Իսկ Ադրբեջանը քրտնամխած «comment»-ներ է տարածում
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ Փարիզում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հանդիպումը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը տեղեկացնում է, որ երկրում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ջոնաթան Հենիքի կարծիքով, չի բացառվում, որ համանախագահները եւս մեկ հանդիպում ունենան: Դեսպանատան պաշտոնյայի վկայությամբ, արդեն տեղի ունեցած խորհրդակցությունն աշխատանքային էր:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ երեւանի ժամանակով բավականին ուշ հանդիպել են նաեւ Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Հետաքրքրական է, որ թերեւս հենց այս հանդիպման համատեքստում ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե Գերմանիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բնավ էլ Փարիզ մեկնելու մտադրություն չունի: Ավելին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավար Թաիր Թաղիզադեի մեկնաբանությամբ, Փարիզ մեկնելու Վարդան 0սկանյանի «անսպասելի» որոշումը վկայում է, թե Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկելու հարցեր ունեն:
Հաշվի առնելով վերջերս ադրբեջանական դիվանագիտության ներկայացուցիչների իրարամերժ, երբեմն հակասություններով լի հայտարարությունների հաճախակիացած հրապարակումները, որոնցում մարտին ակնկալվող Վարդան Օսկանյան-Էլմար Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ փորձ է արվում ադրբեջանական հասարակությանը սեփական դիրքերի անսասանության հավաստումներ տալ, հետաքրքրական կլիներ պարզել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, օրինակ, Մամեդյարովի հանդիպումներն ինչ նպատակ են հետապնդում: Մի՞թե դրանք հարցեր քննարկելու համար չեն:
Իսկ եթե ադրբեջանական արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչը Մինսկի խմբի համանախագահների հետ Օսկանյանի Փարիզում ունեցած հանդիպումը ներկայացնում է այնպես, թե հայկական կողմը խնդիր ունի ի հակադրություն ադրբեջանականի, ապա կանխատեսելու մեծ կարողություններ պետք չեն հասկանալու համար, որ Թաղիզադեն, արտգործնախարարների հունվարի 23-ի հանդիպման ուշացած մեկնաբանություն-ձեւախեղումների նման, հերթական անգամ փորձում է բանակցությունների յուրաքանչյուր ելքի պարագայում «հաղթական կեցվածք» ապահովել:
Ինչեւէ, ադրբեջանական «հոռետեսության» կողքին ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` ղարաբաղյան հակամարտության կողմերին բավարարող խաղաղ լուծում գտնելու առնչությամբ: «Վերջին հանդիպման ժամանակ համանախագահները տեղեկացրել են ինձ հակամարտության կողմերի հետ ունեցած շփումների մասին: Բացի այդ, նրանք պատմել են համագործակցության գաղափարների մասին, որ պետք է նպաստեն հակամարտության օպտիմալ լուծմանը», «Ազերի պրես» գործակալության վկայությամբ նշել է Մորատինոսը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակինՙ Մորատինոսը հայտարարել է. «Իրավիճակն ինձ համար ավելի պարզ դարձավ համանախագահների եւ իմ անձնական ներկայացուցչի հետ հանդիպումից հետո: Կարծում եմ, իրավիճակը հակամարտության շուրջ գոհացնող է: Ինձ գոհացնում են Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու փորձերը»: Միգել Անխել Մորատինոսը տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեշտացման նպատակով Հայաստան եւ Ադրբեջան ամռանը այցելելու մտադրության մասին: