Հրանտ Խաչատրյանը վերադարձավ իր «քաղաքական օազիսը»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցությունում երեկ կեսօրին կրկին իրարանցում էր: Կուսակցության հիմնադիր-նախագահ Հրանտ Խաչատրյանը եւ մոտ մեկ տասնյակ դատական ակտերի հարկադիր կատարողներ (ԴԱՀԿ) այցելեցին կուսակցության գրասենյակ` իրականացնելու վերաքննիչ դատարանի վճիռը, որով ՍԻՄ նախագահը Հրանտ Խաչատրյանն է: Տեղեկացնենք, որ վերաքննիչ դատարանը նախօրեին նաեւ հավելյալ պարզաբանում էր արել իր կայացրած վճռի վերաբերյալ, ըստ որի կուսակցության 17-րդ համագումարի արդյունքները չեղյալ համարելը նշանակում է վերականգնել սեպտեմբերի 16-ի դրությամբ գործող վերստուգիչ հանձնաժողովի եւ նախագահության կազմը ու նրանց վերադարձնել կուսակցության կնիքը, ֆինանսական փաստաթղթերն ու տարածքը: Երեկ փաստորեն ԴԱՀԿ աշխատակիցները եկել էին այդ վճիռն իրականացնելու:
Հարկադիր կատարողները, որոնք ի դեպ բավական լռակյաց էին, սկզբում թակեցին դուռը, հետո տեսնելով, որ ներսում ոչ ոք չկա` սկսեցին երկար-բարակ արձանագրություն կազմել: Դրանից հետո եկավ մի մասնագետ, ով տեխնիկայի միջամտությամբ բացեց գրասենյակի դռան կողպեքը: Բաց դռնից ներս մտան կուսակցության հիմնադիր-նախագահ Հրանտ Խաչատրյանը, հայցվոր կողմի ներկայացուցիչները, այսինքն` նրա համախոհները եւ թերթի 3 աշխատակիցներ:
Հայկ Բաբուխանյանը նախօրեին հայտարարել էր, որ ԴԱՀԿ-ի աշխատակիցների այցի օրը իրենք հզոր ակցիա են նախապատրաստում գրասենյակում: Սա իհարկե նախապատրաստել էր մեզ բախումներ, գրոհներ տեսնելու հնարավորությանը, սակայն նման բան չեղավ, եւ կուսակցության հիմնադիրը օրենքի ուժով մտավ իր իսկ հիմնադրած կուսակցության գրասենյակ: «ՍԻՄ-ը ամրոց չէ, որ գրոհենք, դա քաղաքական օազիս էր, որտեղ մեզ հաճելի էր պիտանի լինել երկրին», թախիծով նկատեց Հրանտ Խաչատրյանը:
Լրագրողներիս չթողեցին ներս մտնել, սակայն Հրանտ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հարկադիր կատարողները գույքագրում են թերթի եւ կուսակցության տարածքը: Ի դեպ, ներսում մյուս բոլոր սենյակների դռները եւս բացվեցին մեզ արդեն ծանոթ եղանակով, քանի որ ինչպես կուսակցության ղեկավար Հրանտ Խաչատրյանը նշեց, բանալիները չկան եւ սենյակների դռների փականները փոխված են:
Հրանտ Խաչատրյանը հայտնեց, որ ինքը երեկ առավոտյան դիմել է գլխավոր դատախազությանը` խնդրելով ուսումնասիրել Հայկ Բաբուխանյանի ինքնակոչ գործունեությունը եւ ուսումնասիրության արդյունքները համադրելով իրենց ունեցած տվյալների հետ` քրեական գործ հարուցել նրա նկատմամբ ինքիրավչության, զրպարտության եւ այլ երեւույթների մեղադրանքով: Նա հերքեց նաեւ Հովհաննես Գալաջյանի մեկ օր առաջ ասած այն պատճառաբանությունը, թե «Իրավունք» թերթը Հրանտ Խաչատրյանից սպառնալիքներ է ստացել եւ դրա համար էլ դադարեցրել է գործունեությունը. «Ես ավելորդ կհամարեի հերթական անգամ հերքելու այդ լուրերը, եւ երեկ ես համենայն դեպս զբաղված եմ եղել պետական մարմիններին եւ միջազգային կազմակերպություններին նամակ գրելով»: Նա ընդգծեց, որ թերթի լույսընծայման դադարեցման պատճառն այն է, որ Բաբուխանյանը հույս ունի ռեգիստրից կեղծ վկայական ստանալ եւ նոր քաշքշուկներ ստեղծել:
Ժամը հինգին Հրանտ Խաչատրյանը հրավիրած ասուլիսում հայտնեց, որ հարկադիր կատարողները գույքագրելիս արձանագրել են, որ կուսակցության եւ թերթի գրասենյակից բացակայում են թերթի համակարգիչների հիշողության սարքերը (HAT դիսկերը), ձեւավորման, նախագահի եւ փոխնախագահի սենյակների համակարգիչները, իր սենյակից բացակայում են պետռեգիստրի վկայականը, նախագահության որոշումները, երկաթե պահարանը, իր գրադարանը, ամբողջությամբ դատարկ է թերթի գանձարկղը: ՍԻՄ նախագահն ասաց, որ իրենք նախագահության նիստ են հրավիրել` 6 անդամներից 4-ի մասնակցությամբ: Նախագահության նիստ են հրավիրելու նաեւ այսօր, որտեղ կորոշվի կուսակցության կանոնադրական եւ աշխատանքային կարգը վերականգնելու հարցը, ինչպես նաեւ «Իրավունքի» հետագա ճակատագիրը: Ցավ հայտնելով «Իրավունքի» վերջին 5-6 ամիսներին տարածած «զրպարտությունների» համար` նա հույս հայտնեց, որ կվերացվեն տեխնիկական խնդիրներն ու «Իրավունքը» լույս կտեսնի առաջիկայում` ժողովրդին ծանոթ հին դրսեւորումներով:
Հրանտ Խաչատրյանը հայտնեց, որ ոչ ինքը, ոչ ՍԻՄ-ը չեն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, քանի որ ինքը ցանկություն չունի, իսկ կուսակցությունն էլ` հնարավորություն: «Փաստորեն ՍԻՄ-ի շուրջն ստեղծված ամբողջ պատմությամբ կուսակցությունը վճարեց ընտրություններին չմասնակցելու գինը» «Ազգ»-ի դիտարկմանը` Հրանտ Խաչատրյանն արձագանքեց, որ ինքն առանձնապես շահագրգռված չէ քաղաքականության մեջ մնալով եւ շատ չի ուրախացել նախորդ անգամները, երբ պատգամավոր է դարձել:
«Ես չորսամսյա լռությամբ կարողացա բացահայտել Բաբուխանյանի կեղծ դիմակը», ասաց ՍԻՄ ղեկավարը` միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ գուցե այսքանով չավարտվի ՍԻՄ-ի շուրջն ստեղծված մղձավանջը: