«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2007-02-15 | #29, 2007-02-16 | #30, 2007-02-17


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ

Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարում ուժեղագույնների խմբում հայ շախմատիստներից առայժմ առավել հաջող է հանդես գալիս Արտաշես Մինասյանը: Նա հաղթանակով էր մեկնարկել եւ երկրորդ տուրում զարգացրեց հաջողությունըՙ պարտության մատնելով մոլդովացի Վիկտոր Բոլոգանին: 2 տուրից հետո Մինասյանը 2 միավորով Բորկի Պրեդոեւիչի, Եվգենի Տոմաշեւսկու, Ստանիսլավ Նովիկովի, Ալեքսանդր Արեշչենկոյի, Շեքար Գանգուլիի եւ Հոու Յուֆանի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հաջող է մեկնարկել նաեւ Վլադիմիր Հակոբյանը: Երկրորդ տուրում նա սպիտակներով պարտության մատնեց միջազգային վարպետ ադրբեջանցի Էլթայ Սաֆարլիին եւ վաստակեց 1,5 միավոր: Անհաջող մեկնարկից հետո իր օգտին առաջին հաղթանակը գրանցեց Գաբրիել Սարգսյանը, որն առավելության հասավ ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւայի նկատմամբ: Իսկ ահա Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցՙ զիջելով Ալեքսանդր Եվդոկիմովին: Ոչ-ոքի ավարտ ունեցան Ասրյան-Վորոբյով, Անդրեասյան-Եֆիմենկո, Նգուեն-Անաստասյան պարտիաները: Սարգսյանը, Ասրյանը եւ Անդրեասյանը վաստակել են 1-ական միավոր: 3-րդ տուրում Արտաշես Մինասյանը սեւերով մրցելու է ռուսաստանցի Ստանիսլավ Նովիկովի հետ: Հակոբյանի մրցակիցը կլինի ԱՄՆ-ն ներկայացնող Յան Էլվեստը:

A2 մրցաշարում Դավիթ Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավՙ առավելության հասնելով Դմիտրի Չուպրովի նկատմամբ: Դավիթը 2 միավորով աղյուսակը գլխավորող 17 շախմատիստների թվում է: 1,5-ական միավոր ունեն Բենիամին Գալստյանը, Արա Մինասյանը, Տիգրան Նալբանդյանը, Ավետիք Գրիգորյանը, Արթուր Չիբուխչյանը: Երկրորդ տուրում հաղթանակներ տոնեցին նաեւ Չիբուխչյանը, Արա Մինասյանը, Փաշիկյանն ու Քոթանջյանը: Ավետիք Գրիգորյանը, Բենիամին Գալստյանը, Տիգրան Նալբանդյանը, Էլինա Դանիելյանը, Արսեն Եղիազարյանը եւ Լիլիթ Մկրտչյանը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Միակ պարտությունն A2 մրցաշարում կրեց Հրանտ Մելքումյանը:

B մրցաշարում էլ Հայաստանի պատվիրակներից Դավիթ Քալաշյանն է 2,5 միավորով առաջատարների թվում: Երկրորդ հաղթանակը նա տոնեց հոլանդացի Վան դե Բերկմորտելի նկատմամբ, իսկ 3-րդ տուրում խաղաղ դաշն կնքեց ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլու հետ պարտիայում: Նշենք, որ B մրցաշարի մասնակիցները մեկ օրում միանգամից երկու տուր անցկացրին: 2-ական միավոր են վաստակել Յուրի Համբարձումյանն ու Գեւորգ Հարությունյանը: 1,5-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը, Աղասի Ինանցը եւ Դավիթ Կարաթորոսյանը:

C խմբի մրցաշարը 2-ական միավորով գլխավորում են 34 շախմատիստներ: Նրանց թվում են նաեւ Արթուր Ղարագյոզյանը, Սուրեն Պողոսյանը, Տիգրան Սիմոնյանը, Առնոլդ Մինասյանը եւ Դավիթ Գեւորգյանը: Սիմոնյանը հաղթեց Օլեգ Ռինասին, Պողոսյանը պարտության մատնեց Սիվասանկարին, Ղարագյոզյանը առավելության հասավ Թիմուր Թայսաեւի նկատմամբ: Գեւորգյանն իր օգտին հաղթական միավոր գրանցեց Իոսիֆ Բրոնշտեյնի հետ մրցախաղում, իսկ Մինասյանը հաղթեց Վիկտոր Գավրիլենկոյին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4