«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2007-02-21 | #33, 2007-02-22 | #34, 2007-02-23


ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՑԽԻՆՎԱԼԻ ՀԱՐՑԵՐԻ «ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԿԼԻՆԻ ԽԱՂԱՂ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ»

Վրաստանի ՆԳ նախարարը Կարս-Ախալքալաքը դիտարկում է որպես «փակուղային» Ախալքալաքի զարգացում

- Պարոն Մերաբիշվիլի, ինչպիսի՞ն է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների ներկա փուլի զարգացումը: Ի՞նչ հնարավոր լուծումներ կարելի է սպասել այս խնդիրների կապակցությամբ, հատկապես հաշվի առնելով, որ ԵԱՀԿ առաջարկությամբ քննարկվում է բանակցություններ սկսելու հարցը:

- Վերջին ժամանակներս մասնավորապես Ցխինվալի առնչությամբ իրավիճակում նկատվում է փոփոխություն: Եթե նախկինում ընդհանուր եզրեր դժվար էր ենթադրել, ապա այսօր ողջունելի է, որ օսերի մեջ կան մարդիկ, ովքեր բավականին ռացիոնալ ու գործնական են մոտենում իրավիճակին եւ ցանկանում են բանակցել: Ինչ վերաբերում է Աբխազիային, ապա այստեղ իրավիճակը քիչ այլ է, չնայած աբխազական հակամարտության առումով եւս փոփոխություններ կան, որոնք դեռ ընթացքի մեջ են: Վրաստանը վերահսկում է Վերին Աբխազիան` Կոդորի կիրճը, որտեղ արդեն իսկ բավականին մեծ առաջընթաց է գրանցվել: Զարգացնելով Վերին Աբխազիան, մենք ցույց կտանք, որ Վրաստանում զարգացում է ապահովվում: Ինչ վերաբերում է այս հակամարտությունների լուծմանը, ապա դրանք անպայման կլինեն մոտ ժամանակներում, ավելի շուտ խաղաղ կարգավորմամբ, խաղաղ միջոցներով:

- Ի՞նչ կասեք Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծի իրագործման առնչությամբ: Արդյոք միանշանակ կարելի՞ է հավաստել, որ սա մեծապես շահավետ տնտեսական նախագիծ է Վրաստանի համար:

- Այս նախագիծը իսկապես կզարգացնի Վրաստանի այնպիսի մի տարածաշրջան, ինչպիսին Ախալքալաքն է: Նախագծի իրականացումը հնարավորություն կտա այս շրջանը տարանցիկ ճանապարհի միջոցով զարգացնելու, ապահովելու ենթակառուցվածքների զարգացումը, բնակիչները կապահովվեն աշխատանքով: Այս ամենը հնարավորություն կտա տարածաշրջանում որոշակի զարգացում ապահովելու, աշխատատեղեր, ներդրումներ անելու:

Բնականաբար, ամեն մի տնտեսական նախագիծ նաեւ քաղաքական տարրեր ունի, սակայն Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագծով Վրաստանը հնարավորություն է ստանում զարգացնելու փակուղային վիճակում գտնվող Ախալքալաքի շրջանը: Սա երկրի համար դրական է, եւ պետք չէ համարել Հայաստանը շրջանցելու մոտեցում: Վրացական պետությունը պետք է հոգ տանի իր փակուղային տարածաշրջանի զարգացման մասին եւ այս նախագիծն իսկապես մեծ դեր կունենա այդ հարցում:

Հիմա ողջ Վրաստանում ամեն ինչ փոփոխվում է, զարգանում: Եթե վերցնենք հենց Հայաստանից էլեկտրաէներգիա ներմուծելու հանգամանքը, ապա այսօր Վրաստանը էներգիա ներմուծողից վերածվել է արտահանողի:

- Ինչպիսի՞ վիճակում են ռուս-վրացական հարաբերությունները: Կարելի՞ է արդյոք ասել, թե Վրաստանում Ռուսաստանի դեսպանի վերադարձով արդեն սկսվել է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, չնայած ուրանի պատմությանը:

- Վերջին մեկ ամսում փոփոխություններ իսկապես եղել են, եւ հարաբերությունները նորմալացման ուղղությամբ են գնում: Քննարկվում է վիզային կարգի տրամադրման վերականգնման հարցը: Ինչ վերաբերում է ուրանի պատմությանը, ապա վրացական կողմն իր քննությունն անցկացրել է, իր անելիքն ավարտել: Ռուսաստանը եւ ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է պարզեն, թե ինչպես է միջուկային վառելիքը հայտնվում մարդկանց ձեռքին, որ կարող է օգտագործվել ահաբեկչական գործողություններում:

- Մի որոշ ժամանակ առաջ երկրի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խոստացավ, որ բանակի համար մթերք կգնվի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանից: Արդյոք այդ գնումները կատարվե՞լ են կամ դեռ կատարվո՞ւմ են:

- Բանակի կարիքների համար կարտոֆիլի գնումներ իսկապես կատարվել են, սակայն այդուհետեւ գները բարձրացել: Որպես ախալցխացի ես գիտեմ, որ ներկայումս հատկապես մսամթերքն ու անասունները, մասնավորապես հորթերն ու խոզերը Ախալքալաքում բավականին թանկացել են: Արդեն տեղաբնակներին ավելի ձեռնտու է դրանք վաճառել շուկայական գներով շուկաներում: Ընդ որում, գրեթե բոլորը պնդում են, որ Ախալքալաքում անասնապահության մսատուների տեսակները բավականին լավն են եւ ուրիշ շատ տարածաշրջաններից գնում են Ախալքալաք ձեռք բերելու հենց այդ տեսակները:

Չնայած այս ամենին, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանը մնում է չզարգացած: Ընդհանուր առմամբ, իմ տարածաշրջանը բարձրլեռնային է, եղանակային պայմանները բավականին խիստ են: Տարածաշրջանը չի կարողանում զարգանալ նաեւ այն պատճառով, որ մարդկանց եկամտի մեծ, զգալի մասը գնում է ջեռուցման ծախսերի տեսքով:

- Ինչպե՞ս կարող եք որակել իրավիճակն ու մոտեցումը հայերին, հատկապես որ ինքներդ Սամցխե-Ջավախեթիից եք:

- Ես ընդհանրապես չէի տարբերակի, թե ինչ ազգության են Վրաստանի քաղաքացիները: Իմ հարեւանների գրեթե 90 տոկոսը հայեր են եղել, իսկ իմ դասարանում 25 աշակերտից 10 հայ էր: Ես չեմ զգացել տարբերություն մեր միջեւ եւ մինչեւ օրս էլ չեմ վերաբերվում հայերին որպես ինչ-որ բանով տարբեր քաղաքացիների: Ի դեպ, ժամանակին լավ հայերեն գիտեի, հիմա զգալի մոռացել եմ:

- Ձեր ղեկավարած նախարարությունը բավականին հագեցած կայքէջ ունի: Այն բավականին տեղեկատվական է, տեսանյութերով: Դա հատկապես հետաքրքրական է, քանի որ ձեր պաշտոնում համատեղվում է նաեւ ազգային անվտանգության գերատեսչությունը:

- Մեր նախարարությունը միատեղում է ներքին գործերի գերատեսչությունը եւ ազգային անվտանգությունը, քանի որ, նախարար լինելուց ի վեր, ես գտնում եմ, որ այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Վրաստանն է, առանձին գերատեսչություններ ունենալու կարիք բնավ չկա: Ես ուրախ եմ, որ ներքին գործերի նախարար եմ այն ժամանակ, երբ այս գերատեսչությունը Վրաստանի ամենաոչկոռումպացված նախարարությունն է: Եթե առաջ ամենակոռումպացվածն էր համարվում, ապա այսօր ՆԳ նախարարությունը դարձել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդանիշ:

Լավ արդյունք ունենք հենց ոստիկանական պարեկային ծառայության մակարդակում: Մեր ոստիկանները ազնիվ, օբյեկտիվ, արդար մարդկանց խորհրդանիշ են, որոնք շատ քաղաքավարի եւ բարեկիրթ են վերաբերվում քաղաքացիներին, օգնում են մարդկանց եւ պայքարում քրեական տարրերի դեմ, որն էլ ամենագլխավորն է: Անգամ Հայաստանի քաղաքացիները վերջին երկու տարում Աջարիայի ճանապարհին նկատած կլինեն, որ գործնականում մեր ոստիկանները նրանցից կաշառք չեն վերցնում: Ես շատ ուրախ եմ, որ գրեթե նմանօրինակ վիճակ է ներքին գործերի նախարարության մյուս հատվածներում: Կոռուպցիան հատկապես ծանր են ընկալում Վրաստանի ազգությամբ ոչ վրացի քաղաքացիները: Կաշառք վերցնում էին ավելի շատ ոչ վրացիներից: Անգամ ոստիկանն իր շրջանում ավելի քիչ կաշառք էր վերցնում, քան ուրիշ շրջաններում: Այսօր իրավիճակը փոխվել է ու դեռ կբարելավվի:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4