«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2007-02-27 | #37, 2007-02-28 | #38, 2007-03-01


ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԺՆԵՎՈՒՄ

Ժնեւի «Զվիցերահայ միությունը» տեղեկացնում է, որ մարտի 1-ին քաղաքի Հայկական կենտրոնում կազմակերպվելու է Արցախում հայերի ավելի քան երկհազարամյա ներկայությանը նվիրված գիտաժողով, ինչպես նաեւ «Արցախի Տիգրանակերտի հնագիտական պեղումներ» ցուցահանդեսը:

Գիտաժողովում հանդես կգան Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախագահ Սեւակ Արծրունին, Արցախի Տիգրանակերտի պեղումների ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը, Լեչչեի համալսարանի (Իտալիա) պրոֆեսոր, Հին Հայաստանի մասնագետ Գուիստո Տրայնան, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ճարտարագետ, դոկտոր Գուրգեն Դավթյանը:

Վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը միջազգային կազմակերպություններում ծավալել է ժխտողական քարոզչություն, ըստ որի արցախահայերը լոկ հայացված ադրբեջանցիներ են, Արցախը հնում հայկական չի եղել եւ այլն:

2006 թ. մայիսին «Երկիր» միությունը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ սկսեց մ.թ.ա. 1-ին դարում Արցախում (ներկայիս Աղդամի շրջանում) Տիգրան Մեծի հիմնած Տիգրանակերտ քաղաքի որոնումները: Հնագետների, պատմաբանների, տեղագիրների եւ միջազգային փորձագետների խումբը 2006 թ. օգոստոսի 10-ին Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ հայտնաբերեց քաղաքի միջնաբերդի ավերակները:

«Շվեյցարիայի «Արմինիա» եւ «Տիրան եւ Շառլ Փիլիպոսյաններ» հիմնադրամների աջակցությամբ կատարված պեղումների նյութերն ապացուցում են, որ հայերն այդ շրջանում ներկա են առնվազն մ.թ.ա. 1-ին դարից», ընդգծվում է «Զվիցերահայ միության» հաղորդագրության մեջ:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4