Իսպանիայի Ջակա քաղաքում երեկ վերջնագիծը հատեց Եվրոպայի ձմեռային մարզական օլիմպիական փառատոնը: Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվության պատասխանատու Նաթելա Հովասափյանից, գեղասահքի մրցումներում Արմինե Ստամբոլցյանը 29 մասնակիցների մեջ զբաղեցրել է 22-րդ տեղը: Բավական լավ է հանդես եկել տղամարդկանց մենասահքի մասնակից Հովհաննես Մկրտչյանը, որը 20 գեղասահորդներից մրցավեճում ցույց է տվել 9-րդ արդյունքը:
10 կմ դահուկավազքի մրցումներում Արգամ Գրիգորյանը 97 մասնակիցների մեջ զբաղեցրել է 60-րդ տեղը, իսկ Համլետ Զիրոյանը վերջնագիծը հատել է 72-րդը: Կանանց 7,5 կմ դահուկավազքում Քրիստինե Խաչատրյանը 82 մասնակիցների մեջ գրավել է 43-րդ տեղը:
Հատուկ ոլորավայրէջքում հայ լեռնադահուկորդներ Յուրի Մանուկյանն ու Միշա Ղազարյանը 105 մասնակիցների մեջ գրավել են համապատասխանաբար 54 եւ 56-րդ տեղերը: Իհարկե, մեր մարզիկների արդյունքները համեստ են, սակայն հարկ է հաշվի առնել, որ երիտասարդներն առաջին անգամ էին մասնակցում միջազգային նման խոշոր մրցումներին, ուստի նրանց ելույթները պետք է բավարար համարել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ