Ստվերը 2006 թ.-ին ոչ թե նվազել է, այլ ավելացել
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Մեր հիշողության մեջ թարմ է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունվարյան հանդիպումը հարկային եւ մաքսային կառույցների ղեկավարների հետ, նրանց ամանորյա տոներից աշխատանքի բերելու «գործընթացը»: Այն ուղեկցվում էր «լավ աշխատելու», «ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքարելու» նախագահական պահանջներովՙ նմանվելով ծույլ աշակերտների «ականջ քաշելուն»: Ավանդական դարձած այդ հանդիպման պաշտոնական հաղորդագրությանը ծանոթանալիս յուրաքանչյուր անգամ ծագում է նույն հարցըՙ մի՞թե նախագահը նոր իմացավ մեր տնտեսության ստվերայնացման ահռելի աստիճանի մասին: Նույն հարցադրումն առաջացավ նաեւ այս անգամ: Իհարկե, նախագահը տեղյակ էր հարկային եկամուտների այն ցուցանիշներին, որոնք արձանագրվել էին 2006 թ.-ին եւ որոնք հասարակության լայն շերտերն իմացան ավելի ուշ, երբ հրապարակվեց ազգային վիճակագրական ծառայության զեկույցը 2006 թ.-ի սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերաբերյալ:
ՀՆԱ-հարկեր ցուցանիշըՙ 13,5 տոկոս
Իսկ ցուցանիշները, չնայած անընդհատ հնչող հայտարարություններին հարկային եւ մաքսային մուտքերի ավելացման մասին, ուղղակի հիասթափեցնում են: Դրանցից գլխավորն այն է, որ 2006 թ.-ին չնայած նախորդ տարվա համեմատ հարկային մուտքերն ավելացել են մոտ 55 մլրդ դրամով կամ 18 տոկոսով, ստվերային տնտեսության ծավալներն, ըստ էության, չեն նվազել: Ավելին, դրանք ավելացել են: Այսինքն, հարկային մուտքերի ավելացումը տեղի է ունեցել ոչ թե ստվերային տնտեսության կրճատման, այլ տնտեսական աճի շնորհիվ: Այդ մասին է վկայում 2006 թ.-ին արձանագրված համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկերի ցուցանիշը, որը բնութագրում է ստվերային տնտեսության աստիճանը: Անցյալ տարի ՀՆԱ-հարկեր ցուցանիշը կազմել է 13,5 տոկոս: Ինչը ոչ միայն չի գերազանցում 2005 թ.-ի նույն ցուցանիշը (13,6 տոկոս), այլեւ ընդհակառակը 0,1 տոկոսով զիջում է դրան: Պետք է ընդգծել, որ դա պարզապես խայտառակ ցուցանիշ է:
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը մշտապես շեշտում էին հենց ՀՆԱ-հարկեր հարաբերակցության ցածր ցուցանիշը եւ Հայաստանի իշխանություններից ակնկալում քաղաքական կամքՙ հարկահավաքման ցուցանիշը բարձրացնելու համար: Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, որ այս տարի այդ ցուցանիշը կկազմի մոտ 15 տոկոս, իսկ 2007 թ.-ի համար ծրագրվում է հասցնել 15,7 տոկոսի: Մասնավորապես այդ մասին կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր պետական բյուջեի նախագիծը կազմող գլխավոր պատասխանատունՙ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Սակայն ինչպես տեսանք, ասելն այլ բան է, գործնականում դա կատարելըՙ այլ:
Սա հերթական դրսեւորումն է այն բանի, որ չնայած հարկային եւ մաքսային կառույցների ղեկավարներին ուղղված բարոյախրատական բնույթի սպառնալիք- պահանջներին, երկրի նախագահի կողմից դեռեւս քաղաքական կամք չի դրսեւորվում ստվերային տնտեսության դեմ իրական պայքար տանելու համար: Տեղյակ լինելով անցյալ տարի արձանագրված հետընթացի մասին, նախագահը մի կողմից պահանջում է հարկային եւ մաքսային կառույցների ղեկավարներին աշխատել եւ համեմատվել Արեւելյան Եվրոպայի երկրների հետ, մյուս կողմից գործուն քայլեր չի ձեռնարկում արտոնյալ օլիգարխներին եւ ամբողջական ոլորտներին հարկման դաշտ բերելու ուղղությամբ:
Որտեղից ստանալ հավելյալ հարկային մուտքեր ցանկության դեպքում
Անդրադառնանք կոնկրետ օրինակներին: Նախՙ ոլորտների մասին: Հայաստանում բուռն թափով իրականացվող շինարարությունը հարկման դաշտ բերելու ուղղությամբ նոր է միայն օրենսդրական առաջարկ ներկայացվում: Անցյալ տարի իրականացված շինարարության ծավալները գերազանցել են 600 մլրդ դրամը, իսկ շահագործման հանձնած բնակմակերեսըՙ 365 հզ. քմ: Իսկ թե որքա՞ն գումար է մուտք գործել պետական բյուջե այստեղից, ներկայիս օրենսդրական բացի պատճառով անհնար է իմանալ: Սակայն հաստատապես կարելի է փաստել, որ նույն այդ պատճառով էլ շինարարությունից եւ բնակարանների վաճառքից գանձվող հարկերը չնչին են:
Հաջորդը տոնավաճառներն են: Այստեղ իրականացվում է մեր մանրածախ առեւտրի ավելի քան մեկ երրորդը (ըստ պաշտոնական վիճակագրության): Ոլորտը գրեթե ամբողջությամբ գործում է հարկման դաշտից դուրս, վճարելով, կարելի է ասել, սիմվոլիկ հաստատագրված վճար: Այն հարկման դաշտ բերելու բոլոր ջանքերը, անգամ օրենքները մնում են թղթի վրա: Դրանք ժամանակին բախվում էին «Օրինաց երկրի» եւ նրա ղեկավարի պոպուլիզմին, իսկ հիմաՙ նախընտրական տրամաբանությանը:
Հանրային սննդի ոլորտում (ռեստորաններ, սրճարաններ, գիշերային ակումբներ) նույնպես հաստատագրված վճար է գործում, որը գանձվում է ըստ զբաղեցրած տարածքի: Գաղտնիք չէ, որ ե՛ւ տոնավաճառների, ե՛ւ ռեստորանների ու սրճարանների սեփականատերերը անհամեմատ փոքր են ցույց տալիս իրենց կողմից վարձակալության տրված կամ շահագործվող տարածքները: Իհարկե, դա չտեսնելն էլ համապատասխան «գին» ունի, որն ուղղվում է ոչ թե պետական բյուջե, այլ հարկային աշխատակցի (շարքային եւ բարձրաստիճան) գրպանը:
Բերենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հետեւյալ ցուցանիշը: Տոնավաճառներում իրականացվել է 273 մլրդ դրամի ապրանքաշրջանառություն, իսկ ռեստորաններում մատուցվել են 20 մլրդ դրամի ծառայություններ: Եվ ի՞նչ եք կարծում, տարեկան վճարված հաստատագրված վճարը որքա՞ն է կազմել: Ընդամենը 15 մլրդ դրամ կամ այդ ոլորտների շրջանառության միայն 5 տոկոսը: Ակնհայտ է, որ եթե այս ոլորտները գործեն թեկուզ այն հարկային դաշտում, որով հարկվում են մյուսները, ապա այդ 15 մլրդ դրամը առնվազն կրկնապատկելու իրական հնարավորություններ կան:
Մաքսային ոլորտից: Հայաստանում գործող բջջային կապի երկու օպերատորները, նրանց իսկ հայտարարած տվյալներով, միասին ունեն ավելի քան 1 մլն բաժանորդ: Այսինքն, առնվազն 1 մլն հեռախոս է վերջին երկու տարում բերվել Հայաստան: Դեռ մեկ տարի առաջ մաքսային պետական կոմիտեին մեր ուղղած հարցադրումը Հայաստան ներմուծված բջջային հեռախոսների քանակի վերաբերյալ այդպես էլ մնաց անպատասխան: Սակայն այս խնդրի առնչությամբ մեր հարցումից որոշ ժամանակ անց, նախագահական աշխատակազմի եւ «Հայկական ժամանակի» միջեւ առաջացած լեզվակռվից հետո պարզվեց, որ պաշտոնապես ներմուծվածների թիվը չի գերազանցում մի քանի հազարը: Հարց է առաջանում, թե 1 մլն բաժանորդները բոլորն իրենց հեռախոսները նվեր ստացան արտերկրի իրենց հարազատների՞ց, այն դեպքում, երբ ամեն քայլափոխին բջջային հեռախոսների խանութներ բացվեցին:
300 խոշոր հարկատուների ցանկը լիարժեք պատկերացում է տալիս, թե որ խոշոր գործարարը որքան հարկեր է վճարում: Բնական է, որ հարկային պետական ծառայությունը տիրապետում է ավելի լիարժեք տեղեկատվության այդ մասին եւ ցանկության կամ բարձրագույն իշխանության թույլտվությունն ունենալու դեպքում կարող է հարկել չնչին հարկեր վճարող, բայց խոշոր գործարարներ կամ օլիգարխներ համարվողներին: Ասվածը փաստենք օրինակներով, դարձյալ վկայակոչելով առաջին 300 հարկատուների ցանկը:
Ինչպես է պատահում, որ որոշ խոշոր գործարարներ, օրինակՙ Բարսեղ Բեգլարյանը, Հրանտ Վարդանյանը կամ Խաչատուր Սուքիասյանը տարեկան վճարում են 9-10 մլրդ դրամի հարկ, իսկ, ասենք, Սամվել Ալեքսանյանը այդ գումարից կրկնակի քիչՙ մոտ 5 մլրդ դրամ, չնայած ունեցած բիզնեսների քանակով, շրջանառությամբ էապես գերազանցում է վերոնշյալներին, չհաշված մենաշնորհներ ունենալը: Միխայիլ Բաղդասարովի վճարած հարկերը 2,5 մլրդ դրամ են կազմում: Իսկ ամենախոշոր օլիգարխը համարվող Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների վճարած հարկերի հավաքական գումարը ընդամենը 1 մլրդ դրամից փոքր-ինչ ավելի է կազմում: Միայն վերջին երեքին քիչ թե շատ լիարժեք հարկման դաշտ բերելու դեպքում պետբյուջեն հավելյալ 15-20 մլրդ դրամ կստանա:
Հայտնի՞ են այս մարդկանց եւ ոլորտների անուններն ու տեղերը Հայաստանի նախագահին եւ հարկային ու մաքսային կառույցների ղեկավարներին: Իհարկե: Ինչո՞ւ են նրանք գտնվում կամ ինչո՞ւ պետք է գտնվեն արտոնյալ հարկային պայմաններում: Այս հարցի պատասխանները վերջին մի քանի տարիներին պետության ղեկավարներից եւ ոլորտի պատասխանատուներից չենք ստանում:
Այս տարի ստվերային տնտեսության նվազմանն ուղղված եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համատեղ մշակած օրենսդրական փոփոխությունների համալիր փաթեթը կնպաստի՞ ստվերային տնտեսության նվազմանը: Այդ մասին կիմանանք տարեվերջին: Հուսանք, որ այս անգամ եւս չենք ունենա ստվերային տնտեսության ցուցիչ 13,5 տոկոս կազմող նույն «կոտրած տաշտակը», ինչ ունեցանք 2006 թ.-ի տարեվերջին: