«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2007-02-16 | #30, 2007-02-17 | #31, 2007-02-20


ՀԺԿ-Ն ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ` ՀՊԱՐՏ-ՄԻԱՅՆԱԿ

Երբ ընդդիմադիր առաջնորդներից յուրաքանչյուրը, դեմքի խորիմաստ արտահայտությամբ, հայտարարում է, թե իր գլխավորած ուժը միայնակ է գնալու ընտրությունների, հավանաբար իր նշանակալիության եւ ինքնագնահատականի մասին դատում է սեփական կուսակցության համագումարի դահլիճից լսվող ծափերի ուժգնությունից` այդ ծափերը թույլ չեն տալիս երկրորդի կամ երրորդի դերում տեսնել սեփական անձը: Անգամ Վազգեն Մանուկյանի ասած երկու-երեք խմբով ընդդիմադիր դաշինքն այսօր կարող է եւ չկայանալ. ըստ որոշ լուրերի` համաձայնության եզրեր չի գտնում հենց այն խումբը, որը պետք է ստեղծվեր ԱԺՄ-«Ժառանգություն» հիմքով` որպես խմորիչ, հետո գուցեեւ ընդլայնվելով: Եվ որքան էլ անցած շաբաթ ՀԺԿ համագումարում նրա լիդեր Ստեփան Դեմիրճյանն ասում էր, թե իշխանությունը փորձում է պառակտել ընդդիմությանը, դուրս է մղում իրական ընդդիմությանը` իր կողմից ղեկավարվող խամաճիկային ընդդիմությանն առաջ մղելով, մեր կարծիքով այս պահին ոչ ոք եւ ոչինչ չի պառակտում ընդդիմությանն այնպես, ինչպես իր իսկ միավորները: Ընդդիմությանը միասնական գոնե երկու ձեւաչափով ընտրությունների գնալուն ոչինչ չի խանգարում, բացի սեփական կուսակիցների ծափերից: Իսկ այն հարակից պատճառները, որոնք հիմնականից (վերը մեր նշած պատճառից) բացի մղում են Ստեփան Դեմիրճյանին եւ նրա ղեկավարած ուժին հայտարարելու, թե ընտրությունների միայնակ են գնալու, եւ համագործակցությունը հավանաբար հնարավոր կլինի միայն ընտրակեղծիքների դեմ պայքարող դեռ չստեղծված կառույցում միայն, մնացել են 2003 թվականի, այսինքն` 4 տարի առաջվա անցյալի մեջ: Այսինքնՙ այդ պատճառները հնացել են, իրավիճակն այլ է, ՀԺԿ-ն ինքն էլ, ուրեմն, դեռ 2003 թվականի մեջ է: Իշխանությունն իր կողմից քայլեր արել է` ստեղծելով մի նոր քաղաքական ուժ եւ շփոթության մատնելով ժողովրդին, որը որոնելով նոր ուժերի կամ դաշինքների` չի գտնելու նրանց եւ խճճվելու է նոր թվացողի գցած ընտրացանցում: Այդ ժամանակ Գալուստ Սահակյանի «երազած ուժեղ» ընդդիմությունը ստիպված է լինելու իր ցիրուցան միավորները հավաքել միայն, իսկ պարտվելու համար սկսելու է մեղադրել բոլորին, բացի իրենից, որ ընտրություններից երկու ամիս առաջ չօգտագործեց բազմիցս փորձված այնպիսի մի գործիք, ինչպիսին դաշինքն է` վկան նույն 2003-ը, վկան` 1996-ը:

Տեսեք ինչ է ասում Ս. Դեմիրճյանը ի պատասխան «Ազգի» հարցի, թե արդյոք ճակատագրական սխալ չէ՞ այս պահին ընդդիմության ուժերը փոշիացնելն ու միայնակ ընտրությունների գնալը. «Ամորֆ դաշինքներից օգուտ չկա, ոչ էլ հասարակությունը դրանից կշահի: Դաշինք ստեղծելն ի վերջո ինքնանպատակ չէ, պետք է նայել արդյունավետությանը»: Այնուամենայնիվ` գոնե պատուհանը բոլորովին չի փակում. «Բայց հարցը փակված չէ», ավելացնում է. այո, այս մի ավելացումը կարող էր փրկության տեղ թողնել այն ուժերի համախմբի համար, որոնցից մեկը ՀԺԿ-ն պիտի լիներ: Այն ուժերը, որոնք չեն կարող զսպել իրենց մեծ սպասումներն ու կրքերը ու չեն պատրաստվում մի բան զիջել, որ ավելի մեծ բանի տեր լինեն` նրանց կուլ է տալիս պատմության աղբանոցը: Երեւի ոչ միայն ՀԺԿ-ն, այլեւ ընդդիմության այլ միավորները եւս փոխադարձ վստահության պակաս ունեն, ու նրանցից ամեն մեկը կարող է մյուսի մասին ասել այն, ինչ Դեմիրճյանն էր ասում` առանց կոնկրետացնելու ում մասին է խոսքը. «Իրենց ընդդիմադիր համարող որոշ գործիչներ, պայքարելու փոխարեն դատավորի կերպար են ընդունում եւ դասեր տալիս ընդդիմությանը. տեսնում ենք բոցաշունչ ելույթներ, որոնց հետեւում են իշխանության հետ գործարքները: Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը տեսնում է` ո՞վ է պայքարում, եւ ո՞վ` անձնական հարցեր լուծում»: Բայց հազիվ թե ժողովուրդը բան հասկանա մեր ընդդիմադիր դաշտից, իսկի մենք` երկար ժամանակ քաղաքական լրագրությամբ զբաղվողներս բան չենք հասկանում մեր ընդդիմադիրներից շատերի բուն շարժառիթից, խեղճ ժողովուրդ, պատկերացնում եք նրան ընտրությունների օրը, համամասնական քվեաթերթիկը ձեռքին, ու մի երեսուն իշխանական եւ ընդդիմադիր կուսակցությունների ցանկում մեկ րոպեի ընթացքում իր «միակի ու անկրկնելիի» անունը որոնելիս

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4