Ժառանգության» բողոքը մերժվեց
Այն բանից հետո, երբ Կենտրոն համայնքի ոստիկանության պետ Հովիկ Թամամյանը պաշտոնապես անապացուցելի համարեց մարտի 8-ի գիշերը «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի համակարգիչներից տեղեկատվություն հափշտակելու մասին լուրը, գրասենյակ ներխուժածների արարքը համարելով քրեորեն անպատժելի, կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբում դիմեց քաղաքի գլխավոր դատախազին, որից հետոՙ Կենտրոն-Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանՙ պաշտպանելու քաղաքացիական իր իրավունքները: Սակայն, ինչպես ցույց տվեց երեկվա դատական նիստը, դատավորը ընդունելի համարեց ոչ թե «Ժառանգության» փաստաբան Զարուհի Փոստանջյանի, այլ դատախազ Կարապետ Կարապետյանի պնդումները: Այսինքնՙ դատարանը մերժեց կուսակցության համակարգչից տեղեկատվություն հափշտակողների արարքը քրեորեն անպատժելի թողնելու դեմ Հովհաննիսյանի բողոքը: Զարուհի Փոստանջյանի ասելով, իրենք չեն նահանջելու, այլ դիմելու են վերաքննիչ, վճռաբեկ, հարկ եղած դեպքում նաեւ Եվրոդատարան, որպեսզի այդ հանցագործությունը չմնա անպատժելի: «Ստացվում է, որ մեր երկրում թույլատրելի է ամեն ինչՙ կարելի է խախտել թե՛ սահմանադրությունը, թե՛ քրեական օրենսգիրքը: Դատախազը չժխտեց, որ գրասենյակ ներխուժածներն օգտվել են այդ համակարգչից, միացրել են, վերցրել հիշողության մեջ պահվածը, բայց դա քրեորեն պատժելի չէ», ասաց նա:
Դատական նիստից առաջ փաստաբանը դատավոր Վախթանգ Լալայանին դիմեց դատական նիստը նկարահանելու խնդրանքով, սակայն երկար ու ձիգ հարցումներից հետո դատավորը մերժեց նրա խնդրանքը, որովհետեւ «Ժառանգություն» կուսակցության տեսախցիկը գրանցված չէր, իսկ «Ֆոտոլուր» անունով գործակալության մասին ոչ ինքը գաղափար ուներ, ոչ էլ դատախազ Կարապետյանը: Վերջիններիս խորհրդի կարգով ասենք, որ հայաստանյան թերթերում տպագրված լուսանկարների մեծ մասի հեղինակները այդ գործակալության թղթակիցներն են: Պարզապես գործակալության անունը գրվում է անգլերեն, եւ այդ լեզվով նշանակում է ֆոտո-գրավչություն:
Ֆոտոթղթակիցը լքեց դատարանի դահլիճը, իսկ նիստին ներկա մյուս լրագրողները տառապեցին մոտ 3 ժամ տեւած նիստի դանդաղ ընթացքից ու դատախազի հազիվ լսելի խոսքից մի բան հասկանալուց: Նորաբաց դատարանում նիստի արձանագրությունները կատարվում են թղթի վրա, այլ ոչ թե արագորեն մուտքագրվում համակարգիչով, կամ ձայնագրվում, ինչն էլ ուղղակի անտանելի էր դարձնում նիստը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ