«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2007-02-10 | #26, 2007-02-13 | #27, 2007-02-14


ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՆՈՐ ԱՆՑՈՒՄԸ ԿՄԻԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Էապես էժանացնելով ապրանքների արտահանումն ու ներմուծումը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նորՙ «Սմատ» անունը կրող լաստանավը (տեսՙ լուսանկարում), որը կառուցվել է 2005 թ.-ին Խերսոնի նավաշինական գործարանում, շաբաթական 2 ուղերթ կկատարի Փոթիից դեպի ռուսական Կավկազ նավահանգիստ: Մի նավահանգստից մինչեւ մյուսը լաստանավը կհասնի ընդամենը 31 ժամում, այն դեպքում, երբ ուկրաինական Իլյիչովսկից հայկական բեռների տեղափոխումը մինչեւ Փոթի տեւում էր մինչեւ 8-10 օր: Շնորհիվ նոր ուղերթի, մեկ վագոն հայկական արտադրության ապրանքների տեղափոխման արժեքը կնվազի առնվազն 1000 դոլարով: Այս մասին երեկ ասվեց Հայաստանի կառավարությանՙ ի դեմս տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ «Ռեզերվ կապիտալ» ընկերության նախագահ Խակիմ Մատչանովի կողմից պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ:

Անդրանիկ Մանուկյանը, անդրադառնալով Փոթի-Կավկազ նոր երթուղուն, կարեւորեց այն հանգամանքը, որ դրանով փաստորեն վերանում է ուկրաինական լաստանավային փոխադրումներ իրականացնող ընկերությանՙ «Ուկրֆերիի» մենաշնորհը: Վերջինս պարբերաբար բարձրացնում է տեղափոխման գները, լրջորեն ազդելով արտաքին շուկայում հայկական ապրանքների մրցունակության վրա: Մասնավորապես, սկսելով 1 վագոնի համար 800 դոլարից, այդ ընկերությունն այժմ 1 վագոնի համար հայկական ընկերություններից գանձում է 2400 դոլար: Մյուս կողմից, 1 տոննա ապրանքը դեպի Ռուսաստան տեղափոխելու համար հայկական ընկերություններն ուկրաինական երկաթուղուն վճարում են 19 դոլար:

Տրանսպորտի եւ կապի նախարարը հայտնեց, որ Ռուսաստան ապրանք արտահանողները, ինչպես նաեւ ներմուծողներն ուկրաինական երկաթուղուն այլեւս չեն վճարի, իսկ լաստանավային փոխադրումների «Ռեզերվ կապիտալի» գները կլինեն շատ ճկուն: Խակիմ Մատչանովի հավաստիացմամբ, այդ գները կլինեն «անհամեմատ ցածր» «Ուկրֆերիի» գների համեմատ:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանն ընդգծեց, որ Երեւանից Մոսկվա տեղափոխվող մեկ վագոն հայկական ապրանքի գինը կէժանանա 1500 դոլարով, ավելացնելով, որ «10 տարի երազել ենք այս մասին»: Նա կարծիք հայտնեց, որ հայկական ապրանքներ փոխադրող լաստանավային անցման գները առնվազն 20 տոկոսով ցածր կլինեն ներկայումս գործող Փոթի-Իլյիչովսկ երթուղու գներից:

Լաստանավի մասին մանրամասներ հաղորդեց սեփականատեր եւ շահագործող «Ռեզերվ կապիտալ» ընկերության նախագահ Խակիմ Մատչանովը: Նա նշեց, որ ռուսական Կավկազ նավահանգիստը կառուցված է այնպես, որ այնտեղ չեն կարողանում մուտք գործել 20 վագոնից ավելի բեռնատարողություն ունեցող լաստանավերը, բայց նորՙ «Սմատ» լաստանավն ունի 50 վագոն եւ կառուցված է այնպես, որ հնարավորություն ունի մտնել նավահանգիստ: Նա տեղեկացրեց, որ այն կգործարկվի մարտի 1-ից, իսկ մարտի 15-ից կսկսի կանոնավոր ուղերթներ կատարել: Լաստանավը կարող է փոխադրել նաեւ կոնտեյներներՙ միաժամանակ մինչեւ 340: Նախատեսվում է 10-12 հազար տոննայից բեռնաշրջանառությունը 2009-10 թթ. հասցնել մինչեւ 500 հազար տոննայի: Տեղեկացվեց նաեւ, որ լաստանավի արժեքը կազմում է մոտ 20 մլն դոլար:

Մամուլի ասուլիսի մասնակիցները համակարծիք էին այն մտքի հետ, որ լաստանավային նոր անցումը կավելացնի Հայաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառության ծավալները: Ինչպես հայտնեց «Հայկական երկաթուղու» տնօրեն Արարատ Խրիմյանը, անցյալ տարվա ընթացքում 2,7 մլն տոննա բեռներ են տեղափոխվել, որից 1,5 մլն տոննա Փոթի-Իլյիչովսկ լաստանավով: Դրանց միայն 10 տոկոսն է բաժին ընկնում դեպի Ռուսաստան գնացող բեռներին: Ռուսաստանի հետ ուղիղ հաղորդակցության վերականգնումը, Արարատ Խրիմյանի կարծիքով, մինչեւ կրկնակի կավելացնի այդ ծավալները:

Ինչ վերաբերում է աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը, ապա տրանսպորտի եւ կապի նախարարն ընդգծեց, որ եթե դա միայն Հայաստանից կախված լիներ, ապա երկաթուղին վաղուց կգործեր: «Դուք գիտեք, որ այդ հարցով ստեղծվեց հայ-ռուս-վրացական կոնսորցիում, բայց ցավոք ռուս-վրացական հարաբերությունները սրվեցին, եւ այդ գործընթացը կանգ առավ», ասաց Անդրանիկ Մանուկյանը:

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմամբ հետաքրքրվող ընկերություններ կան

Ինչպես երեկ հայտնեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի վերաբերյալ ներկայումս քննարկումները շարունակվում են: Դրանով հետաքրքրվող ընկերություններ կան, բայց առայժմ կոնկրետ այդ պարտավորությունը ստանձնած ընկերություն չկա:

Անդրադառնալով «Հայկական երկաթուղին» կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցին, նախարարը հայտնեց, որ նման ցանկություն ունեցող ընկերություններ կան Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ղազախստանից:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4