«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2007-02-17 | #31, 2007-02-20 | #32, 2007-02-21


ՀՈՒՆՎԱՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՍՈՎՈՐՙ 11,9 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Կտրուկ ավելացել են ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ծավալները

Հայաստանի տնտեսության համար հունվար ամիսը, դատելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական ցուցանիշներից, աչքի է ընկել այս ամսվա համար անսովոր աշխուժությամբ: Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ տնտեսության իրական հատվածում, այսինքն արդյունաբերության մեջ (առանց էլեկտրաէներգիայի արտադրության) ոչ միայն աճ չի արձանագրվել, այլեւ շուրջ 1 տոկոսով անկում է նկատվել:

Տնտեսական աճը 2007 թ.-ի հունվարին կազմել է 11,9 տոկոս: Համեմատության համար հիշեցնենք, որ 2006 թ.-ի հունվարին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել էր 7 տոկոսով: Արդյունաբերության ցուցանիշն առանց էլեկտրաէներգիայի արտադրության, ինչպես արդեն նշեցինք, անկում է ունեցել, բայց փոխարենը առանց ադամանդի արտադրության, այն նշանակալի աճ է արձանագրելՙ 7,7 տոկոսով: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան շարունակվում է եւ այն կախվածությունը, որ մի քանի տարի առաջ կար միայն մեկ (ադամանդագործության) ճյուղիցՙ նվազում է: Աճել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրությունը (4,9 տոկոս), որ թերեւս պայմանավորված է սեզոնայինՙ ձմեռվա գործոնով:

Անցյալ տարվա ՀՆԱ աճի մեջ ամենաէական դեր ունեցող շինարարության աճի ցուցանիշը նվազել է, կազմելով 2,4 տոկոս: Դա նույնպես պայմանավորված է սեզոնային գործոնով եւ առաջիկա ամիսներին ակնկալվում է, որ շինարարության ծավալները դարձյալ կտրուկ կաճեն: Սպասարկման (ծառայությունների) ոլորտում հունվարին արձանագրվել է 8,9 տոկոս աճ, մանրածախ առեւտրի ոլորտումՙ 8,2 տոկոս: Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշները փաստում են, որ 3,5 տոկոսով գյուղատնտեսությունն է աճ ապրել:

Կտրուկ ավելացել են արտաքին ապրանքաշրջանառության ծավալները: Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ, արտաքին առեւտրի ծավալներն աճել են 57,4 տոկոսով եւ գերազանցել 260 մլն դոլարը: Արտահանումը կազմել է 59,5 մլն դոլար, ներմուծումըՙ 200,8 մլն դոլար: Արտահանումը նույնպես նշանակալի աճ է ունեցելՙ 24 տոկոս, իսկ առանց ադամանդիՙ 38 տոկոս: Ներմուծման աճն էլ ավելի մեծ է եղելՙ 71 տոկոսով, իսկ առանց ադամանդիՙ 85 տոկոսով:

Հունվար ամսին միջին ամսական աշխատավարձը կազմել է 69 հազար դրամ: Ընդ որում, բյուջետային աշխատողների աշխատավարձը կազմել է 50 հազար դրամ, ոչ բյուջետայիններինըՙ 82 հազար դրամ: 2006 թ.-ի հունվարի համեմատ, այս տարվա հունվարին միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 28,8 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 363 դրամ: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա հունվարին փոխարժեքը 1 դոլարի նկատմամբ կազմում էր 451 դրամ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4