Երեք տասնամյակ է արդեն գերմանացի նկարիչ, սյուրռեալիզմի հիմնադիրներից Մաքս Էռնստի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը շրջում է գրեթե ողջ աշխարհում: Հայաստանում Գերմանիայի դեսպանատան եւ մեր ազգային պատկերասրահի համագործակցությամբ այս ցուցահանդեսը հանգրվանեց նաեւ Երեւանում: Մեկամսյա տեւողությամբ հայ արվեստասերը հնարավորություն կունենա ծանոթանալու XX դարասկզբի եվրոպական կերպարվեստի ամենանշանավոր դեմքերից մեկին, որի ստեղծագործությունը, ինչպես Փարավոն Միրզոյանը նկատեց. «իմաստավոր եւ ուսումնասիրական է»: Հայաստանում Գերմանիայի դեսպանը գոհունակությամբ արտահայտվեց, որ Մաքս Էռնստի գրաֆիկական աշխատանքները ցուցադրվում են Հայաստանումՙ «նկարիչների եւ արվեստագետների հայրենիքում»: Մինչ ցուցահանդեսի դիտումը պատկերասրահի գիտական գծով տնօրենը ներկայացրեց Մաքս Էռնստի արվեստը, սյուրռեալիզմին բնորոշ առանձնահատկությունները, նաեւ ժամանակաշրջանն ու միջավայրը, որում գործել է գերմանացի նկարիչը:
Ազգային պատկերասրահի 3 սրահներում ներկայացված էին գերմանացի նկարչի գրաֆիկական աշխատանքները, որոնց մեծ մասը ժամանակի գրական-մտավորական մի շրջանակի գրքերի պատկերազարդումներն ենՙ Սամուել Բեքեթ («Անավարտ ստեղծագործություններից»), Հյոլդեռլին («Պոեմներ»), Լենա Լեկլերկ («Մերկ վարդը»), Լուիս Քերոլ («Հրեշի որսը. հոգեվարքի ութ ջղաձգումներից»), Բենջամին Պերե («Անվերնագիր»), Պոլ Էլյուար («Ներքին տեսողություն», «Մեռնել չմեռնելու համար»), Անդրե Բրետոն («Սյուրռեալիզմի մանիֆեստը»), նաեւ «Նկարված բառ», «Ինձնից հետո XX դարն է», «Խեցու ծաղիկներ», «Հարգանքի տուրք Ռեմբոյին» եւ բազմաթիվ այլ 100-ից ավելի պատկերազարդումներ եւ առանձին աշխատանքներ:
Գրաֆիկական արվեստի վիրտուոզ վարպետն իրականի եւ անիրականի սահմանինՙ երեւակայական աշխարհի բազմաձեւ ու բազմակերպար ֆիգուրների ու գծապատկերների միջոցով ստեղծում է տեսողականին անսովոր ու պարզ ըմբռնումներից դուրս այնպիսի պատկերաշարեր, որոնք գեղեցկաբանությունից շատ հեռու են եւ զուտ մտածելու են մղում:
Նրա աշխարհայացքի, գեղարվեստական մտածողության ձեւավորման վրա մեծ ազդեցություն է թողել կյանքի փարիզյան շրջանը: Մինչ այդ հայրենիքում ուսումնասիրել է փիլիսոփայություն, արվեստի պատմություն, հետաքրքրվել հոգեթերապիայով, այցելել հոգեբուժարաններ: Այնուհետեւ նվիրվել է գեղանկարչությանըՙ տարվել Վան Գոգի, Գոգենի, Մոնեի, ավելի ուշ Մակկեի, Կանդինսկու, Դելոնի արվեստով: Ծանոթությունը Ապոլիների եւ ապա այցելությունը Փարիզ եւ մասնակցությունը «Գրոհ» հրատարակչության կազմակերպած առաջին բեռլինյան աշնանային սալոնին, նկարչի կյանքի փոփոխությունների սկիզբը եղան: 1916 թ.-ին նույն հրատարակչությունը կազմակերպում է Էռնստի եւ Գեորգ Մուքի ցուցահանդեսը. մի քանի տարի անցՙ երկրորդ եւ վերջին ցուցահանդեսը դադաիստ նկարիչներիՙ Արպի, Պիկաբիայի, Էռնստի, Տզարայի եւ ուրիշների բացվում է Քյոլնում, որը, սակայն, ոստիկանությունը փակում է եւ բռնագրավում կատալոգներն ու ցուցապաստառները: Անրի Բրետոնի հետ հանդիպումներից հետո, վերջինիս խորհրդով Փարիզում ցուցադրում է իր կոլաժային աշխատանքները: Դադաիստների շարժումը ճգնաժամ էր ապրում: Մ. Էռնստի հարաբերությունները ժամանակի խոշոր արվեստագետներիՙ Բրետոնի, Էլյուարի, Խոան Միրոյի, Ժյուլիեն Լեվիի, Ալբերտո Ջակոմետիի հետ նրան մոտեցնում են եվրոպական եւ ամերիկյան կերպարվեստում ձեւավորվող սյուրռեալիզմի ուղղությանը: Նա դառնում է դրա հիմնադիրներից մեկը:
Մաքս Էռնստի առաջին ցուցադրությունը Երեւանում արվեստագետների հետաքրքրությունը շարժող կարեւոր նորություն է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ