Ադամ Խուդոյանի ծննդյան 85 ամյակի առիթով
XX դարասկզբին եւ կեսերին հայ արվեստը տաղանդավոր անունների պակաս չէր զգում, ինչպես գրականության, կերպարվեստի, նաեւ երաժշտության մեջ: Արամ Խաչատրյան, Էդվարդ Միրզոյան, Ղազարոս Սարյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Ադամ Խուդոյան: 2006 թ.-ը հոբելյանական տարի էր եւ հետաքրքրական էՙ 85 ամյակների: Նման հոբելյանները հարգանքի տուրք են նրանց ստեղծագործական վաստակի, եւ լավագույն առիթՙ երկերը հնչեցնելու, որովհետեւ տեւական դադարի պարագայում մոռացության են տրվում, մինչդեռ դրանք հայ երաժշտական մշակույթի պատմությունն ու հարստությունն են: Մեդեա Աբրահամյանը, որ Ադամ Խուդոյանի ստեղծագործությունների ոչ միայն կատարողն էր, այլեւ երբեմն նաեւ համահեղինակ, անցած տարի Էդվարդ Միրզոյանի 85 ամյակի հոբելյանական երեկոյին անհանգստություն է արտահայտում Խուդոյանի անտեսման առիթով, ինչը փոխանցվում է ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունուն, որի խանդավառ նախաձեռնությամբ երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգային կատարմամբ նշվեց կոմպոզիտորի ծննդյան տարեդարձը: Մինչ համերգային ներկայացումը փոխնախարար Կարինե Խոդիկյանն ընթերցեց մշակույթի նախարարի գնահատական-ուղերձը: Հնչեցին կոմպոզիտորի «Պատանեկան ալբոմ»-ըՙ դաշնամուրային կատարումըՙ Շահան Արծրունու, Սոնատ թավջութակի համարՙ Արամ Թալալյան, Սոնատ երկու թավջութակի համարՙ Արամ Թալալյան, Լեւոն Առաքելյան, Սոնատ ջութակի համարՙ Էդվարդ Թադեւոսյան եւ այլ ստեղծագործություններ:
Համերգային կատարումներն ընդհատվեցին ելույթներով. Շահան Արծրունին պատմեց կոմպոզիտորի հետ իր ծանոթության եւ հետագա բարեկամության մասին, Ալեքսանդր Հարությունյաննՙ իրենց երիտասարդության տարիների, Խուդոյանի մարդկային նկարագրիՙ իբրեւ նվիրյալ ընկերոջ ու զարմանալի սրտի տեր մարդու: Զարմանք արտահայտեց հնչած ստեղծագործություններում իր հայտնաբերած նոր ինտոնացիաների, դրանց արդիական արտահայտչամիջոցների մասին: Ադամ Խուդոյանի երաժշտարվեստն ավելի հանգամանորեն ներկայացրեց Արաքսի Սարյանը: Կոմպոզիտորի ստեղծագործությունները ճանաչելի դարձան 1963 թ.-ից, երբ նրա Թավջութակի սոնատը Պրահայի միջազգային մրցույթում լավագույններից մեկը համարվեց եւ սկսվեց իր երաժշտության տարածումը: Իբրեւ գործիքային մտածողության երաժիշտ, նրա ստեղծագործությունների մեծ մասը գրված է թավջութակի համար. «Վստահում էր թավջութակինՙ որպես մարդկային հոգու դրամատիկ ապրումների, խոհերի, զգացումների լավագույն արտահայտիչ»:
Արաքսի Սարյանն ունկնդիրներին փոխանցեց հիվանդանոցում գտնվող Էդվարդ Միրզոյանի խոսքըՙ տեղեկացնելով կոմպոզիտորի վերջերս հրատարակած «Ֆրագմենտներ» հուշագրության մեջ Ադամ Խուդոյանին նվիրված հատվածների մասին:
Մ. Բ.