է տրվել 10 օրվա ընթացքում վերջնական խմբագրումներով ներկայացնել կառավարություն»:
Խոսքն այն հայեցակարգի մասին է, որի վերջինՙ ծաղկաձորյան քննարկմանը, ինչպես «Ազգը» քանիցս նշել է իր հրապարակումներում, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը չէր մասնակցում: Թեպետ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը չէր ընդունում, որ դա հայեցակարգի վերջնական քննարկումն էր, բայց, ինչպես պարզվեց, այդպես էր որոշել ԿԳ նախարարությունը: Ռուսաստանի ԿԳ նախարարությունից մեր նախարարությունը դժվար թե հետ մնա ու միամտաբար կորցնի ակադեմիայի գործունեությունը տնօրինելու երանելի հնարավորությունը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ