Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբիշները կմասնակցեն մարտի 1-ին Տաշքենդում մեկնարկող միջազգային խոշոր մրցաշարին: Մեր հավաքականները պատվիրակության ղեկավար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Վարդանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն այսօր: Տաշքենդյան մրցաշարը մեր ըմբիշների համար ուժերի լավ ստուգատես կլինի ապրիլին Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:
Տաշքենդի մրցաշարում մեր հավաքականների կազմում հանդես կգան ուժեղագույն ըմբիշները: Հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, որին օգնում են Սամվել Գեւորգյանն ու Էդուարդ Սահակյանը, թիմ է հրավիրել Ռոման Ամոյանին (55 կգ), Աշոտ Խաչատրյանին (55 կգ), Խոսրով Մելիքյանին (60 կգ), Արման Ադիկյանին (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանին (74 կգ), Տիգրան Սահակյանին (84 կգ), Դենիս Ֆորովին (84 կգ), Արման Գեղամյանին (96 կգ) եւ Յուրի Պատրիկեեւին (120 կգ):
Ազատ ոճի ըմբիշների մրցավեճում հաղթողի կոչումը կվիճարկեն Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Արտյոմ Նալբանդյանը (60 կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ), Ռուսլան Կոկաեւը (74 կգ), Վադիմ Լալիեւը (84 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ), Շամիլ Գիտինովը (96 կգ) եւ Ռուսլան Բասիեւը (120 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Հրանտ Ենոքյանը, որին օգնում է Արայիկ Բաղդատյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ