«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2007-02-16 | #30, 2007-02-17 | #31, 2007-02-20


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱԿԱՆ ՄԵԾ ՓՈՐՁ Է ՊԵՏՔ

Ասում է Գալուստ Սահակյանը

«Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչո՞ւ էր «Բարգավաճ Հայաստանի» համագումարին ՀՀԿ-ն ներկայացված առաջին դեմքերով, իսկ Գագիկ Ծառուկյանը չէր ընդունել ՀՀԿ հրավերը եւ չէր եկել ՀՀԿ համագումարին: Պարզվեց, որ ԲՀԿ ներկայացուցիչը եղել է այդ համագումարին, իսկ Ծառուկյանը համագումարի օրը Հայաստանում չի եղել: Ընդհանրապես` Գ. Սահակյանը բավական բարեհաճ արտահայտվեց ԲՀԿ-ի մասին, համագումարն էլ շատ նորմալ ու պատշաճ գնահատեցՙ առանց նորաստեղծ ուժերին հատուկ հերոսական պաթոսի: ԲՀԿ քաղխորհրդի` առավելաբար ոչ քաղաքական դեմքերի մասին ասաց. «Համ ուզում եք նոր դեմքեր տեսնել, հետո էլ ասում եք` ճանաչելի չեն»: Գ. Սահակյանը համաձայն չէր, որ ընդդիմությունը զրկված է եթերից. «Հիմա արդեն իսկ ընդդիմադիր գործիչներն են ավելի շատ հեռուստատեսությամբ հանդես գալիս, քան իշխանականը», եւ պնդեց ավելի վաղ իր ասածը, թե քարոզչության ամենանպատակահարմար ձեւը ժողովրդի հետ կենդանի շփումն է: Խորհրդարանում տեղ գրավելու մտադրություն ունեցող նորեկների մասին էլ ասաց. «Չեն կարողանում ընկալել, որ խորհրդարանը բարդ օրգանիզմ է... խորհրդարանի ամբիոնին տիրապետելու համար բավական մեծ փորձ է պետք` շատ դժվար ամբիոն է: Պատգամավոր լինելն անձնազոհություն է, այլ ոչ թե ժամավաճառություն». չասաց, թե ովքեր են այդ դեմքերը, որոնց խոսելը տաղտկալի է, քանի որ վատ հայերենով են խոսում... «Մտածում են, որ մեր պետությունը մի թիրախ է, եւ ով ցանկանա` կկարողանա խոսք ասել...»:

Իսկ Հայաստանը որպես ընտրությունների գնացող երկիր` լուրջ փորձությունների առաջ է կանգնած` գնալով եւ հասարակության պահանջն է փոխվում, եւ քաղաքական գործիչների գիտակցությունը:

«Այլընտրանքի»` այսօր սկսվող հանրահավաքների շարքի մասին. «Ուշացած մկրտություններ են դրանք, թերեւս` շատ ուշացած, որովհետեւ խոսք ասելու համար յուրաքանչյուր քաղաքական թիմ պետք է նախապատրաստական ճանապարհ անցնի, որը, կարծում եմ, չկա»:

Ի վերջո` 2007 թվականի ընտրությունները գաղափարների, թե՞ փողի միջեւ են: Մեր այս հարցի պատասխանը Գ. Սահակյանը մի փոքր պատկերավոր տվեց. «Պետք չէ մտածել, որ նոր Քրիստոս է ծնվելու կամ նոր գաղափարախոսություն, որ դա լինի գաղափար. եթե քաղաքական ուժը վերընձյուղվում է ազգային արժեքներով եւ հիմնավորում է դա` ավելի մեծ գաղափարախոսություն դժվար գտնեք», հավանաբար հենց իր ներկայացրած ուժը փորձեց փողից հեռու-գաղափարին մոտիկ դնել Գալուստ Սահակյանը:

Սահմանադրական դատարանն անցած ուրբաթ հակասահմանադրական էր համարել հանրային հեռուստատեսության կողմից ԱԺ հայտարարություններն ու հարցուպատասխանը ԱԺ կանոնակարգով եթեր հեռարձակելու պարտադրանքը, այդպիսով` նաեւ ոչ եւս են «Խորհրդարանական ժամ» հաղորդաշարի` ընդդիմության երեք րոպեները: Թեեւ արդեն ընդդիմությունը բացասաբար է անդրադարձել ՍԴ այս մոտեցմանը, սակայն Գ. Սահակյանի կարծիքով` այդպես ազատ լրատվամիջոցների իրավունքն է վերականգնվել. լրատվամիջոցը ազատ եւ ինքն իր գործունեության պատասխանատուն պետք է լինի. «Արտահերթ նիստում հնարավոր է ԱԺ-ն քննարկի հարցը` ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ», ասաց Գ. Սահակյանը` նկատելով, թե հարցը կլուծվի մրցութային կարգով կամ պայմանագիր կնքելով:

ՀՀԿ համամասնական ցուցակի մասին մի բան իմանալու տարբեր հարցերը արդյունքի չբերեցին` այն դեռ թղթի վրա չէ: Գործարարները պակաս են լինելու այդ ցուցակում, քանի որ իրենք են որոշել` այդքան հեշտ բան չէ խորհրդարանում անընդհատ մարտնչելը: Դժգոհողներ կլինե՞ն այդ ցուցակից. «Դժգոհողներ միշտ էլ լինում են, ամեն մարդ իրեն ավելի բարձր է գնահատում, քան ընկերոջը: Դրա համար էլ կոլեգիալ մարմինն է նման խնդիրները որոշում»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4