«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2007-02-27 | #37, 2007-02-28 | #38, 2007-03-01


ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ «ԿԱՏՈՒՆԵՐԻ» ԱՌԱՋԻՆ CD-Ն

Ջազ-կատարող Վահագն Հայրապետյանը եւ «Կատուներ» խումբը լույս ընծայեցին առաջին ալբոմը` «Նորեւանը»` բաղկացած խմբի անդամների յոթ ստեղծագործություններից: Երգերի գործիքավորումը կատարել է Վահագն Հայրապետյանը: Խմբի հետ համագործակցել են Արտո Թունջբոյաջյանը եւ Վարդան Առաքելյանը` հատուկ հրավերով: CD-ի պրոդյուսերը Արմեն Դարբինյանն է, ձայնագրությունը կատարվել է «Արձագանք» ստուդիայում:

«Սա ջազ չէ եւ ամեն դեպքում հայկական ջազ չէ: Եվ ճիշտ կլինի` ոչ մի անուն էլ չտանք: Կարծում ենք` սա մեր կյանքն է, մեր երեկն, այսօրն ու վաղը: Ամեն երգ յուրօրինակ է, ամեն անգամ գրված նվագախմբի տարբեր անդամների կողմից: Մենք բոլորս տարբեր ուղիներ ենք անցել, եւ ամենքս ունենք մեր առանձնահատուկ փորձը, որը հնչում է մեր երաժշտության մեջ»: Ալբոմի երգերը իրենց առանձահատկությամբ եւ յուրահատուկ պատմությամբ տարբերվում ու հետաքրքրական խրոնիկա են ներկայացնում: Ինչպես` «Բարի վերադարձը»` նվիրված «Ավանգարդ ֆոլկին» հիմնադրին` Արտո Թունջբոյաջյանին: «Նորեւանը» նվիրված է Երեւանին` իբրեւ սիրելի բնակավայր` կարոտ մեր խնամքոտ վերաբերմունքին: «Հեռախոսազանգից հետո»` զանգ, որ կարող է շրջադարձային լինել կյանքում եւ այդպես շարունակ` կյանք, ապրում, սեր, վերաբերմունք:

Վահագն Հայրապետյանն իր «Կատուներ» խումբը հիմնադրել է 2004-ին: Խմբի անդամները մասնակցում են նաեւ «Armenian Navy Band» նվագախմբին: Խումբը մասնակցել է երեւանյան` 2005 եւ 2006-ին կազմակերպված ջազի օրերին, նաեւ «Երեւան-2006» 2-րդ միջազգային ջազ փառատոնին եւ «Ավանգարդ ֆոլկ» երաժշտության առաջին եւ երկրորդ միջազգային փառատոներին, հանդես է եկել համերգներով Թբիլիսիում, Մոսկվայում: Մարտի 1-5-ը խումբը «Ավանգարդ ֆոլկ» ակումբում կունենա համերգներ` նորընծա ալբոմի երգերի կատարմամբ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4