«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2007-02-17 | #31, 2007-02-20 | #32, 2007-02-21


ՈՒՐԻՇ Ո՞Վ, ԵԹԵ ՈՉ ՊՈՒՏԻՆԸ

Ռուսաստանի ներկա ներքաղաքական կյանքում ինչ էական փոփոխություններ էլ որ տեղի ունենան, այդուհանդերձ հարցերի հարցը մնում է մեկըՙ կպահպանի՞ գահը Պուտինը, թե՞ կհրաժարվի հավակնությունից: Բանն այն է, որ եթե նա իրոք ուզենա թեւակոխել նախագահական երրորդ շրջան, ապա ոչ մի արգելքի չի հանդիպի «ժողովրդական զանգվածների» կողմից: Ինչ վերաբերում է սահմանադրական սահմանափակումների փոփոխմանը, դա զուտ «տեխնիկական» հարց էՙ ենթակա համապատասխան լուծման: Ամենահզոր ճնշումը կգործադրեն Արեւմուտքը եւ ներսի արեւմտամետ ուժերը: Այնպես որ, նորՙ 2007 թվականը սկզբունքային տարի կլինի Ռուսաստանի մերձակա ապագայի կանխորոշման առումով:

Սակայն անցած տարում Ռուսաստանի քաղաքագաղափարական կյանքում տեղի ունեցավ մի էկզոտիկ «հեղաշրջում», որն, իհարկե, չունենալով համազգային նշանակություն, այդուհանդերձ ուշադրություն գրավեց իր հանկարծակիությամբ ու արմատականությամբ: Հատկապես Մոսկվայում հայ պատանիների սպանությունների ֆոնի վրա Հայաստանում այն մտայնությունն է ստեղծվել, որ համայն Ռուսաստանը համակված է նացիոնալիստական ոգով ու գաղափարներով: Ոչ: Նացիոնալիստական տրամադրություններ, անշուշտ կան, կան նաեւ ռուսական ազգային ինքնագիտակցության բարձրացման մոլեռանդ գաղափարախոսներ ու ջատագովներ, սակայն նրանք իրենցից առայժմ իրական ազդեցիկ քաղաքական ուժ չեն ներկայացնում: Հիշենք, թե ինչ դյուրությամբ քաղաքական ասպարեզից մեկուսացվեց այդ շարժման երեւացող լիդերներից մեկըՙ Դմիտրի Ռոգոզինը:

Այդուհանդերձ, ազգայնական-հայրենասիրական միտքը իր զարգացման ներկա փուլում յուրօրինակ ու անակնկալ բեկում ապրեց մի հարցումՙ ինչպես ասում են, 180 աստիճանով փոխեց վերաբերմունքը... Պուտինի նկատմամբ: Եթե մինչ այդ երկրի ղեկավարի, նրա անձնավորության, նրա «ռեժիմի» հասցեին հնչում էին միայն բացասական, մերժողական, էժանագին զազրախոսություններ, ապա մի տարօրինակ օր (բառացիորեն) պարզվեց, որ Պուտինը գրեթե միակն էՙ ընդունակ փրկելու Ռուսաստանը Արեւմուտքի ու առհասարակ իր թշնամիների որոգայթներից: Հայհոյանքները վերածվեցին դիֆերամբների, հրապարակային դատապարտումներըՙ պուտինամետ քարոզչության եւ այլն: Բանը հասավ մի այնպիսի ծայրահեղության, որ ռուս նացիոնալիստների մամուլը սկսեց գովերգել նույնիսկ Պուտինի շրջապատի այն պաշտոնյաներին, որոնք ելցինյան տարիներին արժանացել էին ժողովրդի, առանց չափազանցության, ատելությանը (Չուբայս, Կիրիենկո եւ ուրիշներ): Այսինքն, կարեւո՜ր չէ, թե նրանք ինչ չարիքներ են գործել նախկինում, շատ ավելի կարեւոր է, որ նրանք այսօր օգտակար գործ են կատարում: Կրկնում եմ, այս հակադարձը այնքան շեշտակի էր, որ վրդովմունք առաջացրեց նույնիսկ ներնացիոնալիստական բանակում: Շատերը հայտարարեցին, որ «համաշխարհային սիոնիզմի դրածո եւ ռուս ժողովրդի ոխերիմ թշնամի» Չուբայսի հետ նրանք... դրախտ էլ չեն գնա:

Եվ այնուամենայնիվՙ ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը մի օրում հիրավի անփոխարինելի դարձավ այս ծայրահեղ ազգասեր խավի համար: Որոշ վերապահումներով հանդերձ այն համոզմունքն է հայտնվում, որ հենց նրա օրոք նկատվեցին երկրի առողջացման միտումներ, էկոնոմիկայի աճ: Կարեւորագույն գործոն դարձան երկրի ապակայունացման կանխումը եւ քաղաքական կենտրոնացման գործընթացի զարգացումը: Կարգավորվում է իրավիճակը Չեչնիայում: Ոտքի է կանգնում հալածված բանակը: Որպես արդյունք Պուտինի նպատակասլաց ու հաշվենկատ գործունեության եւ շնորհիվ անձնական հմայքի վերականգնվում է Ռուսաստանի վարկը միջազգային ասպարեզում:

Ահա եւ, եզրակացնում են ռուս նացիոնալիստները, զրկելով Պուտինին երրորդ նշակետից, իրական վտանգ է առաջանում «լիբերալ ռեւանշի» համար, երբ նրան կարող է փոխարինել Արեւմուտքի ազդեցության լծակներիՙ օլիգարխիական եւ կառավարական շրջանակների դրածոն: Այնժամ կարելի է երկյուղել Ռուսաստանի էկոնոմիկայի ու բարոյականության քայքայման 90-ական թվականների ուրվականից: Ավելին, մտավախություն է արտահայտվում, որ քաղաքական նոր վերնախավի (առանց Պուտինի) երեւան գալը կարող է պայմանավորել իշխանության ու սեփականության նոր վերաբաժանումՙ հղի դաժան կոնֆլիկտներով ու երկրի սոցիալ-քաղաքական կյանքի հզոր բեկումներով, որոնք կարող են վտանգի ենթարկել նույնիսկ երկրի տարածքային միասնությունը: Առավել եւս նման պարագան կթուլացնի Ռուսաստանի մրցակցային հնարավորությունները գլոբալացման գործընթացում:

Նացիոնալիստները հիանալի են հասկանում, որ նոր դարում ամերիկյան «իմպերիալիզմը» իրեն որպես գլխավոր քաղաքական-տնտեսական-ռազմական հակառակորդ է ճանաչում ոչ թե Ռուսաստանին, այլ չինական դրակոնին: Ընդսմին ամերիկացիները կփորձեն վերջինիս հետ հակամարտության մեջ իրենց կողմը գրավել Ռուսաստանին, իսկ եթե դա չհաջողվի, նրան առեւտրի առարկա դարձնել ամերիկա-չինական առճակատումներում: Բայց եթե իշխանության գլուխ գա նոր արեւմտամետ վերնախավ, ապա նա առավելագույնս կդյուրացնի ամերիկացիների մտահղացումների իրագործումը:

Եվ վերջապես, հսկայական դժվարություններով խաղաղեցնելով Չեչնիան, հաջողվեց հավասարակշռել երկրի ներսում քրիստոնեա-մահմեդական անհարիրությունները: Մինչդեռ երկու կրոնական-աշխարհիկ քաղաքակրթությունների բախումը, նացիոնալիստների կարծիքով, անխափան գործիք կդառնա երկրի քայքայման նոր «լիբերալ» ծրագրի հեղինակների ձեռքին: Մանավանդ որ կա դրա փորձը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4