Ընթացիկ մրցաշրջանում հայ բռնցքամարտիկներին լուրջ փորձություն է սպասում: Սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությունում խաղարկվելու են 2008 թ. Պեկինում կայանալիք ամառային օլիմպիադայի ուղեգրերը, որոնց նվաճումը մեր բռնցքամարտիկների գլխավոր խնդիրն է: Այդ խնդրի հաջող լուծման համար այս օրերին բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հերթական ուսումնամարզական հավաքն է անցկացնում Արարատի «Այգ» մարզաբազայում: Այստեղ էլ, հերթական մարզումից հետո կայացավ մեր հարցազրույցը հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ:
- Պարոն Մեհրաբյան, ընթացիկ մրցաշրջանը շատ պատասխանատու է մեր բռնցքամարտիկների համար: Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստությունն առաջիկա մրցումներին:
- Իրոք որ մեզ լուրջ փորձություն է սպասում: Առաջիկայում կայանալիք միջազգային մրցաշարերի նախապատրաստությունն սկսել ենք Ծաղկաձորում, որտեղ 12-օրյա ուսումնամարզական հավաք ենք անցկացրել: Փետրվարի 14-ից մարզումները շարունակում ենք «Այգ» մարզաբազայում, որտեղ հիանալի պայմաններ են ստեղծված: Մենք բազմիցս ենք այս մարզաբազայում նախապատրաստվել միջազգային մրցաշարերին եւ այս անգամ էլ ավանդույթը չենք խախտել: Հավաքին մասնակցում են 20 բռնցքամարտիկներ, որոնք ջանասիրաբար են մարզվում: Նրանցից 7-ը հավաքականի կազմում փետրվարի 28-ին կմեկնեն Իրանՙ մասնակցելու միջազգային խոշոր մրցաշարի: Մարտի 8-ին կվերադառնանք Երեւան եւ կնախապատրաստվենք Ֆրանսիայի հավաքականի հետ մարտի 23-ին նախատեսված մրցամարտին: Ֆրանսիա կմեկնենք մարտի 19-ին: Մենամարտերը կայանալու են քաշային 10 կարգերում, ընդ որում մինչեւ 57 եւ մինչեւ 69 կգ քաշային կարգերում ընդգրկված կլինեն 2-ական բռնցքամարտիկներ:
Ֆրանսիայից հետո հայ բռնցքամարտիկները կմասնակցեն եւս երեք միջազգային մրցաշարի: Մայիսին, հունիսին եւ հուլիսին Հայաստանի հավաքականը կմասնակցի Ուկրաինայում, Լեհաստանում եւ Չեխիայում կայանալիք մրցաշարերին: Դրանք մեր բռնցքամարտիկների համար ուժերի լավ ստուգատես կհանդիսանան սեպտեմբերի 15-30-ը Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Այն տարվա գլխավոր իրադարձությունն է: Քաշային յուրաքանչյուր կարգում 1-8-րդ տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկներն օլիմպիական ուղեգրեր կնվաճեն:
- Դա, ինչ խոսք, մարզիչների համար լրացուցիչ դժվարություն ու պատասխանատվություն է ստեղծում բռնցքամարտիկների ընտրության հարցում: Յուրաքանչյուր երկրից քանի՞ բռնցքամարտիկ կարող է մասնակցել աշխարհի առաջնությանը:
- Յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու ընդամենը մեկ բռնցքամարտիկի: Կարծում եմ, որ յուրաքանչյուր քաշային կարգում օլիմպիական ուղեգրերի համար մրցավեճի կբռնվեն մոտ 50 բռնցքամարտիկներ: Իսկ դա նշանակում է, որ լավագույն ությակում տեղ զբաղեցնելու համար հարկ կլինի առնվազն երեք մենամարտ շահել: Այնպես որ շատ դժվար է լինելու բռնցքամարտիկների համար: Ընդ որում, բռնցքամարտիկն ուղեգիրը նվաճելու է անձամբ իր համար եւ նույնիսկ վնասվածքի դեպքում նրա փոխարեն մեկ ուրիշը չի կարող մասնակցել օլիմպիադային: Այնպես որ հարկ է մարզիկների ճիշտ ընտրություն կատարել:
Մենք պատրաստվում ենք քաշային 10 կարգերում մարզիկներ հայտավորել աշխարհի առաջնությունում: Ներկայացված չենք լինի միայն ծանր քաշում: Այստեղ հույս ունեի, որ մեր փորձառու բռնցքամարտիկ, 2002 թ. Եվրոպայի առաջնության մրցանակակիր Մարատ Թովմասյանը կշարունակեր մարզվել, սակայն այդ հարցը դեռեւս անորոշ է: Իսկ ահա մինչեւ 51, 57, 60, 69, 81 կգ քաշային կարգերում մրցակցությունը սուր է եւ Մոսկվա մեկնելուն հավակնում են երկուական բռնցքամարտիկներ:
- Ելնելով թիմի հնարավորություններից, քանի՞ ուղեգիր կարելի է ակնկալել մեր հավաքականից:
- Իհարկե, որքան շատ, այնքան լավ: Որովհետեւ շատի դեպքում օլիմպիադայում մրցանակակիր դառնալու հավանականությունն ավելի մեծ է: Իմ կարծիքով, կարելի է 4-6 ուղեգիր ակնկալել: Մնում է, որ վիճակահանությունը մի փոքր բարեհաճ գտնվի մեր բռնցքամարտիկների հանդեպ:
- Փաստորեն, առաջին պլան է մղվելու ությակում տեղ զբաղեցնելն ու օլիմպիական ուղեգրեր նվաճելը:
- Այո: Առաջնահերթ խնդիրը լինելու է ուղեգիր նվաճելը, որից հետո արդեն կարելի է մտածել մեդալների մասին:
- Անցած տարի Չինաստանում կայացած աշխարհի առաջնությունում մեր բռնցքամարտիկները միայն մեկ բրոնզե մեդալ նվաճեցին:
- Արտակ Մալումյանը դարձավ բրոնզե մրցանակակիր, իսկ երկուսն էլ զբաղեցրին 5-րդ տեղը: Եթե անցյալ տարի ուղեգրեր խաղարկվեին, ապա արդեն 3 ուղեգիր կունենայինք: Նախկինում աշխարհի առաջնությանը կարող էին մասնակցել Եվրոպայի առաջնությունում 1-8-րդ տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկները, սակայն այժմ կարգը փոխվել է:
- Բացի աշխարհի առաջնությունից, այլ մրցաշարերում օլիմպիական ուղեգրեր չե՞ն խաղարկվելու:
- Աշխարհի առաջնությունից հետո թերեւս վարկանիշային 2 մրցաշար անցկացվի, որոնցում քաշային յուրաքանչյուր կարգում 1-2-րդ տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկներն ուղեգիր կնվաճեն: Սակայն դեռեւս հստակ որոշված չէ:
- Այսօր ովքե՞ր են հավաքականի առաջատար բռնցքամարտիկները:
- Կնշեի 48 կգ քաշային կարգում Հովհաննես Դանիելյանին, որը Եվրոպայի վերջին առաջնությունում դարձավ մրցանակակիր: Իրենց լավագույն կողմերով են դրսեւորում Եվրոպայի փոխչեմպիոն Հրաչիկ Ջավախյանը, աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Սամվել Մաթեւոսյանը: Մեծ հույսեր եմ կապում Գաբրիել Տոլմաջյանի հետ, որը մրցավարների սխալի պատճառով Եվրոպայի առաջնությունում մրցանակակիր չդարձավ, մինչդեռ նվազագույնը պիտի մտներ եզրափակիչ:
Մեծ ներուժ ունի նաեւ մինչեւ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: Եվրոպայի առաջնությունում վրացու հետ մենամարտում նա վնասվածք ստացավ, այլապես հարյուր տոկոսով մրցանակակիր կդառնար: Նա արդեն ապաքինվել է եւ, հույս ունեմ, որ լավ մարզավիճակում կլինի:
Այսօր բավականին լուրջ ու նպատակային աշխատանք է կատարում Արտակ Մալումյանը: Աշխարհի առաջնությունից հետո նա զգալիորեն իջեցրել էր իր ցուցանիշները, որի պատճառով մի քանի մրցաշարերի չմասնակցեց, Եվրոպայի առաջնությունում էլ զիջեց մրցակցին: Ուրախալի է, որ Արտակը կրկին լավ մարզավիճակ է ձեռք բերում:
- Կարելի՞ է փաստել, որ հայաստանցի բռնցքամարտիկներն այնքան ուժեղ են, որ հավաքականում լեգեոնականների ընդգրկման կարիք չի զգացվում, ինչպես դա արվում է ըմբշամարտում:
- Ինձ թվում է, որ մենք ոչ մեկից թույլ չենք: Ես միշտ էլ դեմ եմ եղել դրսից բռնցքամարտիկներ հրավիրելուն, քանի որ նրանք լիովին չեն կարող նվիրվել եւ մեզ համար անհրաժեշտ արդյունք ապահովել: Բացի այդ էլ, ոչ մի երկիր իր լավագույն մարզիկներին չի տրամադրի այլ երկրի: Իհարկե, արտերկրում կան նաեւ հայ բռնցքամարտիկներ, սակայն մեր տեղացի բռնցքամարտիկներից ուժեղ չեն: Ռուսաստանում ներկայումս հայազգի Դավիթ Հայրապետյանն էր, որին կցանկանայի հրավիրել հավաքական: Նա Ադրբեջանից է գաղթել, մարզվել է Արարատում, հետո տեղափոխվել է Պյատիգորսկ: Հիմա նա 48 կգ քաշային կարգում Ռուսաստանում առաջինն է, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն է կրում եւ, իհարկե, այլեւս հնարավոր չէ նրան հրավիրել: Եվրոպայի առաջնությունում նա հաղթեց Հովհաննես Դանիելյանին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ