«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2007-02-14 | #28, 2007-02-15 | #29, 2007-02-16


ՄԵԿՆԱՐԿՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԱՋՈՂ ՉԷՐ

Մոսկվայում մեկնարկել է շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարը: Մասնակիցներն, ըստ իրենց վարկանիշների, բաժանվել են չորս խմբի եւ հանդես են գալիս չորս մրցաշարում: Բնականաբար, ուժեղագույն շախմատիստների մրցավեճը գտնվում է շախմատասերների ուշադրության կենտրոնում: A1 մրցաշարում հանդես են գալիս ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 2549-ից բարձր գործակից ունեցող շախմատիստները: Այստեղ ցուցակը գլխավորում են Վլադիմիր Հակոբյանը եւ հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Շաշիկիրանը, որոնք ունեն 2700 վարկանիշ: Հայաստանից ուժեղագույնների մրցաշարում հանդես են գալիս նաեւ Արտաշես Մինասյանը, Կարեն Ասրյանը, Զավեն Անդրեասյանը, Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանն ու Տիգրան Պետրոսյանը: Ընդհանուր առմամբ ուժեղագույնների մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:

Վլադիմիր Հակոբյանն առաջին տուրում կարճատեւ պայքարից հետո խաղաղ դաշն կնքեց ռուսաստանցի Վալերի Պոպովի հետ: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին նաեւ Կարեն Ասրյանը եւ Զավեն Անդրեասյանը: Միակ հաղթանակը տոնեց Արտաշես Մինասյանը, որը սեւերով պարտության մատնեց ուկրաինուհի Կատերինա Լահնոյին: Իսկ ահա Աշոտ Անաստասյանը սպիտակներով զիջեց Դմիտրի Յակովենկոյին, Տիգրան Պետրոսյանն էլ նույն գույնի խաղաքարերով պարտվեց Խարիկայից: Անհաջող մեկնարկեց նաեւ Գաբրիել Սարգսյանը: Ընդհանուր առմամբ 88 շախմատիստներից 29-ը հաղթանակով սկսեցին մրցաշարը, որոնց թվում է եւ Արտաշես Մինասյանը:

A2 մրցաշարում հանդես են գալիս 2400-2549 վարկանիշ ունեցող շախմատիստները, որոնք պայքարում են մրցանակային ընդհանուր 50 հազար դոլարի համար: Մրցաշարի 180 մասնակիցների թվում են հայաստանցի 10 շախմատիստներ: Նրանցից Դավիթ Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Բենիամին Գալստյանը եւ Տիգրան Նալբանդյանը առաջին տուրում հաղթանակներ տոնեցին: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Արթուր Չիբուխչյանը, Հրանտ Մելքումյանը, Արա Մինասյանը, Էլինա Դանիելյանը, Արսեն Եղիազարյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

B մրցաշարում հանդես են գալիս 2200-2399 գործակից ունեցող շախմատիստները: Այստեղ Հայաստանը ներկայացնում են ութ շախմատիստներ: Գեւորգ Հարությունյանը պարտության մատնեց Ալեքսանդր Շանցեւին, Դավիթ Քալաշյանը հաղթեց Վանգ Հուագուանին: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Դավիթ Կարաթորոսյանը, Յուրի Համբարձումյանը, Աղասի Ինանցը: Մեկնարկն անհաջող էր Վարդան Գրիգորյանի, Վարդան Մելքոնյանի եւ Սամվել Տեր-Սահակյանի համար, որոնք զիջեցին մրցակիցներին:

C մրցաշարում հանդես են գալիս 2200-ից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստները: Հայաստանը ներկայացնող 7 շախմատիստներից առաջին տուրում հաղթանակներ տոնեցին Դավիթ Գեւորգյանը, Սուրեն Պողոսյանը, Առնոլդ Մինասյանը, Արթուր Ղարագյոզյանը եւ Տիգրան Սիմոնյանը: Արթուր Մարգարյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Արմեն Անտինյանը զիջեց մրցակցին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4