Վիճարկվում է ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը
Ադրբեջանում 2006 թ. անցկացված Ռուսաստանի տարին ակնարկելով` որոշ տաքգլուխներ 2007 թվականը հայտարարել են «Ռուսաստանի հակատարի»: Թեեւ դա ծայրահեղություն է, բայց Մոսկվա-Բաքու հարաբերություններում փաստորեն որոշակի սառնություն է ծագել:
«Մոսկովսկիե նովոստի» թերթը հիշեցնում է, որ անցյալ տարվա փետրվարին նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հանդիսավոր պայմաններում բացեցին Ադրբեջանում Ռուսաստանի տարին, խոսեցին բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման մասին: Նախատեսվեց երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել տարեկան 2 մլրդ դոլարի:
Երկկողմ առեւտրի ծավալն անցյալ տարի կազմեց մեկուկես միլիարդ դոլար, որը բավական լավ ցուցանիշ է: Սակայն «բոլոր ոլորտների ռազմավարական համագործակցությունն» անմիջապես հարցականի տակ դրվեց, հենց որ Մոսկվան ԱՊՀ երկրների հետ շուկայական հարաբերությունների խորացման հերթական քայլն արեց եւ Բաքվին առաջարկեց 2007 թ. 1000 խմ գազը գնել 235 դոլարով:
Բաքվի իշխանությունները մերժեցին «Գազպրոմի» առաջարկը, նախընտրելով մազութով աշխատեցնել սեփական ջերմաէլեկտրակայանները:
Կրակի վրա յուղ ավելացրին մանրածախ առեւտրի ոլորտում հունվարի 15-ից Ռուսաստանի սահմանած նոր կանոնները: Դրանց համաձայն, մինչեւ ապրիլի 1-ը երկրի մանրածախ առեւտրի ցանցը պետք է ազատվի օտարերկրացիներից, այդ թվում հարյուր հազարավոր ադրբեջանցիներից:
Որքան էլ տարօրինակ թվա, վերջին խնդիրն Ադրբեջանի համար կարող է ավելի բարդ լինել, քան գազի խնդիրը: Նախ եւ առաջ երկրի տնտեսությունը կզրկվի տարագիր աշխատավորների կողմից ամեն տարի ուղարկվող 1-1,5 մլրդ դոլարից: Երկրորդ, փորձագետները կանխատեսում են սոցիալ-քաղաքական լարվածության կտրուկ աճ, որը տեղի կունենա տարագիրների հայրենադարձման հետեւանքով:
Տվյալ հարցով մտահոգված նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ կառավարությանն առընթեր ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որին հանձնարարված է գտնել սպասվող «փոթորկի» սրությունը մեղմացնող լուծումներ:
Ադրբեջանի իշխանությունները Մոսկվայի «գազային եւ աշխատանքային ահաբեկմանը» պատասխանեցին երկու քայլերով: Արդեն հունվարին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը դադարեցրեց նավթի արտահանումը Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով (2006 թ. ընկերությունը դրանով արտահանել էր 1,2 մլն տոննա նավթ, որից ռուսական «Տրանսնեւթը» 18,8 մլն դոլար եկամուտ էր ստացել): Երկրորդ քայլն այն էր, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը որոշեց հուլիսի 1-ից Ադրբեջանի տարածքում դադարեցնել ռուսական «PTP-պլանետա» եւ «Առաջին ալիք» հեռուստաալիքների տարածումը:
Միաժամանակ Բաքուն փորձում է հանդես գալ վերապահումներով, որպեսզի ինչ-որ չափով մեղմացնի երկկողմ լարվածությունը: Կառավարության տնտեսական եւ վարկաֆինանսական քաղաքականության վարչության պետ Օկտայ Ախվերդիեւը «Մոսկովսկիե նովոստի» թերթի թղթակցին հայտարարեց, որ երկու երկրների տնտեսությունը զարգանում է շուկայական սկզբունքներով, ուստի գազի թանկացումը եւ Ռուսաստանում մանրածախ առեւտրի նոր կանոնների հաստատումը չարժե քաղաքականացնել:
Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլդար Իսմայլովն իր հերթին հիմարություն է անվանել Ադրբեջանում հակառուսական տարի անցկացնելու հայտարարությունները: Նրա կարծիքով, Բաքուն եւ Մոսկվան կապված են տնտեսական, քաղաքական եւ հումանիտար բնույթի վաղեմի ու բազմամակարդակ կապերով:
Իսմայլովի խոսքերով, գլոբալացման ներկայիս ժամանակաշրջանում Ադրբեջանը շարժվում է դեպի ԵՄ, ԱՄՆ եւ ՆԱՏՕ: Ռուսաստանից հեռանալը նա համարում է «միանգամայն օրինաչափ» երեւույթ: Ադրբեջանցի քաղաքագետի կարծիքով, այս տարի Մոսկվա-Բաքու հարաբերությունները կլինեն բարդ: «Բայց բարդությունները տնտեսական բարեփոխումների եւ համաշխարհային ընկերակցության մեր երկրների ինտեգրման անխուսափելի վարձն են», ընդգծում է փորձագետը:
Պ. Ք.