ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային ցուցակը: Նախորդ ամիսների համեմատ դասակարգման փետրվարյան ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Իտալիայի ընտրանին: Թեեւ իտալացիները տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետեւանքով չմասնակցեցին նախատեսված ընկերական հանդիպմանը, սակայն հաջողվեց շրջանցել դասակարգման ցուցակի վերջին տարիների անփոփոխ առաջատար բրազիլացիներին: Վերջիններս պարտվելով պորտուգալացիներից, իրենց վարկանիշը նվազեցրին 48-ով, ինչն էլ հնարավորություն ընձեռեց իտալացիներին շրջանցել աշխարհի հնգակի չեմպիոններին: Նշենք, որ մինչ այդ, Բրազիլիայի հավաքականը 55 ամիս դասակարգման ցուցակի առաջատարն էր: Իսկ Իտալիայի հավաքականը դասակարգման ցուցակը վերջին անգամ գլխավորել էր 1993 թ. նոյեմբերին:
Չորս հորիզոնականով առաջադիմել է Հայաստանի հավաքականը, որը ներկայումս 119-րդ տեղում է: Մեր ընտրանուն հաջողվել է 13 կետով ավելացնել վարկանիշը: Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Լեհաստանի ֆուտբոլիստները 2 տեղով վեր են բարձրացել եւ զբաղեցնում են 23-րդ հորիզոնականը: Իսկ մեր մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Պորտուգալիայի ընտրանին, որը պահպանել է դիրքը 8-րդ հորիզոնականում: 4-ական տեղով վեր են բարձրացել սերբերը (29րդ տեղ) եւ ֆինները (48-րդ), բելգիացիներն էլ մեկ հորիզոնականով են առաջ շարժվել (52-րդ տեղ): Իսկ ահա Ադրբեջանի եւ Ղազախստանի հավաքականները 3 տեղով նահանջել են:
Ամենամեծ առաջընթացն ունեցել է Սալվադորի հավաքականը, որը վարկանիշն ավելացրել է 100 կետով եւ վեր բարձրացել 31 տեղով: Իսկ ահա Գվինեայի հավաքականը 40 տեղով նահանջել էՙ իր վարկանիշը նվազեցնելով 386-ով:
Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:
1. Իտալիա | 1562 |
2. Բրազիլիա | 1540 |
3. Արգենտինա | 1535 |
4. Ֆրանսիա | 1496 |
5. Գերմանիա | 1359 |
6. Անգլիա | 1330 |
7. Հոլանդիա | 1312 |
8. Պորտուգալիա | 1262 |
9. Չեխիա | 1193 |
10. Իսպանիա | 1161 |
11. Ուկրաինա | 1018 |
27. Ռուսաստան | 817 |
50. Ուզբեկստան | 596 |
69. Բելառուս | 445 |
72. Լիտվա | 435 |
83. Մոլդովա | 373 |
86. Վրաստան | 363 |
96. Լատվիա | 324 |
106. Էստոնիա | 266 |
119. Հայաստան | 209 |
127. Տաջիկստան | 185 |
130. Ադրբեջան | 180 |
139. Ղրղզստան | 149 |
145. Ղազախստան | 123 |
155. Թուրքմենստան | 93 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ