Այս տարի միջազգային վարկանիշներ կստանան առնվազն եւս երեք հայկական բանկեր
Միջազգային վարկանիշային «Մուդիս» (Moody`s Investors Service) ընկերության կողմից վարկանիշ ստացած առաջին հայկական բանկը դարձավ «Հայէկոնոմբանկը»: Մասնավորապես, աշխարհի շուրջ 1000 բանկերին վարկանիշավորած ընկերությունը, հայկական բանկին շնորհել է կայուն հեռանկար (Stable Outlook) ֆինանսական կայունության E+ եւ երկարաժամկետ ՀՀ դրամով ու արտարժույթով ավանդների B1 վարկանիշները: Այդ կապակցությամբ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ բանկի գործադիր տնօրեն Դավիթ Մուրադյանը տեղեկացրեց, որ «Մուդիսի» ներկայացուցիչներն անցյալ տարվա նոյեմբերին ուսումնասիրություններ են իրականացրել բանկում եւ, վերլուծելով վերջին երեք տարիների գործունեության արդյունքները, շնորհել են նման բարձր վարկանիշներ:
«Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենը նշեց, որ այս վարկանիշները հնարավորություն կտան միջազգային ֆինանսական շուկաներից ստանալ ցածր տոկոսներով եւ երկարաժամկետ վարկեր, իսկ ապագայում հնարավոր կլինի նաեւ բանկի բաժնետոմսերը վաճառել Լոնդոնի միջազգային բորսայում: Դա, ըստ նրա, հնարավոր կլինի 1-1,5 տարի հետո, որոշակի ընթացակարգեր անցնելուց հետո:
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկաներին հիշեցրեց, որ անցյալ տարի այս եւ միջազգային մյուսՙ «Ֆիտչ» ընկերությունը վարկանիշներ շնորհեցին Հայաստանին, որի արդյունքում մեր երկիրը հայտնվեց աշխարհի ֆինանսական քարտեզի վրա: Դա էլ իր հերթին հնարավորություն տվեց հայկական բանկերին նույնպես դիմել այդ ընկերություններին վարկանիշներ ստանալու համար: «Հայէկոնոմբանկին» տրված վարկանիշն, ըստ ԿԲ նախագահի, նշանակում է, որ այս բանկը նույնպես հայտնվում է միջազգային ֆինանսական քարտեզի վրաՙ բոլորի համար հասկանալի հնարավորություններով եւ ռիսկերով: Դա նշանակում է, որ բոլոր հնարավոր ներդրողների ու հաճախորդների համար ավելի քիչ ծախսատար կլինի բանկի հետ շփումներ ունենալը:
Տիգրան Սարգսյանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բարձր վարկանիշը «Հայէկոնոմբանկը» ստացել է դրամով վարկերի գերակշիռ լինելու համար, դա կարեւոր ազդակ համարեցՙ ուղղված մյուս հայկական բանկերին, որպեսզի նրանք նույնպես ավելացնեն դրամային վարկերի տեսակարար կշիռը: Բացի այդ, այս վարկանիշը կնպաստի «Հայէկոնոմբանկի» եւ մյուս հայկական բանկերի արտադրողականության բարձրացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, մրցակցության խորացմանը նրանց միջեւ: Վարկանիշի ստացումը եւ բանկի հայտնվելը միջազգային ֆինանսական շուկայում բարձրացնում է նրա գինը, ընդլայնում շուկան եւ ավելացնում հաճախորդների թիվը: Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ այս տարի առնվազն երեք հայկական բանկեր կստանան միջազգային վարկանիշներ:
«Բանկ օֆ Ավստրիա կրեդիտ անշտալդ» բանկի տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Գոլեցը վարկանիշի ստացումը համարեց «Հայէկոնոմբանկի» երկրորդ ծնունդ, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հայաստանում ներկայացուցիչ Կարեն Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ բանկն ավելի կայուն կդառնա, իսկ գերմանական KfW-ի Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանն էլ ընդգծեց «Հայէկոնոմբանկի» «տեսանելի եւ հասկանալի գործընկեր լինելը»:
Ինչո՞ւ բանկն ավելի բարձր վարկանիշ չստացավ: Այս հարցին պատասխանելով, Դավիթ Սուքիասյանը նշեց, քանի որ սա առաջին վարկանիշավորումն էր, «Մուդիսն» ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերեց: Բանկը նաեւ խնդիր ուներ գործառնական ծախսերի հետ: Այն նախատեսվում է լուծել ծախսերի նկատմամբ եկամուտների առաջընթացի ավելացմամբ: Նա ընդգծեց, որ բանկի տրված վարկերից ընդհանուր առմամբ գերակշռում են հայկական դրամով տրվածները, իսկ սպառողական վարկերը անցյալ տարվա սեպտեմբերից տրվում են միայն դրամով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ