Թե՞ հավես չկա
Մոտենում են 2007 թ. խորհրդարանական ընտրությունները: Օրը ճշգրտված-որոշված էՙ 12-ը մայիսի: Մի գերհզոր պետություն էլ արդեն խոստացել է 6 մլն դոլար հատկացնել մեր ընտրությունները «մարդավարի» կամ դեմոկրատաբար անցկացնելու նպատակով: Ու մենք չենք էլ մտածում վիրավորվել. դրա ժամանակը չէ...
Եթե ասենք, որ հասարակությունը շունչը պահած այդ օրվան է սպասում, հումորի զգացում ունեցող ընթերցողը լիաթոք կծիծաղի, իսկ նա, ով այդ զգացումը վաղուց կորցրել է կենցաղային դժվարություններով լի «կյանք» կոչված կիսակայարանում, ամենաքիչը մեկ-երկու «քաղցր» բառով կհիշի տողերիս հեղինակին:
Ստորեւ ներկայացվող նյութը փորձ է ցույց տալու, թե ինչպիսին ենք մենք այսօրՙ ընտրությունների նախաշեմին:
Հրանտ Դինք
Հետտոնական թմբիրից դեռ կարգին դուրս չեկած ալեկոծվեցինքՙ սպանվել է Հրանտ Դինքը: Վերջինիս ողբերգական մահն ու դրա միջազգային արծարծումը պատճառ ու առիթ դարձան, որ այդ հայրենասեր մտավորականը ճանաչելի դառնա հայ հասարակության գրեթե բոլոր շերտերի համար: Գրեթե, քանի որ միշտ եւ ամենուրեք կգտնվի մարդկանց մի տեսակ, ում համար «հայրենիք», «հայրենասիրություն», «ազգ» բառերն ավելի քիչ նշանակություն ունեն, քան իրենց բջջային հեռախոսի մոդելը կամ մեքենայի ազդանշանի ուժգնությունը: Բազմաթիվ շահարկումների, անկեղծ կամ բորբոքված-հաշվենկատ ելույթների թոհուբոհում եթե մենք մի քիչ ավելի հայացանք, ուրեմն կարելի է արձանագրել, որ հայրենական հեռուստալրագրային քարոզչամեքենան իր կամքից անկախ վատ չկատարեց իրեն ի վերուստ վերապահված դերը, այն էՙ զբաղվել աճող (եւ աճած) սերնդի հայեցի դաստիարակությամբ: Հեռուստատեսային հաղորդումների կոսմոպոլիտ (ըստ պատասխանատուներիՙ առաջադեմ) առօրյա կեցվածքին 101-րդ անգամ, այն էլ անպտուղ չանդրադառնանք, միայն նշենք, որ ՀՀ բանակի 15-ամյակին նվիրված հաղորդումներն ու Երեւանով մեկ սփռված գովազդային հիշեցում-վահանակները հաճելիորեն զարմացրին ու ինչ-որ չափով լրացրին այն բացը, որ կա արդեն նշված հայեցի դաստիարակության բնագավառում:
Ափսոս միայն, որ հրանտդինքյան այդ օրերին քչերն իմացան, որ կյանքից հեռացավ մեկ այլ հայ մտավորական, անունըՙ Խորեն Պալյան:
«Խելոք մնա, թե չէ ավտոդ կվառեմ»
Սուրեն Բաղդասարյանի եւ Արա Սաղաթելյանի մեքենաների հրկիզման կազմակերպիչ-կատարողներին գտնել-չգտնելը թողնենք իրավապահ կառույցների խղճին (իրավապահ մարմին ու խիղճ. անհամատեղելի՞ են): Տխուր խորհրդածությունների տեղիք է տալիս դրանց հասարակական «չարձագանքը»: Այսինքն, աշխատավայրում, խանութում թե երթուղային տաքսիներում այդ ու նմանատիպ դեպքերի քննարկումները, հազվադեպ բացառություններով, չեն անցնում «Դե, եսիմ ում եսիմ ինչ վատություն է ուրեմն արել», «Նրան հասնում էր (չէր հասնում)» մտքերի սահմանը: Քչերի մտքով անցավ, ավելի քչերն էլ չասենք համարձակություն, այլՙ հավես չունեցան հնչեցնելու. «Ինչպե՞ս կարելի է»-ն: Ինչպե՞ս կարելի է արդարացնել ամեն բնույթի ու բարդության, միջանձնական կամ միջխմբային հարցեր լուծելու, առավել եւս ազատ խոսքը կապանքելու այս եղանակը: Լոկ այն պատճառով, որ դրանից չենք տուժել մե՞նք, կամ մեր հարազատնե՞րը: Է, հետո՞: Իսկ գուցե որքան էլ անկատար են մեր օրենքները, ավելի անկատարՙ դրանք կիրառելու կերպերն ու ձեւերը, մերժե՞նք հարցեր լուծելու նման եղանակը: Թե չէ, Աստված մի արասցե, հեռու չէ այն օրը, երբ հասարակության լուռ հավանությամբ կսկսեն մեքենաներ ու շենքեր պայթել-փլվել, որից տուժողների մեջ չե՛նք կարող մենք չլինել: Այնժամ ուշ կլինի հասկանալու համար, որ վաղվա այդ դժբախտություններին արժանացել ենք այսօրՙ օրենք ու կարգապահություն հասկացություններից «հուշտ» լինելով, Լինչի դատաստանի կողմնակիցների մեջ լինելով կամ լուռ թե բարձրաձայն նրանց արդարացնելով:
«Էս սարն իմն է, էս ծառն իմն է»
«Իմ»-ը այս դեպքում հանգիստ կարելի է վերափոխել ՍԻՄ-ի, սարի ու ծառի փոխարեն էլ հասկանալ կուսակցություն ու գրասենյակ: Հրանտ Խաչատրյան-Հայկ Բաբուխանյան հակամարտությունը դեռ ընթացքի մեջ է, դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անելը, թե ով որքան է ճիշտ կամ սխալ: Առայժմ պարզ է միայն, որ տրոհվեց քիչ թե շատ անուն-հեղինակություն ունեցող հերթական կուսակցությունը, կրկինՙ ընտրությունների նախաշեմին: Ներսից թե դրսից, այս դեպքում այնքան էլ էական չէ գոնե ոչ ՍԻՄ-ականների համար: Տխուր է միայն, որ Հ. Խաչատրյանը չկարողացավ խուսափել ինչ-որ մեկի կողմից բեմադրվող այս ներկայացման մեջ դեր ունենալուց ու իր կամքին հակառակՙ այս շոուի կազմակերպիչների ջրաղացին ջուր լցնելուց: Նրան հասկանալ կարելի է. տարիների աշխատանքի արդյունքին են փորձում տիրանալ, տարիներով ու դեպքերով ստուգված-փորձված անունն ու հեղինակությունն են փորձում մրոտել: Դա ցույց է տալիս միայն, թե քաղաքական դաշտ «փչացնողները» ինչ զգայուն թելերի վրա կարող են խաղալ ու խաղադրույքներ կատարել իրենց նպատակին հասնելու համար: Չհասկանալով սակայն, որ քաղաքական դաշտի ու էթիկայի չգոյությունը բումերանգի պես հարվածելու է: Վաղը: Իրենց:
«Դե մենք օրենք չսիրող ազգ ենք»
Մեր հասարակությունը հիվանդ է, ու հիվանդ է առաջին հերթին անկարգապահությամբ: Պատճառների մասին կարելի է անվերջ խոսել, բայց փորձենք մտածել այն վերացնելու մասին: Սկսենք ամենատարրականից ու ինքներս մեզանից, քանի որ հարցը, թե պետական ո՞ր կառույցը, երբ ու ինչպե՞ս պետք է զբաղվի կազմակերպված, կարգապահ հասարակություն դաստիարակելով, երկարատեւ, բազմակողմանի քննարկման նյութ կդառնա ու ամենայն հավանականությամբ, միայն քննարկում էլ կմնա: Ընդամենը: Սկսենք մեզանից, քանի որ ոչ ոք չի՛ արգելում ծխախոտի մնացորդը կամ անպետք թուղթը աղբարկղ գցել, ոչ ոք չի՛ արգելում հասարակական վայրերում հասարակության անդամին վայել պահվածք ունենալ, ոչ ոք չի՛ արգելում կանգառից դուրս կանգառ չպահանջել մեզ նման անկարգապահ-ծխող-«երաժշտություն» վայելող-«պասաժիռ հավաքող» վարորդից:
Ո՞վ է արգելում մեր մանր, միջին թե խոշոր գործարարին հարկեր-տուրքերը նորմալ մուծել: Մարդկային գործո՞նը, թե անկատար օրենքները, որոնց պատճառով «բոլոր հարկերը եթե տանքՙ մեզ տակը բան չի մնա»: Գուցե ինչ-որ բան մտածենքՙ օրենքները փոփոխելու, այլ ոչ թե դրանք հազար ու մի միջոցներով շրջանցելու, պետբյուջեի փոխարեն չգիտես ում գրպանը լցնելու համար:
Ո՞վ կամ ի՞նչն է արգելում պետության կարիքների ձեռքը կրակն ընկած Կոզեռնի կամ Ֆիրդուսիի բնակիչներին այնքան փող-փոխհատուցում տալ, որ նրանք սիրահոժար զիջեն իրենց պատկանող տարածքնե՞րը (եթե փաստաթղթեր չկան, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդը երկար տարիներ չի ապրել այդտեղ, ու դա պարզելը անլուծելի խնդիր չէ պետական մարմինների համար. ցանկություն լինի): Պետբյուջեի սղությո՞ւնը, թե՞ հերթական գործարարիՙ «ավելորդ ոչ մի կոպեկ» չծախսելու ցանկությունը:
Ու այսպես շարունակ կարելի է գտնել-տեսնել բաներ, որ ոչ ոք մեզ չի՛ արգելում անել (ու դա արդեն լավ է), բայց մենք չենք անում, քանի որ կամ լծակներ չկան մեզ պարտադրելուՙ անելու ճիշտը, լավը, բարին, կամ էլ ուղղակի հավես չունենք:
Հետաքրքրական էՙ ուղեւորնե՞րը, վարորդնե՞րը, թե ոստիկանները պատճառ դարձան, որ «կանգառից դուրս կանգառ չպահանջելը» միամսյակային կոչից այն կողմ չանցավ ու հիմա «աշխատում» է միայն Երեւանի կենտրոնական պողոտայի հատվածում, այն էլ երեւիՙ ժամանակավորապես:
Վերջաբանի փոխարեն
«Շատ բարի, բայց ո՞ւր գնալ: Հայաստա՞ն: Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինականությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություննե՞ր էին սպասում»:
(Հատված Հրանտ Դինքի վերջին հոդվածից)
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ