«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2007-02-16 | #30, 2007-02-17 | #31, 2007-02-20


ՌԱՋԱԲՈՎԸ ԿՈՂՈՊՏՎԵՑ ԵՎ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄՐՑԱՇԱՐԻՑ

Մեկնարկել է շախմատի միջազգային խոշոր մրցաշարը ութ ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Լինարեսի մրցաշարի առաջին շրջանի հանդիպումները տեղի են ունենում մեքսիկական Մորելիա քաղաքում (մինչեւ փետրվարի 25-ը), իսկ մարտի 2-11-ը շախմատիստները մրցավեճը կշարունակեն Լինարեսում: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 314 հազար եվրո է: Այդ գումարից 100 հազարը կստանա հաղթողը, 75 հազարը` 2-րդ, 50 հազարը` 3-րդ տեղ զբաղեցնողը: Վերջին տեղը գրավող շախմատիստին կտրվի 11 հազար եվրո:

Մինչ մրցաշարի մեկնարկը տհաճ միջադեպ տեղի ունեցավ, որի հետեւանքով ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը հրաժարվեց մրցումներին մասնակցելուց: Նրան մրցաշարում փոխարինեց ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը: Իսկ տեղի էր ունեցել հետեւյալը: Մրցաշարի կազմակերպիչները շախմատիստներին առաջարկել էին կլիմայափոխվելու համար մի քանի օր հանգստանալ մեքսիկական Պատսուարո քաղաքում: Ռաջաբովը հոր հետ, որը նաեւ նրա մարզիչն է, ռեստորանում ընթրելուց հետո վերադառնալով հյուրանոցի իր համարը, դռան կողպեքը ջարդած էր գտել: Անհայտ հանցագործները կողոպտել էին Ռաջաբովին: Թեեւ տեղի ունեցածի մասին նրանք հայտնել էին ոստիկանությանը, սակայն վերջինս ոչինչ չէր ձեռնարկել: Ռաջաբովը փոխհատուցում էր պահանջել մրցաշարի կազմակերպիչներից, սակայն այդպես էլ ոչինչ չստանալով, հրաժարվել էր մասնակցությունից:

Իսկ այժմ մրցաշարի ընթացքի մասին: Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ Թոփալովն ու Անանդը, Իվանչուկն ու Լեկոն: Հաղթանակ տարավ միայն Մագնուս Կառլսենը, որն առավելության հասավ Ալեքսանդր Մորոզեւիչի նկատմամբ: Երկրորդ տուրում եւս միայն մեկ արդյունավետ ելք գրանցվեց: Այս անգամ իր օգտին հաղթական միավոր գրանցեց Վասիլի Իվանչուկը` հաղթելով Թոփալովին: Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Կառլսենի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Լեկոն ու Մորոզեւիչը, Անանդն ու Սվիդլերը:

Երկու տուրից հետո 1,5 միավորով աղյուսակը գլխավորում են Վասիլի Իվանչուկն ու Մագնուս Կառլսենը: Արոնյանը, Անանդը, Լեկոն ու Սվիդլերը վաստակել են մեկական միավոր: 3-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Մորոզեւիչի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4