Սարգիս Հակոբյանի հիշատակին
Սարգիս Հակոբյանի ամփոփ կենսագրությունից, որ «Ազգին» տրամադրել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Հայաստանի թռչուններ» նախագծի տնօրեն Լեւոն Ջանոյանը, մեզ է ներկայանում հասարակական եւ ազգային կյանքով հետաքրքրված, բարեսիրությունը իրապես գոյակերպ դարձրած մարդու կերպար: Ամերիկահայ մտավորականի բարեգործական իրագործումներին մեր հանրությունն անտեղյակ է, քրիստոնեական ներքին նկարագիրն է նրան մղել գործելու անաղմուկ ու ծածուկ: Ոչ հեռուստատեսությամբ, ոչ մամուլով այդ մասին չի խոսվել:
Մեկ ամիս առաջ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Իսթոն քաղաքում իր մահկանացուն կնքեց 80-ամյա Սարգիս Հակոբյանըՙ ազգային գործիչը եւ մեծ բարերարը: Ծագումով պարսկահայ, ծնվել է մտավորականի ընտանիքում. ծնողները բժիշկներ էին: Երիտասարդ տարիքում մեկնել է ԱՄՆ, տեխնիկական բարձրագույն կրթություն (ինժեներական) ստանալով, հիմնել է իր ընկերությունըՙ Acopian Technical Company: Մասնագիտական ունակությունները դրսեւորել է էլեկտրոնային սարքավորումների ոլորտումՙ նորարարական բազմաթիվ նախագծերով: Նրա անվան հետ են կապված էներգամատակարարման էլեկտրոնային սարքերը, արեգակնային մարտկոցներով ռադիոընդունիչները, Մյուհլենբերգում ստեղծված թռչնաբանական կենտրոնը: Սակայն իր էության անքակտելի մաս, ներքին համոզմունքներին ու աշխարհայացքին ներդաշնակ բարեսիրական գործունեությունն իր ապրած կյանքի ու միջավայրի հանդեպ ունեցած պատասխանատվությունից է բխում: Ինչպես ԱՄՆ-ում, այդպես էլ Հայաստանում Սարգիս Հակոբյանը կարեւոր ներդրումներ է ունեցել բնապահպանության, առողջապահության, գիտության ոլորտներում, նույնպես եկեղեցաշինության մեջ: Մեծապես աջակցել է Ամերիկայի Հայ առաքելական թեմին: Հյուսիսային Կարոլինա նահանգում կառուցել է սբ. Սարգիս եկեղեցին: Գարեգին Ա կաթողիկոսի եւ Փառեն եպս. Ավետիքյանի նախաձեռնությամբ Գյումրիում կառուցել է սբ. Հակոբ եկեղեցին: Նրա բարեգործությամբ իրականացավ Երեւանումՙ սբ. Մեսրոպ եկեղեցու շինարարությունը եւս:
Հայաստանում նրա նպաստաբեր գործունեությունը արձանագրվում է տարբեր բնագավառներում: Լինելով Հայաստանի Ամերիկյան համալսարանի խոշոր եւ մշտական հովանավորներից մեկըՙ 1992-ին հիմնադրում է շրջակա միջավայրի պաշտպանության եւ հետազոտական կենտրոնը: Երկրաշարժից հետո Գյումրիում շինարարական նյութերի արտադրության գործարանի ստեղծման համար կատարում է ամենախոշոր ներդրումը: Ամբողջությամբ վերանորոգում եւ բուժսարքավորումներով վերազինում է Երեւանում ազգային բանակի ռազմական կենտրոնական հոսպիտալի վիրահատական բաժանմունքը: Հայաստանում եւ ԱՄն-ում թռչնաբանների իր կազմած խումբը սկսում է Հայաստանի թռչունների հետազոտման եւ հավաքագրման աշխատանքները եւ 1997, 1999, 2000 թվականներին հրատարակվում է «Հայաստանի թռչուններ» դաշտային ուղեցույցը, համանուն գիտական ձեռնարկը եւ քարտեզըՙ անգլերենով եւ հայերենովՙ շատ արժեքավոր ուսումնասիրություն եւ դիտարժան հրատարակություն:
Սարգիս Հակոբյանը աջակցել է նաեւ Ամերիկայի հայկական համագումարին: Կանադայում Հայաստանի դեսպանատան շենքը նույնպես նրա նվիրատվությունն է: Անշուշտ, մարդասիրական այսօրինակ գործունեությունն աննկատ չէր կարող անցնել, որքան էլՙ նրա անձի համեստությանը. նրան արժանացրել են Էլիս Այլենդ եւ սբ. Գրիգոր Լուսավորիչ պատվո շքանշաններին ու Մյուհլենբերգի համալսարանի գիտությունների դոկտորի կոչմանը:
Մ. Բ.