Ոճրագործության խոսուն փաստերի դիմաց ի՞նչ պիտի անի ադրբեջանական քարոզչությունը
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ադրբեջանի Ապշերոնյան թերակղզու հյուսիսային մասում գտնվող Սումգայիթ քաղաքում ուղիղ 19 տարի առաջ ադրբեջանցիները իրականացրին հայերի նոր ջարդեր: Փետրվարյան ջարդերից 19 տարի անց, ի հիշատակ սումգայիթյան զոհերի, երեկ Հայ հեղափոխական դաշնակցությունը երթ էր կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
Մինչ երթի մասնակիցները բարձրանում էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, «Ուրբաթ» ակումբում սումգայիթյան դաժան դեպքերի պատմությունն ու գնահատականն էր ներկայացնում հրապարակախոս, Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Հրայր Ուլուբաբյանը: «Սումգայիթը պարզապես թուրքական հայակործան ծրագրի շարունակությունն էր` «Հայաստանն առանց հայերի» ծրագրի, որն իրականացվում էր ոչ միայն արեւելքում, այլեւ արեւմուտքում», ասում է Հրայր Ուլուբաբյանը` սումգայիթյան դեպքերը դիտելով որպես մի օղակ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունների:
Փետրվարի 26-29 Սումգայիթի հայ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած սահմռկեցուցիչ սպանությունների ու ջարդերի մասին հրապարակախոսը պատմում է. «Դրանից 3-4 օր առաջ (նկատի ունի մինչեւ փետրվարի 26-ը` բուն ջարդերի սկիզբը-Գ. Գ.) ցույցեր են եղել Ադրբեջանի եւ Սումգայիթի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ եւ կոչեր` հայերին ջարդելու, սպանելու, հրդեհելու վերաբերյալ, եւ դրանից հետո ավազակախմբերից յուրաքանչյուրը մտել է Սումգայիթի մի միկրոշրջան եւ ջարդել հայերին` առանց խտրականության: Նույնիսկ ասում են, թե երեխաներ չեն տուժել, բայց բացահայտ սուտ են պաշտոնական այդ հայտարարությունները: Մենք բազմաթիվ տվյալներ ունենք, որ երեխաների են այրել, ծննդատան պատուհանից դուրս նետել, դիահերձարանում են երեխաներ տեսել»:
«Փետրվարի 28-ին, ժամը 6-ի կողմերը հարձակվեցին մեր շենքի վրա: Հետո հայտնաբերեցինք, որ իրենց մոտ ցուցակներ կային, թե որտեղ են հայեր բնակվում, ինչ են անում, հեռախոսներն էին անջատել: «Պիտի դուրս գաք, գնաք Ղարաբաղ, Ղարաբաղ եք ուզում, այստեղ մի մնացեք», ասացին մեզ ու սկսեցին դուռը կացիններով ջարդել եւ ներս մտնել: Գորբաչովը սուտ է ասում, որ զորքը 3 ժամ է ուշացել, զորքը 3 օր է ուշացել», հիշում է սումգայիթյան ջարդերի ականատես Ռոման Ղամբարյանը:
Պաշտոնական տվյալների համաձայն, սումգայիթյան ջարդերին զոհ է գնացել 26 մարդ, սակայն Հրայր Ուլուբաբյանը դա ակնհայտ սուտ է համարում` բերելով մահվան վկայականների վրա հիմնված հաշվարկային ապացույցներ, որոնց համաձայն այդ օրերին 100-ից ավելի մարդիկ են մահացել: «Ինչպե՞ս կարող է 3-4 օր մարդկանց այդպես կոտորեն, վառեն` օգնություն ցուցաբերելու հրաման չունեցող զինվորների ներկայությամբ, եւ ընդամենը 26 հայ մահացած լինի», ընդգծում է Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավարը:
Մարդկային զոհերի թվաբանության մասին Ռոման Ղամբարյանն էլ այլ մտահոգություններ ունի. «Զոհերի քանակը մեծ է եղել: Պատկերացրեք, Սումգայիթում 20 հազար հայ է ապրել, որից 4 հազարը եկել է Հայաստան, 4 հազարը` Ստավրոպոլ, Կրասնոդար, իսկ մնացածները չկան: 200-ից ավելի զոհեր են եղել»:
Հրայր Ուլուբաբյանը վստահ է, որ պետք է մեր իշխանություններն ամեն ինչ անեն, որպեսզի Սումգայիթի դեպքերը միջազգայնորեն ճանաչվեն եւ ցեղասպանություն որակվեն: «Քանի որ Սումգայիթի ոճրագործությանը հանցակից էր նաեւ Ռուսաստանը, Գորբաչովը անընդհատ շրջանցում էր այդ հարցը` խուսափելով քաղաքական գնահատականներ տալուց: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ համաձայնել էր չբարձրացնել այդ հարցը, իսկ թե ներկա իշխանությունները ինչու չեն ցանկանում այդ դեպքերը ցեղասպանություն որակելու որոշում ընդունել, ինձ համար անհասկանալի է», զայրանում է Հ. Ուլուբաբյանը` միաժամանակ մատնանշելով, թե ադրբեջանցիները որքան ջանքեր են թափում, որքան գումարներ են ծախսում Խոջալուի մասին կեղծիքներ տարածելու համար: Նա վստահ է, որ ոճրագործության միջազգայնացման հարցով պետք է միջազգային կազմակերպություններին դիմել նախագահի մակարդակով: Նախաձեռնող խմբի ղեկավարը միեւնույն ժամանակ նշում է, որ իր հրապարակային դիմումներն այդ հարցով լռության են մատնվում:
Սումգայիթը իրականացվել է հիմնականում Ղարաբաղի հարցը կասեցնելու համար: Հրայր Ուլուբաբյանը համոզված է, որ ներկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար այդ ցեղասպանության փաստերը մեծ զենք կարող են լինել մեր իշխանությունների, մեր երկրի համար: «Շատ կարեւոր է , որ մեր Ազգային ժողովը ճանաչի Ադրբեջանի տարածքում կատարված այդ ցեղասպանությունը եւ Ադրբեջանի հետ բանակցություններն ընդհանրապես վերացնի, ընդհանրապես չճանաչի Ադրբեջանի անկախությունը, ինչպես նրանք չեն ճանաչում Արցախի անկախությունը: Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն միայն միջազգային դատարանում, եւ Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը կլինի միայն որպես հանցագործի», համոզված է Հրայր Ուլուբաբյանը: