Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական գործիչների մի մասի` հիմնականում ընդդիմադիր գործիչների կարծիքով, տարածաշրջանի երկրներին այսօր ավելի շատ սպառնում են ներքին, քան արտաքին վտանգները: Հարցված մյուս գործիչների կարծիքով հարավկովկասյան երկրներին սպառնացող գլխավոր վտանգներն արտաքին քաղաքական բնույթի են: Քաղաքական բոլոր գործիչները միակարծիք են եղել մի հարցում, որ իրենց երկրների անվտանգության գլխավոր սպառնալիքը բխում է ազգամիջյան չկարգավորված հակամարտություններից: Ըստ որոշ գնահատականների էլ` չլուծված հակամարտությունները ներքաղաքական սպառնալիքների աղբյուր են, իսկ մի այլ դեպքում էլ` հակամարտությունների չկարգավորված լինելուց եկող սպառնալիքներն իրենց երկրի սահմաններից դուրս է:
Անցած տարվա նոյեմբեր ամսից Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոնը Հայաստանում Եվրոպայի հանձնաժողովի պատվիրակության աջակցությամբ իրականացրել է «Եվրաինտեգրման երեք փորձ. Հարավային Կովկասի երկրների եվրաինտեգրում եւ անվտանգություն, եվրոպական արժեքներ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հարցումներ են արվել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի քաղաքական կուսակցությունների հինգական ղեկավարների` պարզելու եվրոինտեգրման եւ դրա հետ կապված անվտանգության խնդիրների մասին վերջիններիս տեսակետները: Նրանք բոլորը պատասխանել են միեւնույն հարցերին, բայց յուրաքանչյուրն իր անվտանգության եւ եվրոինտեգրման կտրվածքով: Երեկ եռալեզու գրքի շնորհանդեսին «Ռեգիոն» կենտրոնի ներկայացուցիչ Լաուրա Բաղդասարյանը ներկայացրեց Հարավային Կովկասի երեք երկրների վիճակը եվրոինտեգրման ճանապարհին եւ հիշյալ երկրների անվտանգության խնդիրները:
Լաուրա Բաղդասարյանի խոսքով, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կուսակցական գործիչների կարծիքների հիմնական տարբերությունը դրսեւորվում է արեւմտամետության կամ ռուսամետության մեջ: Նրանցից ոչ ոք չի ժխտել եվրոինտեգրման կարեւորությունը, բայց որոշներն էլ եվրոինտեգրմանը զուգահեռ կողմնակից են նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանմանը` այն դիտելով որպես փոխլրացնող հարաբերություն: «Որոշներն ասում են` միանշանակ դեպի ՆԱՏՕ, մյուսներն ասում են մենք փոխլրացնող ենք, եվրոինտեգրումը մեզ չի խանգարում, բայց մենք Ռուսաստանի հետ ենք: Վրաստանում չես գտնի որեւէ մեկին, ով դեմ կգնա եվրոինտեգրմանը, որովհետեւ իրենք էլ իրենց խնդիրներն են լուծում: Նրանք եվրոինտեգրում ասելով հասկանում են ՆԱՏՕ-ին անդամակցում` միմիայն Ռուսաստանից պոկվելու համար: Կարծիքները միայն տեմպերի մեջ են տարբերվում: Վրաստանում ոմանք էլ ասում են, եթե ՆԱՏՕ-ն չի օգնելու վերադարձնել Աբխազիան, եվրոինտեգրումը ինչի է պետք», ներկայացրեց Լաուրա Բաղդասարյանը: Նրա պատկերացմամբ եվրոինտեգրման ճանապարհին Ադրբեջանն ունի այլ դրդապատճառներ. առաջինը` ղարաբաղյան կոնֆլիկտը եվրոպական ատյաններում ավելի լավ հնչեցնելու, այլ ոչ թե Ղարաբաղում իր անվտանգությունն ամրապնդելու համար, երկրորդըՙ Ադրբեջանն ի վերջո եվրոպական խաղացող է դարձել իր նավթաածխաջրածնային պաշարների շնորհիվ, որովհետեւ շատ երկրներ մեծ ներդրումներ ունեն Ադրբեջանում, եւ եվրոպական արժեքներին դեմ գնալը իր շահերից չի բխում. «Նրանք էլ թեեւ չեն արտահայտվում, բայց ստիպված են փոխլրացման քաղաքականություն վարել` քանի դեռ կա ԼՂՀ խնդիրը»: «Ռեգիոն» կենտրոնի ներկայացուցիչը վստահ է, որ եվրոինտեգրման արժեքներին ձգտելու մրցակցություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. «Եթե եվրոպական ամբիոններում Ղարաբաղի հարց պետք է բարձրացնի Ադրբեջանը, ապա Հայաստանն էլ այնտեղ պետք է լինի` իր խոսքն ասելու համար»:
«Հարավկովկասյան երեք երկրներից ո՞վ է իրեն ավելի անվտանգ զգում» «Ազգի» հարցին Լ. Բաղդասարյանը պատասխանեց, որ Ադրբեջանի մի քանի քաղաքական գործիչները եւ թղթակիցներ միանշանակ ասում են, որ անվտանգության իմաստով ամենալավ վիճակում Հայաստանն է, քանի որ Հայաստանը միատարր պետություն է, եւ նա ներքին սպառնալիքներ չունի, այսինքնՙ ազգային հողի վրա խնդիրներ չկան եւ իրենց հարցերը կարող են ներսում լուծել: Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանն ավելի անվտանգ է նաեւ այն պատճառով, ընդգրկված չէ կոմունիկացիաների մեջ. «Երբ վերանան Ադրբեջանի նավթային պաշարներն, ինքն այլեւս կկորցնի իր հետաքրքրությունը»: «Հայաստանի վարչապետը հիմնականում խոսում է արտաքին վտանգների մասին, եւ ներքին վտանգներն ինքը դիտարկում է հնարավոր: Վազգեն Մանուկյանը համարում է, որ Հայաստանին հիմնականում արտաքին վտանգներ են սպառնում, որովհետեւ Հայաստանի ներքին սպառնալիքները մենք ինքներս կարողանում ենք լուծել: Գեղամ Մակուկյանը վստահ է, որ մեզ սպառնում են ներքաղաքական խնդիրները` սոցիալական բեւեռացվածություն, կոռուպցիա, բայց այնուամենայնիվ սպառնում են արտաքին սպառնալիքներ», ասաց նա: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նա գտնում է, որ երբեք այդքան անվտանգ չի եղել:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ