ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Իբրեւ ցեղասպանություն տարած ժողովրդի զավակներՙ խորհուրդ կտայինք Ադրբեջանի խորհրդարանին, որպեսզի ցեղասպանության բարդույթով չծանրաբեռնեն իրենց ժողովրդին, դա ծանր ժառանգություն է: Իսկ եթե պետական մակարդակով փորձ է արվում կրկին հայատյացություն սերմանել, ապա դա ավելի վատ կանդրադառնա հենց ադրբեջանական ժողովրդի համար: Այս միտքն է արտահայտել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Այսօր հակամարտության գոտում առկա իրողությունները ադրբեջանական ագրեսիայի արդյունք են: Դա նաեւ պատասխանն է Ադրբեջանի որդեգրած այն մոտեցման, թե հողը արյամբ են նվաճում», ավելացրել է նա:
Ազգային Ժողովում ընդգրկված քաղաքական ուժերը միակարծիք են ԼՂՀ-ի համար կարեւոր նշանակություն ունեցող բոլոր հարցերում, որի մի արտահայտությունը անցյալ տարվա գարնանը ղարաբաղյան կարգավորման թեմատիկայով կազմակերպված խորհրդարանական լսումների արդյունքում համատեղ ընդունված փաստաթուղթն էր: Այս անգամ ԱԺ քաղաքական ուժերի միակամությունն արտահայտվել է սումգայիթյան ոճրագործությունը դատապարտող հայտարարությամբ: Հայտարարության մեջ գնահատական է տրված նաեւ Խոջալուիՙ 15-ամյա վաղեմություն ունեցող դեպքերին, որոնց առնչությամբ ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է իրականությանը հակասող տեղեկություններ տարածելՙ ապակողմնորոշելով միջազգային հանրությանը:
Նույն ասուլիսում ԱԺ «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանն իր հերթին հայտարարել է. « Մեր նպատակն է այս օրն ամեն տարի նշել ոչ միայն որպես սումգայիթյան զոհերի օր, այլ այն վերածել Ադրբեջանի հակահայ քաղաքականության դեմ հայ ժողովրդի բողոքի օրվա»: Նրա կարծիքով Սումգայիթում տեղի ունեցածը անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության օրգանական շարունակությունն էր: Փոխվել է հասարակական կարգը, բայց միջոցներն ու ձեւերը մնացել են նույնը: 1905 թվականին ցարական զորքերը Բաքվում հապաղեցին կանխարգելել արյունահեղությունը: Դարավերջին թե՛ Սումգայիթում եւ թե՛ Բաքվում նույնն արեցին խորհրդային զորքերը, նշել է խորհրդարանականը:
Համաձայնելով գործընկերների տեսակետին, ԱԺ «Հայրենիք» պատգամավորական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը հավելեց, որ սխալ է Սումգայիթը եւ Խոջալուն նույն հարթության մեջ դիտարկելը, քանզի առաջինի դեպքում տեղի է ունեցել հայազգի խաղաղ բնակչության ջարդ ու բռնատեղահանում, իսկ Խոջալուն Ադրբեջանի իշխանությունների կողմից ներքաղաքական պայքարի թատերաբեմ դարձնելու արդյունք էր, որի հետեւանքով տուժել են իրենց հայրենակիցները:
Ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելը չպիտի լինի միայն խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերի խնդիրը, դրանում պետք է շահագրգռված լինեն նաեւ արտախորհրդարանական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները: Այս համոզմունքը եւս արտահայտելով, ասուլիսի կազմակերպիչները կոչ արեցին ԼՂՀ հասարակական-քաղաքական ուժերին համակարգված քարոզչական աշխատանք տանել ադրբեջանական խեղաթյուրումներին դիմագրավելու ուղղությամբ: