«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2007-02-14 | #28, 2007-02-15 | #29, 2007-02-16


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ.«ԵՍ ԳՈՐԾԻ ՄԱՐԴ ԵՄ»

«Բարգավաճ Հայաստանի» համար ապագա խորհրդարանի տեղերի 1/3-ը քիչ է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

370 հազար անդամ ունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 586 պատվիրակ երեկ ներկա էր 3-րդ արտահերթ այն համագումարին, որն ընդունեց կուսակցության նորացված ծրագիրը, նորացված կանոնադրությունը, ընդունեց հայտարարություն, նորից նախագահ ընտրեց Գագիկ Ծառուկյանին եւ 35 հոգանոց քաղխորհուրդ, որի կազմում էին այն կուսակցական ակտիվիստները, որոնց անունները մինչ այդ էլ կապված էին ԲՀԿ-ի այս կամ այն ձեռնարկման կամ միջոցառման հետ (տե՛ս «Ազգի» ներկա համարի 5-9 էջերը):

Սակայն «Բարգավաճ Հայաստանի» անվան շուրջն ստեղծված եռուզեռը այնքան էլ չարտածվեց համագումարի դահլիճում, մանավանդ որ առաջին ընդմիջումից հետո համագումարն ընթացավ փակ ընթացակարգով (ՀՅԴ ականջը կանչի), իսկ համագումարից հետո տեղի ունեցած ասուլիսին կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չներկայացավ, մինչդեռ լրագրողների հարցերն ակնհայտորեն պատրաստված էին Ծառուկյանի համար: Բացը լրացնելու համար հայտարարվեց, որ Ծառուկյանը մոտ օրերս ասուլիս է տալու:

Բայց նախ համագումարի բաց հատվածի մասին: Դահլիճի առաջին շարքում Անդրանիկ Մարգարյանն ու Գալուստ Սահակյանն էին ՀՀԿ-ից, Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը` ՀՅԴ-ից, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը, նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ՔԴՄ առաջնորդ Խոսրով Հարությունյանը, ներկայացուցիչներ ՀԺԿ-ից եւ «Ազգային միաբանությունից»:

Հետաքրքրական է, որ այս համաժողովում նախ ելույթ ունեցան այլ կուսակցություններից` ողջույնի խոսքով հանդես եկած Արմեն Ռուստամյանն ու Խոսրով Հարությունյանը, եւ հետո միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` նախնական մթնոլորտը նախ ողջունողները ստեղծեցին. այսպես խախտվեց կուսակցական համագումարների` մինչեւ այս գծված սխեման: Նախօրոք ասենք` ՀՀԿ-ից որեւէ մեկը ելույթ չունեցավ, ու անգամ որոշ ներկաներ զարմանալի համարեցին վարչապետի ներկայությունը` հիշելով, որ ՀՀԿ համագումարին Գագիկ Ծառուկյանը ներկա չէր:

Այլ առիթներով «Բարգավաճ Հայաստանի» բարեգործությունը քաղաքականությունից ու քաղաքական գործընթացներից դուրս դիտարկող ՀՅԴ-ի ներկայացուցիչն իր ողջույնի ուղերձում բավական բարեկամական էր տրամադրված` մեծ քաղաքական փորձ ունեցող կուսակցության պատուհանից դիտելով նորաստեղծ կուսակցության ջանքերը, վստահություն հայտնելով, որ ժողովրդի համար ստեղծվող կուսակցությունն իրավիճակը ճիշտ կգնահատի, կմտահոգվի ժողովրդի ճակատագրով, ինչի համար նաեւ խիզախություն ու համարձակություն է պետք: Հայաստանում կուսակցական համակարգը դեռեւս ձեւավորված չէ, եւ շատերը հենց գայթակղություն են ունենում նորանոր կուսակցություններ գրանցել: Ժողովրդի մեջ բավական մեծ դժգոհություն կա կուսակցությունների հանդեպ` այս իրավիճակում կուսակցությունն իր գործունեությամբ պետք է նպաստի հիասթափության կրճատմանը, նվազմանը: Առանց դրա հնարավոր չի լինելու երկրի իրական զարգացում ապահովել: Մյուս կուսակցությունների մասին էլ ասաց, թե վստահ է, խանդ չի կարող առաջանալ. «Բարգավաճը» եթե այդ պատասխանատվությամբ իր ուրույն դիմագիծը ձեռք բերի, կարող է լուծել Հայաստանի առջեւ կանգնած առաջնահերթ մի շարք խնդիրներ: «Նման գործելաոճով կզսպվեն բոլոր այն ուժերի ամբիցիաները, որոնք ծագում են մեկ նպատակից` եսակենտրոնություն, հատվածական շահի հետապնդում. մեր քաղաքական դաշտում այդպիսի ուժերը պետք է տեղ չունենան», հասցեատերերին անորոշ թողեց Ա. Ռուստամյանը:

Խոսրով Հարությունյանն էլ նշեց, թե համեստ քաղաքական կենսագրության պարագայում` ԲՀԿ-ն ունի ժողովրդի համակրանքը:

Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը երկար չէր` «Կարճ կխոսեմ, որովհետեւ գիտեք` ես գործի մարդ եմ» ինքնաբնորոշմամբ: Նրա կուսակցությունը ձգտելու է աշխատանքով ապահովված սոցիալապես կայուն ընտանիքով բարգավաճ ու կայուն պետություն կառուցել. գյուղի վերածնունդ, կենսամակարդակի բարձրացում եւ այլն: Կուսակցության նորացված ծրագիրը լուրջ տեղ է տալիս գիտությանը, երաշխավորված բուժօգնությանը, երիտասարդ սերնդին եւ այսպիսի այլ լավ-լավ բաների: Արտաքին քաղաքականության մեջ նպաստելու է եվրոինտեգրմանը, ցեղասպանության ճանաչմանը, երկրի ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների ընդլայնմանը: Նա վստահեցրեց, որ հուսախաբ չի անի իր բազմահազար կուսակիցներին, խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն գնալու է միայնակ, տեր է կանգնելու իր ձայներին եւ լուրջ ներկայություն է ունենալու նոր խորհրդարանում: Անձամբ Ծառուկյանը որեւէ պաշտոնի չի հավակնում եւ չի ձգտում:

Հետաքրքրական էին ԲՀԿ խորհրդի անդամ Վարդան Վարդանյանի հրապարակած թվերը` 370 հազար անդամ, Հայաստանի տարածքով մեկ 526 գրասենյակ, տարածքային 41 կառույց, 614 սկզբնական կազմակերպություն. Հայաստանի պայմաններում` սրանք գիգանտ կուսակցության տվյալներ են:

Ընդմիջմանը գործարար Գոհար Ենոքյանին հարցրինք, թե ինչո՞ւ է հատկապես նա ընդգրկվել «Բարգավաճ Հայաստանում». «Լույս եմ տեսնում թունելի վերջում, իրոք հույսս կապում եմ լիդերի հետ` խոսքի տեր մարդ է եւ մեծ հույս ունեմ, որ կամաց-կամաց, իրոք, մեր երկիրը պետք է բարգավաճ ապրի», ասաց:

Թեեւ ավելի ուշ գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի անունը տեսանք նոր ընտրված քաղխորհրդի անդամների շարքում, բայց համագումարի ընդմիջմանը նա լրագրողների հարցին ի պատասխան հավաստիացրեց. «Ես ոչ մի բանի չեմ հավակնում` աջակցում եմ ուժերիս ներածին չափ` իմ կենսագրությամբ, իմ հնարավորություններով, իմ մտքով, իմ խելքով»:

Կուսակցության անդամների թիվը ռեա՞լ է. «Հարցը կոռեկտ չէ, ի՞նչ է նշանակում` ռեալ է, թե ոչ: Փորձեք ստուգել` մանավանդ զբաղվածության առումով պրոբլեմ ունի հանրապետությունը, կզբաղվեք. հարցը տեղին չէ», մեր հարցին այսպես արձագանքեց ԲՀԿ ծրագրի համահեղինակ Վարդան Բոստանջյանը: Երբ լրագրողները հարցրին, թե ի՞նչ տարբերություն մյուս կուսակցությունների եւ ԲՀԿ-ի ծրագրի միջեւ` Վ. Բոստանջյանն առաջարկեց կարդալ, եւ շատ կարդալ, որ իմանան տարբերությունը: Կուսակցության ինտելեկտուալ բանկի մասին «Ազգի» հարցին ի պատասխան էլ այս գնահատականը հնչեցրեց. «Բարձր, մեծ, ամենամեծը»:

Համագումարից հետո ավելին իմանալու լրագրողների ջանքերը չվարձատրվեցին: Ըստ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանի` ապագա խորհրդարանում 3-րդ տեղը ԲՀԿ-ին չի բավարարում: Կուսակցության համամասնական ցուցակը կկազմվի քաղխորհրդի նիստում, ընտրական հանձնաժողովներում ներկայացված չլինելու բացը կլրացնեն կուսակցության նվիրյալ վստահված անձինք: Համագումարում ներկա ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը ԲՀԿ անդամ է, իսկ Վիկտոր Դալլաքյանի եւ Թաթուլ Մանասերյանի մասով ասուլիս տվող ԲՀԿ-ականները տեղեկացված չէին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4