«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2007-02-14 | #28, 2007-02-15 | #29, 2007-02-16


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ»

2007-ին ֆրանսիական հասարակությունը հնարավորություն կունենա շփվելու, ավելի մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին: «Հայաստանի տարին Ֆրանսիայում» ծրագրի շրջանակներում գրեթե 500 միջոցառումներ մինչեւ հուլիս տեղի կունենան ֆրանսիական տարբեր քաղաքներում` «Հայաստան, իմ բարեկամ» խորագրով: Այս մասին տեղեկություններ հաղորդում է Փարիզից մեր թերթին հաճախակի թղթակցող Լեւոն Մոմջյանը:

«Հայ նկարիչներ` 19-20-րդ դարեր» ցուցահանդես «Գրիմալտի» դղյակ-թանգարանում:

Մարսելում մեծ հետաքրքրությամբ անցավ արդի հայ գեղանկարչության վարպետի` Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսը:

Փարիզի «Գավո» սրահում միջազգային հեղինակավոր մրցանակների դափնեկիր եւ Եվրոպայում հռչակ ձեռք բերած դաշնակահար Վարդան Մամիկոնյանը կնվագակցի տաղանդավոր, հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանին: Կներկայացվի միայն հայ երաժշտություն:

Փարիզի Կանադական մշակութային կենտրոնում ներկայացվեցին աշխարհահռչակ Յուսուֆ Քարշի լուսանկարները:

Նախատեսված են բազմաթիվ երաժշտական, պարային ներկայացումներ: «Նավասարդ» համույթի պարային ելույթը` Էվրում: Վանվոյում հանդես կգա դաշնակահար Արթուր Ահարոնյանը` Օրսեյ քաղաքի նվագախմբի նվագակցությամբ, Մեդզիու-«Սպիտակ» համույթը` հայկական ավանդական երաժշտությամբ: Կանն-համերգային ծրագիր «Երգեր Արարատի համար»` մասնակցությամբ Ռոման քաղաքի կամերային նվագախմբի եւ Հայաստանի երաժիշտների: Նանսի` ջութակահար Իվրի Գիթլիսի եւ դաշնակահար Վահան Մարտիրոսյանի համերգը:

Փարիզի «Երաժշտական ձայնադարան» սրահում` դուդուկահար Արայիկ Բարթիկյանի ելույթը: Սան-Ռաֆայել` Նարեկ Դուրյանի հումորային երաժշտական թատերախաղը: Նույն քաղաքում` «Երազ» պարի եւ երաժշտության համույթի «Բուրումնավետ Հայաստան» ներկայացումը:

Փարիզի «Ծովային թանգարան»-ում հաջողությամբ բացվեց Հովհ. Այվազովսկու փարիզյան թվով 6-րդ ցուցահանդեսը: Մայրաքաղաքի «Գեղարվեստի բարձրագույն դպրոց»-ի սրահ` Փարաջանովի 60 կոլաժային (1970-1990) աշխատանքների ցուցադրություն: Փարիզի օպերայում հանրահայտ արվեստագետների ելույթ` Շառլ Ազնավուրի կազմակերպմամբ: «Հայ լուսանկարիչների արեւելքը»` 19 դարից մինչեւ 1960 թ. (Ստամբուլում, Բեյրութում, Դամասկոսում, Կահիրեում, Պաղեստինում աշխատած լուսանկարիչներ): Օրսեի թանգարան` «Հայաստանը` լուսանկարիչների աչքերով»:

***

Աշխարհի ամենահռչակավոր թանգարաններից մեկում` Լուվրում նախատեսված է հարուստ ծրագիր` կներկայացվեն ֆիլմեր, տեղի կունենան ցուցահանդեսներ, դասախոսություններ: Այս մասին, ըստ Լուվրի ամսաթերթի, տեղեկություններ է հաղորդում բեյրութցի նկարիչ, այժմ Փարիզում գտնվող Հարություն Թորոսյանը:

«Armenia Sacra»-ի կազմակերպությամբ Լուվրում կներկայացվի հայ քրիստոնեական մշակույթի պատմությունը: Նույն ընթացքում ազգային գրադարանում կցուցադրվի հայկական ձեռագրերի հավաքածու: Կերպասեղենի եւ Լիոնի «Fourviera» թանգարաններում` Մայր աթոռ սբ. Էջմիածնից տարված հայկական ծիսական արվեստի գործեր (խորանի վարագույր, սկիհներ, ավետարանի պահոցներ): Լուվրի թանգարանի հրատարակությամբ («Somogy» հր.) 408 էջանոց գիրք-կատալոգը բավականին ընդարձակ տեղեկություններ է հաղորդում հայոց քրիստոնեական մշակույթի մասին, ներկայացնում դժվարին պատմական շրջաններում, Արեւելք-Արեւմուտք խաչուղիներում, տարբեր ժողովուրդների ազդեցություններին ենթարկված, սակայն իր դիմագիծն ու մշակութային ինքնատիպությունը պահպանած մեր ժողովրդին: Ցուցահանդեսում ընդգրկված են հայ միջնադարյան մանրանկարչության նմուշներ, նաեւ քանդակային աշխատանքներ, ինչպես եւ 30 խաչքար` բերված Հայաստանից:

Լուվրի օդիթորիումում տեղի կունենա բանախոսություն` Ֆրանսիայից Յանիկ Դյուրանի եւ Մարի Պիեռ Լաֆիթի, Հայաստանից` Սեն Արեւշատյանի մասնակցությամբ:

Թեման առնչվում է 6-րդ դարի փղոսկրյա եզրով երկու ավետարաններին, որոնցից մեկի` Մայր աթոռ սուրբ Էջմիածնից Փարիզ բերելու առիթով Ֆրանսիայի ազգային մատենադարանը Լյուպիսեն եկեղեցուց մի քանի ժամով տրամադրել է դարձյալ 6-րդ դարի նմանատիպ մի ավետարան:

Նույն սրահում ավելի ուշ տեղի կունենա Վասիլի Գրոսմանի հայաստանյան տպավորությունների մասին «Հայաստանի նոթեր» դասախոսությունը: Պատմությանն ու ավանդությանն առնչվող «Հայ գրականության ոսկեդարը» դասախոսությամբ հանդես կգա հայագետ պրոֆ. Ժան-Փիեռ Մահեն:

Լուվրի նույն սրահում տեղի կունենան մի շարք կինոդիտումներՙ կներկայացվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: Անապատի վարդապետները հայկական մանրանկարչության մեջ, Մյուռոնօրհնեքի արարողություն Գարեգին Ա Կաթողիկոսի մատուցմամբ, մեր հոգեւոր ճարտարապետության երկու հրաշալի կոթողներիՙ Տաթեւի եւ Հաղպատի մասին պատմող ֆիլմեր: Լուվրի թանգարանում «Armenia Sacra»-ի կամակերպությամբ հանդիպում կկազմակերպվի արվեստագետ Սարգիսի հետ, որն այստեղ կներկայացնի ինստալացիոն կոմպոզիցիաՙ բավական հետաքրքրական մտահղացումներով եւ պատկերների երեւակայության անսովորությամբ:

Հայկական հնագույն ճարտարապետությանը եւ շինարարական արվեստին կծանոթացնի Փարիզի Նոտր Դամ մայր եկեղեցու ներքնատանը, ինչպես եւ նշանավոր ցուցասրահներից Կոնսիերժըրիում բացված ցուցահանդեսըՙ Հայաստանի երբեմնի 12 մայրաքաղաքներին նվիրված: Այս մասին ավելի հանգամանալից Հարություն Թորոսյանի նամակով մեզ հայտնած տպավորություններումՙ ստորեւ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4