«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2007-02-21 | #33, 2007-02-22 | #34, 2007-02-23


ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԻ ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Ջավախահայերը լրջորեն մտածում են ինքնավարության մասին

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ախալքալաք

Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը պետք է համաձայնեցվի տեղի բնակչության, նաեւ հասարակական, քաղաքական կազմակերպությունների հետ: Ավելին, պետք է Ախալքալաքի շրջանի ներկայացուցչական օրգանից (ժողովից) պահանջել, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Եվրոմիության, ՄԱԿ-ի առաջ բարձրացվի Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը կանգնեցնելու հարցը` հետագա անցանկալի զարգացումները կանխելու նպատակով:

«Ջավախքի մարտահրավերները գլոբալացվող աշխարհում» թեման քննարկման առարկա էր Մտավորականների միության հինգերորդ համաժողովում, որ տեղի ունեցավ երեկ Ախալքալաքում` Թբիլիսիի, Երեւանի, Վրաստանի այլ տարածաշրջանների հայկական համայնքների, ոչ կառավարական կազմակերպությունների բավականին ներկայացուցչական կազմի մասնակցությամբ: Հիշատակված տողերն էլ մեջբերում են համաժողովի ընդունած բանաձեւից, որ պարունակում է մտահոգություն արտահայտող դրույթներ նաեւ Վրաստանի հայաբնակ շրջանների բնապահպանական, հայերեն լեզվի, նոր կառուցվելիք երկաթգծի եւ այլ կենսական նշանակություն ունեցող խնդիրների առնչությամբ:

Ինչպես համաժողովում ընդհանուր պատկերը ներկայացնելիս նշեց Ջավախքի մտավորականների միության նախագահ Ազատ Շիպակցյանը, միությունն իր խնդիրն է համարում տարածաշրջանում քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ զարգացման գործընթացին նպաստելը: Ամեն դեպքում, ջավախահայությունն իրեն նոր մարտահրավերների առաջ է զգում հենց Կարս-Ախալքալաք նախագծի կապակցությամբ: Ուստիեւ համաժողովի ընդունած բանաձեւում մասնակիցները առաջարկում են քննարկել Կարս-Ախալքալաքի շինարարության հարցը` Վրաստանի կառավարությանը խնդրելով հետաձգել այս տարվա կեսերին շինարարական աշխատանքները սկսելու պարտավորության կատարումը: Ընդ որում, նման խնդրանքի իրագործումը պետք է զուգակցվի Ջավախքի հայերին վրացական իշխանությունների տված խոստումների կատարմամբ:

Համաժողովը եւս մեկ անգամ հիշեցնում է նախկինում ընդունած սեփական որոշումների մասին, որոնք իշխանությունների կողմից մնացել են անարձագանք:

Մասնավորապես խոսքը Ջավախքի քաղաքական կարգավիճակի բարձրացման, հայերենին պետական կամ տարածքային լեզվի կարգավիճակ տալու մասին է: Բացի այդ, տարածաշրջանի հայ բնակչությունը ցանկանում է մասնակցություն ունենալ Վրաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի աշխատանքներին:

Հետաքրքրական է, որ համաժողովի բանաձեւը Ջավախքը բնութագրում է նախ որպես տնտեսապես հետամնաց տարածաշրջան, որտեղ բնական ռեսուրսների` բազալտի, պեմզայի, մարմարի, կրաքարի պաշարների հանդեպ անտարբերություն է: Տարածաշրջանը չունի նաեւ արդյունաբերություն, քանի որ գյուղատնտեսական այս շրջանում գյուղմթերքների վերամշակման որեւէ կոոպերատիվ ընկերություն գոյություն չունի: Ժողովրդագրական խնդիրների առկայությունը եւս ակնհայտ է, ինչը հատկապես վերաբերում է վրացիների վերաբնակեցմանը, միգրացիայի անընդհատ աճին, ցածր ծնելիությանն ու բարձր մահացությանը: Իսկ որ մարդու իրավունքներն ու ազատությունները էկզոտիկ «հաճույք» են Ջավախքի համար, կարիք չունի ապացույցների:

Ինչեւէ, այսուհետեւ համաժողովի բանաձեւում տարածաշրջանի հայ բնակչությունը խնդրում է Հայաստանի իշխանություններին Ջավախքում ներդրումների հատուկ ծրագրով հանդես գալ: Ջավախքի հայերը չեն ցանկանում հայալեզու դպրոցներում օտարազգի կամ ոչ մասնագետ անձանց նշանակումը տնօրենների պաշտոնում: Եվ ի վերջո, հարցերի լուծման ամենահավանական ճանապարհ է դիտարկվում ինքնավարության կարգավիճակի տրամադրումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4